Հրանտ Դինք. լրագրող, մարդու իրավունքների ակտիվիստ
«Ես մարտահրավեր եմ նետում պատմության ընդունված տարբերակին, քանի որ սեւ ու սպիտակ չեմ գրում։ Մարդիկ այստեղ սովոր են սեւ ու սպիտակին, դրա համար էլ ապշում են, երբ այլ երանգներ են հայտնաբերում»
Ով է նա
Հրանտ Դինքը հիմնադրել է Թուրքիայի «Ակոս» թերթն ու երկար տարներ եղել դրա խմբագիրը։ Կրթությամբ կենդանաբան՝ նա դարձել է անկախ լրագրող եւ հաճախ լրջորեն ընդլայնել Թուրքիայում ընդունելի համարվողի սահմանները։ Մի երկրում, որտեղ տաբուները հաճախ չեն խախտում, նա ինքնարտահայտման ասպարեզում ցուցաբերել է անօրինակ խիզախություն՝ մի գիծ, որը նրա վրա լուրջ ուշադրություն է բեւեռել։
Որպես հումանիստ՝ նա փորձում էր ծառայել իբրեւ կամուրջ եւ հաշտարար օղակ դառնալ հայերի եւ թուրքերի միջեւ։ Հաճախ ստիպված է եղել մի կողմին բացատրելու մյուսի տեսանկյունը՝ մի խնդիր, որը նրա վրա երկկողմանի քննադատության ալիք է բերել։ Իր բացահայտումը հրապարակայնացնելուց ի վեր, ըստ որի՝ Սաբիհա Գյոքչենը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն (ինչպես նաեւ Աթաթուրքի՝ երկրի հիմնադրի որդեգիր դուստրը) եղել է հայ, Դինքը դարձել է Թուրքիայի ծայրահեղական խմբավորումների թիրախը։ Հալածանքների է ենթարկվել մամուլում եւ կանչվել դատարան «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով, որն ըստ թուրքական օրենսդրության՝ համարվում է անօրինական արարք։ Կարելի է պնդել, որ նրա մահը մեծ մասամբ պայմանավորված է եղել մամուլում իր կերպարի շարունակական սեւացմամբ։
Հրանտ Դինքն սպանվեց 2007թ. հունվարին իր գրասենյակի դռան առջեւ, ետեւից գլխին արձակված երեք կրակոցից։ Նրա սպանությունը միջազգայնորեն դատապարտվեց եւ առիթ դարձավ Թուրքիայով մեկ (հատկապես Ստամբուլում) հանրահավաքների ու բողոքի ցույցերի, որոնց ընթացքում մասնակիցները բռնել էին «Մենք բոլորս հայ ենք» եւ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» գրություններով պաստառներ։
Դինքի մահը Թուրքիայի նորագույն անցյալի շրջադարձային կետերից եղավ, ինչից հետո վերջապես հնարավոր դարձավ բացեիբաց քննարկել արգելված թեմաներ, այդ թվում՝ թուրքական հասարակության մեջ փոքրամասնությունների խաղացած դերի հարցը։ Նրա ողբերգական մահվան հետեւանքներից եղավ թուրք մտավորական շրջանակներում եւ առհասարակ թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանությանն առերեսվելու եւ այն քննարկելու ավելի մեծ պատրաստակամությունը։
Հետաքրքիր փաստ
Կյանքի վաղ տարիներին Դինքն իր անունը պաշտոնապես փոխել էր Ֆիրաթ Դինքի, որպեսզի խուսափի ազգային հիմքով խտրականությունից։
Ավելին