ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԵՐԻ ՄԵՋ Է
Նրա ամենավերջին բացահայտումը, որն արել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: «Ես այն հայտնաբերեցի «Հայաստան. մարդկության բնօրրան» խորագրի ներքո»,- պատմում է Լեւինսկին: «Ակնհայտորեն, սա ոչ թե տեսաշարի վերնագիրն էր, այլ ինչ-որ ուրիշ ֆիլմի, որն ավելի ուշ էր կցվել»: Բոլոնիայի տեսադարանը (Cineteca di Bologna) վերականգնել է 70 մետր երկարությամբ (կամ 4 րոպե տեւողությամբ) տեսաշարի որակը փառատոնում ցուցադրելու համար: «Նրանցից ոմանք կարող են հայ որբեր լինել, որոնք 1918-ին նավով դեպի Ստամբուլ են ուղեւորվում, մյուսներն, ըստ ամենայնի, «բնակչության փոխանակմանն» առերեսված հույներ են»,- պատմում է Լեւինսկին: Կադրերի հետին պլանում Ստամբուլի պալատական շինությունը ճանաչած փորձագետները հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո բրիտանական զորքերն օգտագործել են այդ շինությունը, մասնավորապես, հայ որբերին հավաքագրելու եւ տարհանելու նպատակով: Լեւինսկին շարունակում է. «Սա փախուստի, փախստականների, պատերազմի հետեւանքով բռնի տեղահանման վաղեմի մի պատկեր է»:
Լեւինսկու հայտնաբերած տեսաշարերի թվին է պատկանում նաեւ «Հնոցապանը Տրապիզոնում. 1915թ.», որը նա գտել է Gaumont Pathé ընկերության արխիվում, եւ 1918թ. մի ֆիլմ՝ Մուսա լեռան ջարդերը վերապրած փախստականների` Եգիպտոսի Պորտ Սաիդի ճամբարի մասին, որը նա գտել էր ֆրանսիական բանակի արխիվներում: Հենց Պորտ Սաիդում էր, որ, ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ, վերապրածների համար նախատեսված մի իսկական վրանային քաղաք ստեղծվեց, որտեղ նրանց ոչ միայն կերակուր ու հագուստ էին տրամադրում, այլեւ օգտակար արհեստներ էին սովորեցնում, որպեսզի կարողանան նոր կյանք սկսել Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում կամ Ամերիկայում: Փրկվածների ժառանգների եւ ցեղասպանության հարցն ուսումնասիրող գիտնականների համար այս տեսաշարերն անհավանական մի պատուհան են դեպի սարսափազդու, կորուսյալ աշխարհ: