Մարկ Գրիգորյան
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/05/2015 - 09:05
Armenian
Այս սյունակն ինձ համար մի հնարավորություն է բարձրաձայն մտածելու, ընթերցողների հետ խոսելու հայերի և թուրքերի մասին՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև այլ խնդիրների, որոնց մասին մենք կամ լռում ենք, կամ ցեղասպանության խնդրից նվազ կարևոր ենք համարում (ինչը ճիշտ է) և այդ պատճառով մեր ուշադրությանը ոչ արժանի։
Եվ իմ առաջին գրառումը նվիրվելու է Ստամբուլին՝ մի քաղաքի, որտեղ այսօր 80 հազարից ավելի հայ է ապրում, որտեղ 20-ից ավելի հայկական եկեղեցի է գործում, կան դպրոցներ, հրատարակվում են թերթեր. և այս ամենի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք։
Մոտ տաս տարի առաջ գերմանական մի հրատարակչություն ինձ խնդրեց էսսե գրել այն մասին, թե ինչ եմ մտածում և զգում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։
Պատմությունս սկսեցի Ստամբուլ առաջին այցիս նկարագրությամբ։ Սա պատմություն էր իմ թշնամանքի մասին, որ զգում էի այդ քաղաքում։ Ավելի ճիշտ՝ ես թշնամաբար էի տրամադրված այս քաղաքի հանդեպ։ Ընդհանուր առմամբ, Ստամբուլն անտարբեր էր երիտասարդ հայի նկատմամբ, որ թափառում էր քաղաքի հունվարյան ցեխոտ փողոցներով։
Ներքին օտարացման այս զգացումն այնքան մեծ էր, որ այդ անգամ Ստամբուլում անցկացրած ամբողջ ժամանակ ուժեղ փորացավ ունեի։ Դա տարօրինակ և անսովոր էր, քանի որ ցավերը դադարեցին հենց այն պահին, երբ նավը, որով ես ուղևորվում էի Օդեսա, հեռացավ ստամբուլյան նավամատույցից։
Այնպես ստացվեց, որ այս էսսեն գրելուց հետո բազմաթիվ այցեր եմ կատարել Ստամբուլ։ Հետզհետե սկսեցի հասկանալ այս քաղաքը։ Չեմ կարող ասել, որ սիրեցի այն, ըստ երևույթին, ինչ-որ խոչընդոտ իմ մեջ դեռ մնում է։ Բայց ես հասկանում եմ Ստամբուլը՝ այս հսկա մեգապոլիսը, որ իր շենքերը սփռել է երկու մայրցամաքի վրա։
Բուն քաղաքը ես հայերեն ձևով «Պոլիս» եմ կոչում, որն ուղղակի քաղաք է նշանակում, բայց նաև «Կոստանդնուպոլիսի» կրճատ տարբերակն է։ Վերջերս գիտակցեցի, որ ինչքան հաճախ եմ լինում այնտեղ, այդքան Ստամբուլն ինձ համար ավելի շատ է «Պոլիս»՝ հայերի քաղաք, դառնում։
Ես անգամ մի ակնարկ գրեցի, որն անվանեցի «Հայկական Ստամբուլ»։
Այս ակնարկը թարգմանվել է անգլերեն, և դրա վրա արված հղումները կարելի է գտնել տարբեր կայքերում, այդ թվում՝ թուրքական։ Այն հայտնվեց անգամ մի երևանյան թերթում, որն ակնարկը տպագրել էր առանց իմ թույլտվությունը հարցնելու։ Չեմ կարծում, որ կտայի համաձայնությունս, եթե անգամ հարցնեին, բայց սա արդեն այլ պատմություն է։
Ակնարկս մի փորձ էր՝ նկարագրելու այն անվիճելի հետքերը, որ այսօրվաՍտամբուլում մնացել են այնտեղ դարերով ապրած, այն կառուցած և քաղաքի՝ Պոլիսի, ներկայիս տեսքը ստեղծած հայերից։
Ստամբուլ ժամանելիս փորձում եմ անպայման հանդիպել հայ ընկերներիս, որոնց թիվը հետզհետե աճում է։ Վերջին տարիներին ընկերացա «Ժամանակ» օրաթերթի խմբագիր և ստամբուլյան լրագրության հիանալի դինաստիայի շարունակող Արա Քոչունյանի հետ։
Ինձ համար գրեթե պարտադիր է դարձել այցելությունն «Ագօս» թերթի գրասենյակ, որի հիմնադիր և առաջին խմբագիր Հրանտ Դինքին ես մի քիչ գիտեի։
Մի քանի տարի առաջ Ստամբուլի «իմ» քարտեզի վրա հայտնվեց «Արա-սրճարանը», որտեղ կարելի է հանդիպել ուրախ և բարձրախոս, միևնույն ժամանակ ծեր Արա Գյուլերին... Ւ դեպ, նրա հետ հարցազրույցից հետո, երբ վերադարձա Լոնդոն և հանդիպման մասին պատմեցի BBC-ի թուրքական ծառայության իմ գործընկերներին, նրանցից մեկը հոգոց հանեց և ասաց. «Ես նախանձում եմ քեզ։ Դու լեգենդի ես հանդիպել»։ Հարցազրույցը հետագայում տեղադրվել է ռուսական ծառայության, իսկ արտատպվել՝ թուրքական ծառայության կայքում։
«Արա-սրճարանը» գտնվում է Ստամբուլի եվրոպական մասի Բեյօղլու թաղամասի սրտում` երկու քայլ հեռավորության վրա հայտնի Իսթիքլյալ պողոտայից, մի փողոց, որը կարծես երբեք չի քնում:
Ստամբուլ ժամանելով` ինքն իրեն հարգող զբոսաշրջիկը պարտադիր պետք է զբոսնի Իսթիքլյալով, տեսնի հայտնի Չիչեք պասաժը` ծաղկի պասաժը, որն այդպես են կոչել, քանի որ բոլշևիկներից փախուստի դիմած ռուս ազնվականներն այստեղ ծաղիկ էին վաճառում, լուսանկարի հայտնի կարմիր տրամվայը…
Սակայն զբոսաշրջիկներից քչերը գիտեն, որ այս թաղամասը նախկինում Պերա է կոչվել, և սա հենց այն թաղամասն է, որը հիանալի նկարագրել է գրող, փաստաբան, Թուրքիայի խորհդարանի անդամ Գրիգոր Զոհրաբը, որին ձերբակալել են 1915թ-ի մայիսի 20-ին և սպանել աքսորի ճանապարհին: Եվ շատ քչերը գիտեն, որ Չիչեք պասաժից երկու քայլ հեռավորության վրա գտնվում են գործող հայկական եկեղեցի և փոքր հայկական դպրոց:
Ոչ շատ հեռու գտնվում է Շիշլի թաղամասը, որտեղ բազմաթիվ բնիկ ստամբուլցի հայեր են ապրում: Ես սիրում եմ զբոսնել Շիշլիի նրբանցքներով և հայտնաբերել հայերեն լեզվով գրություններ.փոքր ռեստորան ցուցափեղկին՝ «Hamov» (համով) վահանակ, դեղատուն, որի վրա գրված է «Tegaran» (դեղարան):
«Իմ» Ստամբուլում հատուկ տեղ է զբաղեցնում Գում Գափու փոքր թաղամասը
Այստեղ հայեր են ապրում, որ Հայաստանից են եկել փող վաստակելու: Հիմնականում նրանք անօրինական ներգաղթյալներ են: Կումկապին յուրատեսակ հայկական գետտո է Ստամբուլում, որտեղ փողոցում պարբերաբար հայերեն խոսք է լսվում և որտեղ աղքատներ են ապրում: Այս թաղամասը դեռ սպասում է իր Գրիգոր Զոհրաբին…
Գում Գափու կենտրոնում` եկեղեցու մոտակայքում, հին աղբյուր է` դեռ օսմանյան ժամանակներից: Աղբյուրը երևի թե 70 տարուց ավելի ջուր չի տեսել: Բայց դրա կողքին մի շինություն է, որի վրա հայերենով գրություն է. «Այս տունը կառուցել է ճարտարապետ Մուրադյանը»:
Մի քանի տարի առաջ միտք ծագեց` հայկական Ստամբուլի մասին ուղեցույց գրել: Կուզեի ցույց տալ այն տեղերը, որոնք կապված են հայերի հետ, այդ թվում` Օսմանյան բանկը, որը 1896թ.-ին Արմեն Գարոյի և Բաբկեն Սյունիի գլխավորությամբ գրավել էին մի խումբ հայեր, Դոլմաբախչե պալատը, որ կառուցվել է Բալյաններ ստամբուլյան ճարտարապետների հայտնի դինաստիայի ներկայացուցչի` ճարտարապետ Կարապետ Բալյանի նախագծով, և բազմաթիվ այլ շենքեր: Օրինակ` Սուրբ Սոֆիայի տաճարը (Hagia Sophia), որի գմբեթը 11-րդ դարում Տրդատ ճարտարապետն է կառուցել։
Ըստ երևույթին, ինձ վիճակված չէ այս նախագիծն ավարտի հասցնել: Դժվար թե կարողանամ կտրվել առօրյայից, որպեսզի այս նախագծին նվիրեմ Ստամբուլում ապրելու և ուսումնասիրություն կատարելու համար մեկ-երկու ամիս, իսկ դրանից հետո ևս մի քանի ամիս, որպեսզի ուղղակի նստեմ ու գիրք գրեմ...
Սակայն նման գիրքը շատ անհրաժեշտ է, և ոչ միայն հայերին: Այն հարկավոր է նաև թուրքերին, քանի որ ճշմարտությունը` պատմական ճշմարտությունը, բոլորիս է անհրաժեշտ:
Անկախ ազգությունից։
Մարկ Գրիգորյան
Մարկ Գրիգորյան. հայտնի լրագրող, վերլուծաբան, Հայաստանում Կովկասի ինստիտուտի համահիմնադիր, 16 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: Շուրջ տասը տարի աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկի ՝ BBC-ի ռուսաստանյան գործակալությունում աշխատելուց հետո, վերջերս է վերադարձել է հայրենիք: Այժմ համագործակցում է АТV հեռուստաընկերության հետ:
Weight:
10
Article items:
Image:
Display type:
Big
Subtitle:
Ստամբուլն ինձ համար ավելի շատ «Պոլիս» է՝ հայերի քաղաք