Համագործակցություն
Ռազմավարական գործընկերություն
100 LIVES նախաձեռնությունն ու մարդասիրական օգնության Not On Our Watch միջազգային հասարակական կազմակերպությունը (NOOW) սկսում են համագործակցել ռազմավարական գործընկերության ձևաչափով: Գործընկերության գլխավոր նպատակն է պայքարել ցեղասպանությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն ամբողջ աշխարհում:
Ըստ համաձայնագրի՝ երկու կազմակերպությունները կհամագործակցեն ու փոխադարձ աջակցություն կցուցաբերեն տարբեր նախագծերի, հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև կմշակեն ու կիրականացնեն համատեղ դրամահավաք ծրագրեր:
Առաջին նախագիծը, որը կմշակեն ու կիրականացնեն 100 LIVES-ն ու NOOW-ն, «Ավրորա» մրցանակն է: NOOW-ի անմիջական մասնակցությամբ առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016 թ. ապրիլին: NOOW-ի խորհրդի անդամ Ջոն Փրենդրգասթը նշանակվել է մրցանակաբաշխության ռազմավարության մշակման խորհրդատու, իսկ Ջորջ Քլունին՝ մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի համանախագահ: Մյուս համանախագահն է նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Not On Our Watch-ի հետ մեր համատեղ ռազմավարական գործընկերությունը կյանքի է կոչելու մեր ընդհանուր նպատակները: Նպատակներ, որոնք անմիջականորեն փոխկապակցված են իրար: «Ավրորա» մրցանակը լույս կսփռի բազմաթիվ անձնազոհ մարդկանց աշխատանքի վրա: Իսկ Not On Our Watch-ի հետ մեր գործընկերության շնորհիվ մենք կօգտագործենք «Ավրորա» մրցանակի ամբողջ ներուժը՝ այս նախաձեռնությունը դարձնելով առավելագույնս արդյունավետ», - ասաց Ռուբեն Վարդանյանը:
Not On Our Watch-ն ստեղծել են Դոն Չիդլը, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Բրեդ Փիթը, Դեվիդ Պրեսմենն ու Ջերի Ուայնթրաբը: Կազմակերպության խորհրդի կազմում է նաև Ազգային անվտանգության խորհրդի Աֆրիկայի հարցերով նախկին տնօրեն Ջոն Փրենդերգասթը:
NOOW-ի մասին
Not On Our Watch-ի առաքելությունն է համաշխարհային հանրության ուշադրությունն ու միջոցներն ուղղել աշխարհում զանգվածային բռնությունների դեմ պայքարին: Դերասանների, ակտիվիստների ու մշակույթի հայտնի գործիչների հզոր ներուժն օգտագործելով՝ Not On Our Watch-ը ստեղծում է կենսական նշանակության մարդասիրական օգնության միջոցներ, որոնք ծառայում են հասարակության խոցելի, մարգինալացված ու տեղահանված խմբերի պաշտպանությանը:
Not On Our Watch-ը խրախուսում է պետական մարմիններին ձեռնարկել նպատակաուղղված ու անհապաղ քայլեր՝ պաշտպանելու վտանգի մեջ գտնվող խմբերին: Այն պետություններում, որտեղ կառավարությունը չի արձագանքում NOOW-ի կոչին, կազմակերպությունը հաստատակամորեն շարունակում է պայքարը բռնությունների դեմ ու արտահայտվելու հնարավորություն է տալիս դրանց զոհերին: