«Ամեն մեկն իր աշխարհն ունի»
Ես ծնվել եմ Բաքվում: Սակայն մշտապես այնտեղ չէի բնակվում. մենք Երեւանում էինք ապրում, իսկ Բաքու մեկնում էինք արձակուրդի ժամանակ: Ես միայն լավ հիշողություններ ունեմ այդ քաղաքից. ծով, արեւ, սիրելի պապիկս ու տատիկս, որոնց այցելում էի ամռան ընթացքում: Իմ երջանիկ մանկությունն անմիջական կապ ուներ հենց Բաքվի հետ: Սակայն դա կյանքիս համեմատաբար կարճ ժամանակահատվածն էր:
Երբ սկսվեցին հայտնի իրադարձությունները, մենք դադարեցինք այնտեղ այցելել:
Թվում էր, թե Բաքուն միջազգային քաղաք է: Սակայն իրականում լարվածությունն այնտեղ միշտ էլ զգացվել է: Երեխա լինելով՝ շատ բան չէի հասկանում, բայց զգում էի, որ դա օտար տարածք է: Օրինակ՝ մենք միշտ հայկական բակում էինք խաղում: Մեզ թույլ չէին տալիս գնալ մահմեդական բակեր, իսկ եթե, խաղով տարված, այնտեղ էինք հայտնվում, ապա պապիկս սկզբում ինձ նախատում էր, իսկ հետո հարցուփորձ անում, թե արդյո՞ք որեւէ մեկն ինձ չի նեղացրել: Իր վարքագիծն ինձ համար անհասկանալի էր:
Մանկության ընթացքում այն միտքը, որ մահմեդական միջավայրում գտնվելն արգելված է, խորապես նստած էր մեջս, արմատավորվել էր որոշակի ենթագիտակցական մակարդակում: Այժմ տխրությամբ եմ այս մասին խոսում: Կցանկանայի, որ մարդիկ սիրո մեջ ապրեին ու աշխարհը չբաժանեին յուրայինների ու օտարների՝ ըստ կրոնական պատկանելության: Ես դա հրեշավոր եմ համարում: Կրոնը պետք է միավորի մարդկանց, սակայն վերջին շրջանի բոլոր պատերազմները հենց կրոնական հողի վրա են ծագում:
Մոսկվայից Երեւան տեղափոխվեցի, երբ 17 տարեկան էի: Սակայն կյանքիս գլխավոր ժամանակահատվածն անմիջականորեն կապված է Երեւանի հետ, քանի որ համարում եմ, որ մարդու կյանքի ամենակարեւոր շրջանն իր մանկությունն է: Մեջս շատ-շատ է մանկությունը:
ԵՐԲԵՄՆ ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԲԱՆ ՉԿԱ ԷԼ
Երբ ավարտում էի դպրոցը, Խորհրդային Միության փլուզման գագաթնակետն էր: Այդ ժամանակ փոքր պետությունների ինքնագիտակցության աճի գործընթացներն էին սկսվել: Դրանք առաջնահերթ արտահայտվում էին ռուսաց լեզվի սրընթաց մերժողականությամբ ու դեպի ազգային լեզուներ անցումով: Դպրոցներն ու բուհերը կտրուկ անցում կատարեցին հայերենին, փակվում էին ռուսական դպրոցները, հասարակական վայրերում չէին թույլատրում ռուսերեն հաղորդակցվել:
Երբ ավտոբուսում որեւէ մեկին ռուսերեն էի դիմում, մեծահասակներն ինձ նկատողություն էին անում: Այս ամենն ավարտվեց նրանով, որ ընկերուհիներիս մայրիկներն իրենց դուստրերին արգելեցին փողոցներում քայլել, քանի որ վերջիններիս կարող էին վիրավորել: Որպես մայր՝ կարող եմ նրանց հասկանալ: Սակայն իմ ընտանիքում ռուսերեն խոսելն ընդունված էր, որովհետեւ մայրս Բաքվի հայուհի էր: Ես այն ժամանակ հասկացա, որ չեմ կարողանա ընդունվել ռեժիսորական ֆակուլտետ ու հայերեն սցենարներ ստեղծել: Թեպետ տիրապետում եմ հայերենին: Ահա թե ինչու Մոսկվան, Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն (ВГИК) ինձ համար ամենատրամաբանական ճանապարհը դարձան:
Մի անգամ ամուսնուս պապիկի հուշագրությունն ընկավ ձեռքս: Այնտեղ նկարագրվում էին Հայոց ցեղասպանության ահասարսուռ իրադարձությունները, որոնք նա վերապրել էր դեռ մանուկ հասակում: Այն ինձ այնքան ցնցեց, որ վճռեցի անպայման հրապարակել: Գրքի նախապատրաստական աշխատանքները մի քանի տարի պահանջեցին: Ես գրահրատարակչական որեւէ փորձ չունեի: Չէի էլ պատկերացնում, թե որքան բարդ գործընթաց է: Ստիպված էի մանրակրկիտ ու լրջագույն պատասխանատվությամբ աշխատել քարտեզագետների, խմբագիրների հետ, խորհրդակցել ամուսնուս բարեկամների հետ:
Ամուսինս պատկերացում անգամ չուներ, որ մի քանի տարի շարունակ աշխատում եմ «Լաստանավերի վրա՝ Եփրատով ներքեւ» գրքի վրա: Այն լույս տեսավ իր ծննդյան օրվա կապակցությամբ: Գիրքը որեւէ տեղ չի վաճառվում, համեստ տպաքանակով հատուկ հրատարակություն է (մի քանի հարյուր օրինակ է): Այժմ, որքանով որ տեղյակ եմ, գիրքն անգլերեն են թարգմանում:
Պետք է նշեմ, որ հզոր գիրք է: Ամուսնուս պապիկն այն գրել է ութսուն տարեկան հասակում: Նա բացարձակապես հստակ գիտակցությամբ նկարագրել է այն, ինչ իր հետ տեղի է ունեցել, երբ դեռ փոքր երեխա էր:
ՊԱՊԻԿԸ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԼՈՒՌ ԷՐ, ԻՍԿ ՀԵՏՈ ՈՐՈՇԵՑ ՈՒ ՀՈՒՇԵՐ ԳՐԵՑ՝ ՄԱՀՎԱՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ
Կարծում եմ՝ գրքի առանձնահատուկ արժեքն այն է, որ հեղինակն այն գրել է արդեն հասուն տարիքում: Այն չափազանց խելամիտի է: Ի լրումն այն փաստի, որ գրքի ստեղծողը մանուկ ժամանակ իր հետ տեղի ունեցած անձնական պատմությունն է պատմում, նա զուգահեռաբար նկարագրում է այն պատմական իրադարձությունները, որոնց համատեքստում կերտվում էր իր ճակատագիրը: Ստեղծագործության գլխավոր հերոսները փոքր տղան եւ իր քույրն են: Հեղինակը ցուցադրում է երկու երեխաների փախուստի ու փրկության պատմությունը: Բացատրում է, թե ինչու է դա տեղի ունենում, ինչ պատմական զարգացումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, ինչպես է քաղաքականությունն ազդում այդ երկու երեխայի կյանքի վրա:
Ես մեկ այլ գիրք չեմ մտաբերում, որն ինձ վրա այսքան ուժեղ տպավորություն գործած լիներ: Պատճառն այն չէ, որ դրանք ընտանեկան արխիվի նյութեր են: Ճիշտ հակառակը: Ես երկմտում էի, կարծում էի, թե կբախվեմ գրամոլական գրառումների, սակայն արդյունքում ցնցված էի նյութի գրական ու պատմական մակարդակով:
Ցեղասպանությունը դժոխք է երկրի վրա: Ինձ առայսօր ապշեցնում է այդ իրադարձության՝ այդքան մոտ լինելը: Երբ ցեղասպանության վերաբերյալ ինչ-որ գրքեր կամ նյութեր ես կարդում, թվում է՝ այդ դեպքերը վաղուց են տեղի ունեցել. քարե դարում, ուր մարդիկ իրենց կենդանիների պես են պահել: Այսօր մենք սովորել ենք քաղաքակիրթ երկխոսություն վարել, տիրապետում ենք տեխնիկական միջոցների ու լեզուների, սակայն պատմական առումով հարյուր տարին ոչինչ է:
Ցեղասպանությունը՝ պատերազմը, որը մարդուն կենդանի է դարձնում, երեկ էր: Ու կարող է ցանկացած պահի կրկնվել: Այսօր այդ զգացողությունն ինչ-ինչ պատճառներով հատկապես է սրվել: Այսօրվա պատերազմների՝ YouTube-ում տեղադրված սարսափազդու տեսանյութերը դրա վառ ապացույցն են:
Մի բան միայն կարող ենք անել՝ բարձրաձայնել ցեղասպանության մասին, գիտելիքներ փոխանցել: Նմանօրինակ իրադարձությունները կանխելու համար հարկավոր է մարդկանց կրթել: Կիրթ, կարդացած մարդը, որի պատմական հիշողությունը զարգացած է, ավելի քիչ հավանական է, որ նման վայրագություններ կատարի:
Մի հայտնի թուրք կին գրող ցեղասպանության մասին գիրք է գրել: Ինձ տպավորել է այդ կնոջ ճակատագիրը: Երկար տարիների ընթացքում նա որպես փաստաբան է աշխատել, կտրականապես մերժել է Հայոց ցեղասպանության փաստը: Նա ուներ ակտիվ սոցիալական դիրքորոշում՝ ցեղասպանության ժխտումը: Սակայն ինչ-որ պահի նրա մահամերձ մայրը խոստովանում է, որ հայուհի է՝ թուրքերից փրկված: Այս տեղեկությունը տակնուվրա արեց նրա ողջ կյանքը: Նա ամբողջությամբ փոխեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումն ու գրեց շատ հետաքրքիր ու խիստ անձնական մի գիրք:
Մենք Ստամբուլ էինք մեկնել՝ նրա վեպի էկրանավորման վերաբերյալ բանակցելու: Ռեժիսորների հերթ էր գոյացել նրա մոտ, սակայն նա դիտեց իմ «Ջրահարսը», շատ հավանեց ու որոշեց, որ ֆիլմը պետք է հայազգի ռեժիսոր նկարահանի: Մենք շփվում էինք, բայց արդյունքում նախագիծն այդպես էլ չիրականացավ:
Ընտանիքում ես առաջին ռեժիսորն եմ: Իմ ծնողների գործունեության ոլորտը որեւէ առնչություն չունի ստեղծագործելու հետ:
Ռեժիսորությամբ զբաղվել եմ դեռ վաղ տարիքից. մանկապարտեզում ու դպրոցում բեմադրություններ էի իրականացնում: Շուրջս բոլորն ասում էին, որ մեծանալու եմ ու ռեժիսոր դառնամ: Այն ժամանակ ես պատկերացում չունեի, թե ռեժիսոր լինելն ինչ է: Պարզապես ինձ դուր էր գալիս պատմություններ հորինելն ու պատմելը: Առայսօր դրանով եմ զբաղվում:
Իմ՝ ռեժիսոր դառնալու ցանկությունը բնական պահանջմունք էր: Սովորաբար կինո գալիս են մարդիկ, որոնք հասցրել են այլ մասնագիտություններում հիասթափություն ապրել, զանազան այլ բաներ են փորձել ու ինչ-ինչ պատճառներով որոշել են, որ իրենց ռեժիսորությունն է հետաքրքրում: Տասնյոթ տարեկանում գիտակցել, որ դու ռեժիսոր ես՝ բավականին բարդ է:
Իմ մանկության տարիներին հայկական հեռուստատեսությամբ զարմանահրաշ ֆիլմեր էին ցուցադրում: Ընդամենը երկու ալիք էր աշխատում: Ու դրանցից մեկով հեռարձակում էին Բերգման, Տարկովսկի, Ֆելինի, Ֆորման: Ամենայն հավանականությամբ, այնտեղ կինոյի սիրահարներ էին նստած, որոնք ամեն երեկո այդ ռեժիսորների ֆիլմերն էին եթեր տալիս (նախկինում հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ չկային, դրա մասին որեւէ մեկը չէր մտահոգվում): Երբ ես ընդունվեցի ВГИК, հանկարծ պարզվեց, որ այդ բոլոր ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ են: Իմ համակուրսեցիները դրանք առաջին անգամ էին դիտում (մեզ ֆիլմերը մեծ էկրանի վրա էին ցուցադրում): Իսկ ինձ համար դրանք մանկությունից եկող ֆիլմեր էին, որոնք ես մի քանի անգամ վերանայել էի:
Երբ Մոսկվա տեղափոխվեցի, շատ արագ ընկղմվեցի ВГИК-ի ստեղծագործական կյանքի մեջ: Այն ինձ ուղղակի կլանեց: Ազատ ժամանակ ու հնարավորություն չունեի՝ կարոտելու նախկին երեւանյան կյանքս: Առհասարակ, ես արտասովոր աշխատանքով եմ զբաղված: Կինոն զուգահեռ կյանք է: Դու ստիպված ես ապրել հորինված պատմությունների մեջ: Դու ապրում ես իրական աշխարհում ու այս իրականությունն ընկալում որպես կինոյի նյութ: Երբեմն մտորում եմ այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում սովորական կյանքում, առանց պատրանքների աշխարհի, ու չեմ հասկանում:
ԲՈԼՈՐՆ ՈՒՆԵՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ, ՊԱՐԶԱՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄՈՏ ԱՅՆ ՈՒՐՈՒՅՆ Է: ԻՄ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԸ ԿԻՆՈՆ Է:
Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ երեխան է: Ես սա զգում եմ հաճախ ճանապարհորդելու պատճառով: Ես կարոտում եմ ոչ թե քաղաքը, այլ այն վայրը, որտեղ այս կամ այն պահին գտնվում է իմ դուստրը:
Եթե ինձ հարկավոր լիներ օտարերկրացուն դեպի Հայաստան ուղեգիր վաճառել, ապա կասեի, որ այն փոքր, հպարտ, պոետիկ, իմաստուն, թախծոտ, օրիորդի պես գեղեցիկ երկիր է: Ճակատագիրն անդադար փորձում է հայ ժողովրդի դիմադրողականությունը: Սակայն նա արժանապատվորեն է անցնում բոլոր փորձությունների միջով՝ անգամ ծանր աշխարհագրական դիրքում գտնվելով:
Եթե փակեմ աչքերս ու պատկերացնեմ, թե ինչ տեսք կարող է ունենալ Հայաստանն ինչ-որ մի գեղեցիկ ֆանտաստիկ ապագայում, ապա այն պետք է որ նման լինի, օրինակ, Մոնակոյին. փոքր, ծաղկուն, գեղեցիկ երկիր…
Մարդիկ փախչում են վատ կյանքից, որովհետեւ այն՝ այդ կյանքը, միակն է: Բոլորն էլ ուզում են որոշակի բարեկեցիկ կենսակերպ՝ անվճար բժշկություն, ապահովագրություն, քոթեջ… Հենց Հայաստանի կենսամակարդակը բարձրանա, մարդիկ կվերադառնան տուն: Չէ՞ որ նրանք շատ են կարոտում իրենց երկիրը:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՆՁ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ: ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՌԵՐԻՑ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ:
Ես աշխատում եմ խուսափել ամպագոռգոռ հայտարարություններից: Սերն առ հայրենիք գործնականում է ապացուցվում, երբ մարդն անում է այն, ինչ պարտավոր է, այն, ինչ կարող է՝ փորձելով ինչ-որ կերպ հասկանալ իր առաքելությունը:
Հայերը հաճախ հպարտանում են այն փաստով, որ հայ են: Ինչպե՞ս կարելի է հպարտանալ մի բանով, որը քեզանից կախված չէ: Սա ուղղակի տրված իրականություն է: Կարծում եմ՝ հարկավոր է սեփական արարքներով հպարտանալ: Ընդհանուր հպարտության համար ավելի մեծ օգուտ ու հիմք կլինի այն, որ հայերն սկսեն ինչ-որ բան անել, այլ ոչ թե միայն խոսել:
Աննա Մելիքյան. կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, որը ծնվել է Բաքվում, մեծացել Երեւանում, ապրում եւ գործում է Մոսկվայում: