Դյուզեն Թեքքալը, Լուսանկարը՝ Մարկուս Թեդեսկինոյի |
«Որպես գերմանաբնակ լրագրող՝ ես երբեք չէի ենթադրի, որ կյանքս այսպիսի կտրուկ ու դրամատիկ շրջադարձ կունենար։ Երբ ԻԼԻՊ-ի («Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորում-խմբ.) բարբարոս հրոսակներն ապրիլի 3-ին ներխուժեցին եզդիական Սինջար բնակավայր, ամեն մի եզդի տղամարդու, կնոջ եւ երեխայի, այդ թվում՝ նաեւ իմ, կյանքն ընդմիշտ փոխվեց։ Ե՛վ իմ եզդիական ծագումը, եւ՛ մասնագիտությունս ինձ այլ ընտրություն չթողեցին, քան ճամփա ընկնել դեպի հյուսիսային Իրաք եւ ի լուր աշխարհի հաղորդել, որ 21-րդ դարի սկզբին կրկին ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ բոլորը շարունակում են կողքից նայել»,– ասում է Դյուզեն Թեքքալը, ով 2014թ.-ից արտահաստիքային լրագրող է։ Եզդի ժողովրդին օգնելու նպատակով նա հիմնադրել է «Հավար» կազմակերպությունը։ Քրդերենով «հավար» բառը նշանակում է «օգնության ճիչ» եւ հոմանիշ է «ցեղասպանություն» բառին։
Մոտ 10.000 եզդի, արտաքին աշխարհից ամբողջովին կտրված, օղակվեց ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Սինջար լեռան վրա, որի ամենաբարձր ու ամենամեծ հատվածն ընկած է սիրիական սահմանից արեւելք եւ Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքից արեւմուտք։ Մոտ 50.000 մարդ ապահովության նկատառումներով ստիպված էր փախչելով բարձրանալ լեռներն ու դիմել դեպի եզդիական գլխավոր սրբավայրը։ Փախստականների մի ստվար զանգված մահացավ սովից ու ծարավից։