Աշխարհայացք ձեվավորող արմատներ

Armenian

Յան Բրեմերը կարեւորագույն տեղ է ձեռք բերել ամերիկյան արտաքին քաղաքական շրջանակներում։ Նրան են դիմում նախագահներն ու կոնգրեսականները՝ ռազմավարական խորհուրդների ու հավասարակշիռ վերլուծությունների համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին ու նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած մյուս պետություններին։

Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության դոկտորի աստիճանով եւ աշխատանքային պատկառելի փորձով զինված՝ Բրեմերը հեղինակել է յոթ գիրք, այդ թվում վերջինը՝ Superpower: Three Choices for America's Role in the World («Գերտերություն. աշխարհում ԱՄՆ-ի դերի երեք տարբերակները»), եւ հարյուրավոր հոդվածներ ու հեղինակային սյունակներ աշխարհի լավագույն պարբերականների համար։ Նա անգամ իր լուման ունի քաղաքագիտության մեջ, ի դեմս J-Curve-ի եւ G-Zero-ի։

Բայց Յան Բրեմերն ավելին է, քան պարզապես «խոսող գլուխը»։ Մինչ որոշ նախկին դիվանագետներ ու թոշակի անցած պրոֆեսորներ միայն իրենց կարիերայի ավարտին են սկսում Հենրի Քիսինջերի ոճով խորհրդատվությամբ զբաղվել, Բրեմերն իր աշխատանքային կարիերան դրանով սկսել է՝ հիմնադրելով Eurasia Group (Եվրասիա խումբ) ձեռնարկությունը, որն այնուհետեւ նրա ջանքերով դարձավ քաղաքական ռիսկերի գնահատման ասպարեզում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։
 

Հասակ առնելով որպես հայ

Յան Բրեմերի արյան ընդամենը մեկ քառորդն է հայկական (մորական կողմից), բայց նա միշտ ակնածանքով է վերաբերվել իր ժառանգության այդ հատվածին եւ իր կարողությունների ու ձգտումների հարցում հայ համայնքի դերին ու ազդեցությանը։ Բրեմերի մայրը նրա հոր հետ ծանոթացել է 19 տարեկանում եւ թաքուն մեկնել Էկվադոր։ Այնտեղ նրանք ամուսնացել են եւ ԱՄՆ վերադարձել 22 տարի անց միայն, երբ Բրեմերն արդեն ծնվել էր։

Դժբախտաբար, Յանի հայրը մահացավ, երբ նա ընդամենը չորս տարեկան էր։ Մայրը Յանին ու եղբորը տեղափոխեց տատիկի ու պապիկի տուն, որը գտնվում էր Բոստոնի շրջակայքում։ «Ես ավելի շատ կապված էի իմ հայկական կողմի բարեկամների հետ,- պատմում է Բրեմերը,- որովհետեւ հասակ եմ առել մորս եւ մորական կողմի բարեկամներիս մոտ։ Ես գրեթե չեմ հիշում հորս եւ նրա հարազատներին, որոնք ապրում էին մեզանից հեռու՝ արեւմուտքում»։

Հայերը հայտնի են որպես ավանդական, ամուր ընտանիքը կարեւորող ժողովուրդ, եւ Յանի տատիկն ու պապիկը բացառություն չէին։ «Ես տատիկիս ու պապիկիս հետ էի անցկացնում ժամանակիս մեծ մասը։ Տատիկս, մասնավորապես, բավականին պայթյունավտանգ էր, բայց՝ անվնաս»,- հիշում է Բրեմերը։

Յանի մորական կողմի տատիկի՝ Մարիայի հայրը հալեպցի վաճառական Սիմոն Օրֆալին էր (Սիմոն Ուրֆալյան)։ Սիմոնի ծնողները Նիկոլաս Օրֆալին ու Աննա Փոլադյանն էին։ Համաձայն Յանի քեռի Լուիսի պատմությունների՝ Նիկոլասի ազգանունն ի սկզբանե Գիմիշգերդանյան է եղել. նրանք ծագումով Ուրֆայից էին։ Ադանա քաղաքում Սիմոնն ամուսնանում է Թուրֆանդա Կասսաբյանի հետ։ Նրանք երեք որդի ու մեկ դուստր են ունենում եւ եւս երկու երեխա, որոնք մահանում են ծնվելուց կարճ ժամանակ անց։ Մարիան ու նրա եղբայր Լյուդվիգը ծնվել էին Հալեպում, մյուս երկու եղբայրներ Անդրանիկն ու Նուբարը՝ Ադանայում։ Սիմոնը, Թուրֆանդան ու նրանց երեխաները «Քինգ Ալեքսանդր» նավով լքեցին հունական Պիրեուս քաղաքը եւ 1923-ի հուլիսի 2-ին հասան Էլիս կղզի։

Յանի տատիկը՝ Մարիան, «աներեւակայելի համառ» կին էր՝ չափազանց խելացի ու հզոր անհատականություն, որը որեւէ մեկից երբեք օգնություն չէր ակնկալում։ Քաղաքականության նկատմամբ սերը Յանը հենց նրանից է ժառանգել։

«Նա քաղաքականապես խիստ զարգացած էր. «Ալեհերների օրենսդրությունը» (silver haired legislature) հենց նա նախաձեռնեց Մասաչուսեթսում. դրա նպատակը տարեցներին աջակցող օրենսդրության ընդունումն էր: Նա ինձ հանդիպումների ու միջոցառումների էր տանում նահանգային խորհրդարան, այդ թվում՝ Վետերանների օրվա ամենամյա արարողություններին,- հիշում է Յանը,- զարմանալիորեն, նոյեմբերի 11-ը նրա ծննդյան օրն էր (իմն էլ նոյեմբերի 12-ին է), ինչը շատերին զվարճալի էր թվում։ Երբ երկրորդ դասարանում էի սովորում, նա մի անգամ ինձ հետը հանդիպման տարավ Թիփ Օ’Նիլի որդու՝ լեյտենանտ Թոմ Օ’Նիլի հետ, իսկ ես հանդիպման մանրամասները գրի առա հարցազրույցի տեսքով ու տպագրեցի մեր տեղական օրաթերթում՝ «Չելսի Ռեքորդում»,- հիշում է Յանը։

Weight: 
-200
Article items: 

                                     Յան Բրեմերը, լուսանկարը՝  Ջեֆ Քոթենդենի

 

Օգնություն ՀԲԸՄ-ից
 

Բրեմերին ոգեշնչում է հայկական համայնքների կուռ միասնությունը, ինչը, հավանաբար, թուրքերի կողմից հայ ժողովրդի հետապնդումների հետեւանք է։ Աղքատ միջավայրից դուրս եկած սովորական տղայի համար լավագույն համալսարաններում ուսանելու միակ հնարավորությունը ՀԲԸՄ-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) դրամաշնորհներն ու խորհրդավությունն էին։ «Երբ ես երիտասարդ էի, հայկական համայնքը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց իմ նկատմամբ։ ՀԲԸՄ-ի միջոցով ինձ շնորհվեցին Ջորջ Հոլոպիգյանի եւ Հրայր Հովնանյանի անվան կրթաթոշակներ՝ համալսարանում ուսանելու համար։ Մասնավորապես Լուիզ Սիմոնը մեծ անձնական հետարքրքությամբ էր հետեւում այն ամենին, ինչ անում էի։ Նա միշտ ձգտում էր կապ պահել ինձ հետ եւ ներգրավել իրենց ծրագրերում։ ՀԲԸՄ-ից նաեւ Անիտա Անսերյանն ու Քերոլ Ասլանյանը դարձան իմ ու մեր ընտանիքի լավ ընկերները»,- պատմում է Յանը։

 

Հետաքրքրություն սովետական ամեն ինչի նկատմամբ
 

Առաջին անգամ Բրեմերը Խորհրդային Միություն եկավ 1986-ին ուսանողների մի փոքր խմբի հետ՝ Թուլեյնի համալսարանի պրոֆեսոր Ռեյ Տարասի գլխավորությամբ։ Խումբը եղավ Լենինգրադում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում եւ Երեւանում։ «Մինչ ժամանակի բոլոր թերթերը միահամուռ գրում էին «սովետական մոնոլիտի» եւ այսպես կոչված «չարիքի կայսրության» մասին, տեղում ակնհայտ է դառնում, որ միութենական տարբեր հանրապետություններում բնակչությունը ծայրահեղորեն տարբեր կենսակերպ ունի։ Դա մեկ երկրի եւ, առավելեւս, մեկ ազգի տպավորություն չէր թողնում։ Հատկապես տպավորիչ էր ուղեւորությունը Հայաստան, քանի որ ինձ ճանաչելի էին մշակույթի դրվագները, մասնավորապես խոհանոցի առումով, բայց նաեւ՝ մարդանց։ Հիշում եմ՝ փողոցում մի մարդ տեսա, որն ասես իմ մեծ քեռի Նուբարի ճիշտ կրկնօրինակը լիներ։ Մինչեւ հիմա չեմ մոռացել»,- բացատրում է Յանը։
 

Բրեմերը վերադարձավ ԱՄՆ եւ 1994-ին Սթենֆորդի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացավ։ 1998-ին նա արդեն հիմնադրել էր իր Eurasia Group ընկերությունը, որի գործունեությունն սկզբնական շրջանում կենտրոնանում էր նախկին ԽՍՀՄ եւ արեւելաեվրոպական երկրների հետ կապված քաղաքական վերլուծությունների ուղղությամբ։ Այսօր ընկերության հետազոտությունների հարթակն ամբողջ աշխարհն է. Eurasia Group -ի առաջատար վերլուծաբանները հետեւում են ողջ աշխարհում կատարվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացումներին եւ գնահատում ձեռնարկատիրական ու ներդրումային ռիսկերը։ Նրանք նաեւ ուսումնասիրում են միջսահմանային հարցեր, ինչպիսիք են միջազգային առեւտուրը, էներգետիկան եւ լայն սպառման այլ ապրանքները, ֆինանսական հոսքերը, կլիմայի փոփոխությունն ու համաշխարհային առողջապահական խնդիրները։ Ընկերությունը հրատարակում է Top 10 Global Risks (Համաշխարհային ռիսկերի առաջին տասնյակը) ամենամյա զեկույցը, որը լուսաբանվում է ողջ աշխարհի լրատվամիջոցների կողմից։ 

 

Արդեն ոչ այնքան գրկաբաց
 

Բրեմերի հայկական կողմի նախնիներն իրենց հայրենիքից տեղահանվել են Հայոց ցեղասպանության հետեւանքով՝ ապաստան գտնելով ԱՄՆ-ում։ Զարմանալի չէ, որ Բրեմերը լրջորեն հավատում է միգրացիայի առավելություններին։ «Հայերը լավ օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են մարդիկ, որոնց հալածել են մոլորակի մյուս կողմում, գրկաբաց ընդունվել այս հիանալի երկրում եւ նպաստել, որ այն էլ ավելի լավը դառնա։ Այսօր հայ համայնքն այստեղ ծաղկում է շատ ավելի ինտենսիվորեն, քան դա երբեւէ հնարավոր է եղել հենց Հայաստանում։ Դա արտառոց բան է»,- ասում է Բրեմերը։
 

Բայց նա կտրուկ է, երբ խոսքը ամերիկյան ներկայիս քաղաքական գործիչների մասին է՝ երկու թեւերի։ «Ամերիկացիները կանգնեցին իմ նախնիների կողքին, երբ նրանք գաղթեցին Հալեպից, իսկ մենք այսօր սիրիացիների կողքին չենք, երբ մեր օգնությունը նրանց խիստ անհրաժեշտ է։ Իհարկե, ես հասկանում եմ, որ դա հիմնականում մահմեդական բնակչություն է, ինչը կարող է ընկալվել որպես սպառնալիք։ Բայց մենք դրանից վեր պետք է լինենք։ Ամենաքիչը, որ կարող ենք անել, նրանց ընդունելն ու ամերիկյան հասարակության մեջ ինտեգրելն է։ Կարծում եմ՝ մենք ինչ-որ կարեւոր բան ենք կորցրել այդպես չվարվելով»։  
 

* Գլխավոր նկարը՝ Ջեյսոն Ալդենի
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Յան Բրեմերը՝ Eurasia Group-ի հիմնադիրը