Գրեգ Սարգսյան

Armenian
Intro: 
«Քանի չգիտես, թե ով ես և ինչ պատմություն ունես, ազատ չես։ Երբ իմանաս, կգտնես քո տեղը»,- ասում է Գրեգ Սարգսյանը։
Weight: 
1
Story elements: 
Text: 
«Քանի չգիտես, թե ով ես և ինչ պատմություն ունես, ազատ չես։ Երբ իմանաս, կգտնես քո տեղը»,- ասում է Գրեգ Սարգսյանը։
Text: 
Սա այնքան պարզ է, որքան Տորոնտոյի նրա գրասենյակի պատուհանից ներս թափանցող ձմեռային արևի լույսը։ Այս գրասենյակը մեծ ծառայություններ է մատուցել Հայաստանի ժողովրդին։ Սարգսյանը լիահույս է, որ մի օր այն նույնը կանի նաև Թուրքիայի ժողովրդի համար։
 
Գրեգ Սարգսյանը ցեղասպանագիտության և, հատկապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված հետազոտությունների ամենաառաջատար միջազգային կենտրոններից մեկի համահիմնադիրն է։ Տորոնտոյում 1982 թվականին հիմնադրված Զորյան ինստիտուտի ջանքերի շնորհիվ հավաքվել է Հայոց եղեռնի վերապրողների բանավոր պատմությունների ամենամեծ հավաքածուն։ Ինստիտուտը հրատարակել է նաև 40 գիրք՝ հիմնված թուրքական և գերմանական աղբյուրների վրա։
 

«Ես ցանկացել եմ գիտական ուսումնասիրությունների միջոցով աշխարհին ցույց տալ տեղի ունեցածը և հայերին ու թուրքերին միասնական պատմական անցյալի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու և հաշտվելու հնարավորություն ընձեռել»,- նշում է Սարգսյանը։

 
Սարգսյանի կյանքն ու աշխարհայացքը կտրուկ փոխվեցին 1967 թվականին, երբ նա, առաջին անգամը լինելով, լքեց իր ծննդավայր Բեյրութը և ուսումնառության մեկնեց ԱՄՆ։ Տեսնելով, որ ամերիկացիներն իրենց արմատները կարող են թվարկել մինչև երկրի անկախության պատերազմի տարիները՝ նա հասկացավ մի բան. «Ես չգիտեի անգամ իմ տատին ու պապին։ Չնայած մեր տան լեզուն հայերենն էր, իմ նախնիները հազար տարուց ավելի բնակվել են Կիլիկիայում՝ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում։ Դա ստիպեց ինձ մտածել՝ ո՞վ եմ ես։ Ինչպե՞ս եմ դարձել այն, ինչ կամ»։
Image: 
Text: 
Նրա կյանքի ուղին ինքնության մի փնտրտուք էր։ Գրեգը պարզեց, որ թեև իր հոր ընտանիքն ամբողջությամբ բնաջնջվել է, մոր ընտանիքը կարողացել է փրկվել, Աննա Ֆրենկի պատմության պես։ «Մեծ մորս ամուսինը՝ Գրիգորը, մի բիզնես-գործընկեր ուներ, անունը՝ Հաջի Խալիլ։ 1915թ. ցեղասպանության սկզբում Գրիգորին ընտանիքի աչքի առջև կախաղան հանեցին։ Ազգությամբ թուրք Խալիլը, իբրև արդարամիտ ու առաքինի մուսուլման, երդվեց, որ ինչ էլ լինի, պաշտպանելու է մեր ընտանիքին։ Նա հսկայական ռիսկի գնաց տատիս և մեր ընտանիքի մյուս վեց անդամների կյանքը փրկելու համար»,-ասում է Սարգսյանը:
 
Երեխաներից երկուսը մահացան թաքստոցում ապրելու ինը ամիսների ընթացքում։ Խալիլն այնքան էր վախենում, որ իրեն կձերբակալեն հայերին ապաստան տալու համար, որ երկու երեխաներին գիշերով իսկ հողին հանձնեց։ Ի վերջո, նա կարողացավ ինչ-որ կերպ ազատել հայի ընտանիքը՝ նստեցնելով դեպի Հալեպ ուղևորվող գնացքներից մեկը։ Գրիգորի եղբայր Գևորգն ապրում էր Հալեպում։
 

Խալիլի դերակատարության բացահայտումը Սարգսյանին ոգեշնչեց հիմնելու Զորյան ինստիտուտը՝ օգտագործելով դրա համար Տորոնտոյում (ուր տեղափոխվեց 1986թ.-ին) իր հիմնած ձեռնարկությունների միջոցները։

 
Սարգսյանն իր ընտանիքի պատմությամբ կիսվել է Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալուց հետո՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված երևանյան  գիտաժողովի ժամանակ։ «Ես մտածեցի, որ սա լավագույն վայրն է մարդկայնության մասին խոսելու և Խալիլի պես անհատների օրինակը բերելու համար։ Ես ցանկանում էի ձեռք մեկնել թուրք ժողովրդին՝ ասելով. «Ինչ-որ մի պահի ձեր երկրին տիրում էին բռնակալներ ու ոճրագործներ, որոնք և իրագործեցին այս ցեղասպանությունը։ Բայց ձեր մեջ կային նաև Խալիլի պես անհատներ»,-նշում է Սարգսյանը։ Իր ճառն ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան նա կարող էր ենթադրել.«Երբ բեմից իջա, մեկն արցունքն աչքերին մոտեցավ ու գրկեց ինձ։ Մի թուրք էր, անունը՝ Թաներ Աքչամ, Թուրքիայի ամենահարգված գրողներից մեկի ժառանգը։ Նա անչափ զգացված էր իմ պատմությունից»: 
Image: 
Text: 
Մյուս օրն ավելի հուզառատ մի դեպք տեղի ունեցավ. «Մենք գնացել էինք եկեղեցի՝ մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Ես ու Թաները ձեռք ձեռքի տված մի-մի մոմ վառեցինք։ Հետո ասացի. «Ուզում եմ այս մոմը վառես իմ պապի հիշատակի համար, իսկ սա էլ՝ Հաջի Խալիլի, որովհետև այս երկու մարդկանց ճակատագրերն այսուհետ միահյուսված են»։ Մենք գրկախառնվեցինք և խոստացանք մեր կյանքն ու գործունեությունը նվիրել ընդհանուր պատմության վերհանմանը և ձևավորել մի երկխոսություն, որը բեկում կմտցնի մեր երկու ժողովուրդների սրտում և մտքում»:
 

Սարգսյանի՝ 100 LIVES նախաձեռնությանը միանալու պատճառներից մեկը.

 
«Նախաձեռնությունն ասում է. «Մեր թշնամիները փորձեցին վերացնել մեզ, բայց չհաջողեցին։ Ոչ միայն ելք գտնելու մեր կարողության և հաստատակամության, այլև աշխարհի շատ ու շատ բարի մարդկանց կամքի շնորհիվ, ովքեր եկան օգնելու։ Մեծ պատվի է արժանի նա, ով իր կյանքը վտանգի է ենթարկում ուրիշինը փրկելու համար»:
 
Սարգսյանն իր միջոցներն ուղղում է իր իսկ կազմակերպությանը։ Նա Զորյան ինստիտուտի խոշորագույն նվիրատուն է և ֆինանսավորում է հաստատության բազմապիսի ծրագրերը, որոնցից է Տորոնտոյի ամառային դպրոցը։ Թուրքիայից բազմաթիվ ուսանողների են հրավիրում դրան մասնակցելու և հայերի հետ համատեղ ցեղասպանությունն ուսումնասիրելու համար։ Ինստիտուտը վճարում է նրանց ուսման վարձը, ճանապարհի և բնակության ծախսերը։ Դասընթացներին մասնակցած թուրք ուսանողներից տասնմեկ հոգի որոշել է իր դոկտորական ատենախոսությունը գրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների շուրջ։
 
Սարգսյանը համոզված է, որ Զորյան ինստիտուտի և 100 LIVES նախաձեռնության պես շարժումների ջանքերով ի վերջո գալու է ճշմարտության պահը, ինչին հետևելու է հաշտեցումը. «Ճշմարտությունը բացահայտվելու է, և երբ դա տեղի ունենա, հայերն ու թուրքերը պետք է ազատորեն առաջ նայեն։ Ընտրություն չունենք։ Աշխարհագրորեն մենք հարևաններ ենք և պիտի գտնենք միմյանց համակերպվելու ձևը։ Այժմ՝ Ցեղասպանությունից հարյուր տարի անց, սկսելու ճիշտ ժամանակն է»:
 
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Subtitle: 
Պատվի է արժանի ուրիշին փրկելու համար իր կյանքը վտանգողը
Story number: 
3
Header image: