Անի Պապյան
«Երկարատեւ փնտրտուքից հետո՝ 7 տարի անց, քույրը գտնում է եղբորը: Մեծահոգի եւ մարդասեր արաբ ընտանիքը, որը Ստեփանին կրոնափոխ չէր արել, նրան վերադարձնում է քրոջը»,- գրում է Անի Պապյանը:
Այս պատմությունը լսել եմ մայրական կողմի պապիկիցս` Անդրանիկ Ստեփանի Չավուշյանից: Անդրանիկ Չավուշյանի հայրը` Ստեփան Հակոբի Չավուշյանը,և հորաքույրը` Նվեր Հակոբի Չավուշյանը, իրենց ծնողների հետ 1915թ բռնի տեղահանվել են Թուրքիայի Սաքարյա վիլայեթի կենտրոն Ադաբազար քաղաքից, ինչպես եւ ողջ հայ բնակչությունը:
Այդ ժամանակ Ստեփանը 16 տարեկան էր (ծնված 1899թ), իսկ Նվերը` 20 (ծնված 1895թ): Դեր Զորի ճանապարհին նրանց ծնողներին սպանում են, եւ Ստեփանն ու Նվերը կորցնում են միմյանց: Հասնելով Սիրիա՝ որբերը շարունակում են ճանապարհը դեպի Իրաքի Մոսուլ քաղաք, քանի որ լսել էին, որ արաբներն այնտեղ վրաններ են ամրացրել փախստականների համար: Մոսուլում Ստեփանին մի արաբ ընտանիք վերցնում է խնամակալության: Նվերը Մոսուլում ամուսնանում է իր երկրացի Վահրամ Գյումուշյանի հետ, և երկարատեւ փնտրտուքներից հետո՝ 7 տարի անց, գտնում է եղբորը: Մեծահոգի և մարդասեր արաբ ընտանիքը 23 ամյա Ստեփանին, որին կրոնափոխ չէին արել, վերադարձնում է երջանիկ Նվերին:
1931թ. Ստեփան Չավուշյանն ամուսնանում է Մարաշից Մոսուլ գաղթած Մարիցա Հակոբի Չարըքչյանի հետ (ծնված 1911թ.) և 1934թ. Մոսուլ քաղաքում ծնվում է իմ պապիկը` Անդրանիկ Ստեփանի Չավուշյանը, իսկ 1938թ. նրա եղբայրը՝ Հովսեփ Ստեփանի Չավուշյանը:
Ձախից աջ՝ Նվեր Չավուշյան, Վահրամ Գյումուշյան, Ստեփան Չավուշյան, Մարիցա Չավուշյան, երեխան՝ Անդրանիկ Չավուշյան
Լուսանկարը՝ Պապյանի ընտանեկան արխիվից
1947թ. Ստեփանի եւ Նվերի ընտանիքները ներգաղթում են Հայաստան եւ բնակություն հաստատում Երեւանում: 1950թ. Ստեփանը 51 տարեկանում մահանում է: Մարիցայի արհեստավարժ դերձակության եւ աշխատասիրության, ինչպես նաեւ Նվերի ու նրա ամուսնու շնորհիվ՝ հնարավոր է դառնում որդիների բարձրագույն կրթություն ստանալը:
Անդրանիկ Ստեփանի Չավուշյանը բազմավաստակ մանկավարժ էր (մահացել է 2012թ.), իսկ Հովսեփ Ստեփանի Չավուշյանը` աստրոֆիզիկոս (մահացել է 2014թ.):
Անդրանիկի զավակներն են` Վերգինեն՝ մայրս, եւ Ստեփանը:
Անդրանիկ պապիկիս պատմությունների մեջ բազմիցս էին անկեղծ սիրով հիշատակվում Մոսուլի նրա դպրոցական արաբ ընկերները, ինչը, ըստ երևույթին, նրա մեջ սերմանել էին երախտավոր Ստեփան եւ Նվեր Չավուշյանները: Ես հաճախ եմ խորհում այն մտքի շուրջ, որ չլիներ այդ արաբ ընտանիքի վեհ պահվածքը, չէի լինի եւ ես: Փաստացի այդ ընտանիքի շնորհիվ Ստեփան Չավուշյանի ժառանգներն այսօր տասներկուսն են` 4 թոռներ եւ 8 ծոռներ:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Անի Պապյանը: