Նորա Արմանի
«Արմանի» անունը կրում է ի հիշատակ մոր՝ Արմինէի ու իր հայկական արմատների:
Զրույցից առաջ Նորան նոթատետրում արեւմտահայերենով անուններ է գրում՝ Արմինէ, Մարի, Յակոբ, Վահրամ, Պերճուհի, Զարուհի, Կուսինէ, Թագուհի, Արուսեակ, Վազգէն՝ փորձելով չմոռանալ որեւէ մեկին ու ջանալով հանկարծ չխախտել իր արմատների վավերագրությունը. հարազատների անուններն են, մեծ ընտանիքի բոլոր անդամները՝ ցեղասպանությունից փրկվածներ ու նրանց ժառանգներ:
Նորա Արմանի |
«Իմ արմատների պատմությունն անվերջ ինձ հետ է, մտքումս հաճախ մեկիկ-մեկիկ խոսում եմ բոլոր հարազատներիս հետ: Երբեմն թվում է, թե մենք բոլորով նույն բանն ենք մտածում՝ այն, թե ինչ կլիներ, եթե մեր մեծ հայրերի ու մեծ մայրերի հետ տեղահանություն չկատարվեր: Մենք բոլորս հայրենի բնօրրանում կծնվեինք ու այդքան շատ շառավիղներ ունենալով՝ այսօր չէինք սփռվի աշխարհով մեկ: Գիտե՞ս, թե որ շառավիղը բազմացավ: Նրանք, որ ներգաղթեցին Հայաստան: Անհերքելի փաստ է, որ հայրենի հողը կենարարության ու կենսունակության անփոխարինելի աղբյուր է, ինչպիսի պայմաններում էլ որ լինի»,- ասում է դերասանուհին:
Մարի Ազատեանի եւ Սեփոն Էքսէրճեանի ընտանիքը
Յակոբ Ազատեանի կինը՝ Վերգինէն, դստեր՝ Մարիի հետ |
Յակոբ Ազատեանի կինը՝ Վերգինէն, հեռատես էր ու իրապես զգացել էր հայերին սպասվող վտանգները Թուրքիայում: Ամուսինը տարվա մեծ մասը Եգիպտոս-Կեսարիա ճանապարհներին էր, եւ 1910-ականների սկզբին, երբ Յակոբը հերթական անգամ Եգիպտոս էր մեկնել, Վերգինէն վաճառում է ունեցվածքն ու, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու, իր չորս աղջիկների հետ գնում Եգիպտոս՝ միանալու ամուսնուն: Ընտանիքը տեղ հասնելուն պես ամուսինը մահանում է հիվանդությունից: Վերգինէն, չորս աղջիկները՝ Զարուհի, Արուսեակ, Էօժէնի եւ Մարի Ազատեանները, մնում են Եգիպտոսում: Մեծը՝ Զարուհին, ամուսնացած էր դեռեւս Կեսարիայում եւ Եգիպտոս էր գաղթել ամուսնու՝ Միսակ Լաչինեանի հետ:
Ազատեան քույրերը՝ Էօժէնին եւ Մարին |
Հեռավոր Կեսարիայում թողած իր երբեմնի շեն, կազմակերպված կյանքը՝ Ազատեանների ընտանիքը փորձում է օտարության մեջ կայանալ՝ բացելով կարի արհեստանոց: Կյանքը հունի մեջ է ընկնում, աղջիկներն ամուսնանում են: Արուսեակն ամուսնանում է Միհրան Զարգարեանի հետ եւ, ցավոք, մահանում երիտասարդ: Երբ սկսվում է ներգաղթը Խորհրդային Հայաստան, ընտանիքի որոշմամբ Արուսեակի ամուսին Միհրան Զարգարեանն ու երեք դուստրերը՝ Թագուհի, Յասմիկ, Արմինէ Զարգարեանները, 1948թ. ներգաղթում են Հայաստան: Քույրերից Էօժէնին ամուսնանում է սղերթցի Թորգոմ Պողոսեանի հետ, իսկ Մարին՝ Նորայի տատը, պոլսեցի Սեփոն Էքսէրճեանի հետ:
Մարի Ազատեանն ու Սեփոն Էքսէրճեանը՝ հարսանիքի օրը |
Սեփոն Էքսէրճեանը՝ Նորայի պապը, ոսկերիչ էր ու 1914թ. Եգիպտոս էր գաղթել Պոլսից: Սեփոնն ու Մարին ունենում են երեք որդի՝ Գեւորգ, Յակոբ եւ Ագրիպաս՝ Նորայի հայրը, որին նաեւ Վարուժան են անվանում:
Յակոբ, Գեւորգ եւ Ագրիպաս (Վարուժան) Էքսէրճեանները |
«Կեսարիան ինձ համար նվիրական անուն է. իմ մոր՝ Արմինէ Պասմաճեանի ծնողները նույնպես այնտեղից էին: Երազում եմ լինել Կեսարիայում: Չգիտեմ, թե ինչ կգտնեմ այնտեղ, բայց իմ հարազատների աչքերով գոնե կնայեմ ու նրանց փոխարեն կապրեմ այդ հանդիպման նվիրական վայրկյանները»,- ասում է Նորան:
Կուսինէ Կեմիճեանի եւ Յակոբ Պասմաճեանի ընտանիքը
Նորա Արմանիի մոր՝ Արմինէ Պասմաճեանի ծնողները Կեսարիայից Կուսինէ Կէմիճեանն ու Յակոբ Պասմաճեանն են:
«Անուժ, գրեթե անկենդան՝ Եփրատ գետի կողքով անցնելիս են լինում: Մի պահ նրանց ասում են, թե ով ուզում է ջուր խմի, կարող է մոտենալ գետին: Բոլորը վազում են: Բայց ինքն այնքան ուժասպառ է լինում, որ չի կարողանում վազել ու զգում է, որ մարում, ուշագնաց է լինում: Հանկարծ իրեն թվում է, որ ջուր է թափվում երեսին: Աչքերը բացում է ու տեսնում, որ սպիտակ հագուստով մեկը կա կողքին՝ ձեռքին ջուր: Ձեռքերը պարզում է, որ խմի ջուրը, ու սթափվի, բայց մեկ էլ տեսնում է, որ մարդն այլեւս չկա: Տեսիլք էր, ինչ էր... չգիտեմ, բայց տատս ասում էր, որ շուրթերը թաց էին ու իր ծարավն էլ՝ հագեցած... Ի՞նչ էր դա՝ Աստծո օրհնությո՞ւն... Չգիտեմ... Բայց իմ մեծ մայր Կուսինէն շատ էր մտաբերում այդ տեսիլքը եւ ասես հավատում էր, որ մահվան ճանապարհը հաղթահարել էին միմիայն երկնայինի օգնությամբ»,- նախնիների փրկությունն է փորձում բացատրել Նորան:
Յակոբ Պասմաճեանը՝ կնոջ՝ Կուսինէի եւ զավակներ Արմինէի ու Վահրամի հետ |
«Մեծ մայրս Եգիպտոսում մեծ գրադարան ուներ, սակայն չգիտեմ, թե ո՞ր մասն էր իր հետ բերել Կեսարիայից: Կարող եմ ասել, որ նրա գրադարանում կային հին հրատարակության Ավետարաններ: Ես այսօր Նյու Յորքի իմ տանն ունեմ 1886 թվականի հայատառ թուրքերեն Ավետարան, որը, վստահ եմ, գաղթից փրկված մասունք է»,- ասում է Նորան:
Կենտրոնում՝ Կուսինէ Կէմիճեանը, գլխավերեւում ձախից աջ՝ Նորայի մայր Արմինէն, մորեղբայր Վահրամը եւ մորաքույր Արփինէն |
Նորա Արմանի |
«100 տարի առաջ մեզ հետ աներեւակայելի ողբերգություն է պատահել, դա մենք մեր պատմությունից չենք կարող ջնջել կամ մոռանալ: Ինչ խոսք, մենք հատուցման պահանջներ ունենք, բայց չենք կարող դա հիմա դարձնել մեր ամբողջ էության, լինելիության նախապայմանը:
*Լուսանկարները՝ Նորա Արմանիի անձնական արխիվից
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: