Հերմինե Ավետիսյան
Ընթերցողի պատմություն. Հերմինե Ավետիսյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Ցեղասպանությունից կարողացել է փրկվել պապիկս: Կոտորածը, որ համատարած բնույթ կրեց ողջ Արեւմտյան Հայաստանում, հասավ նաեւ Կարս: Սկսվեց արյունահեղություն. միակ միջոցը՝ փրկությունը, հեռանալն էր: Կարսն անշնչացավ, բնակիչները «թողած Կարսը, Կարսի այգին» հեռացան մայր հողից: Գաղթականների մեջ էր նաեւ 2 տարեկան Եղիշեն, ընտանիքից ողջ մնացած երեք հարազատների` տատիկի, հորաքրոջ եւ զարմիկի` Սարգիսի հետ:
Գաղթի ճանապարհը նրանց հասցրեց Գյումրի: Երկար ճանապարհը, հիվանդությունները, տանջալից օրերն ու կորցրած հարազատների ցավն իրենց հետքն են թողնում ընտանիքի՝ ողջ մնացած կանանց վրա: Հիվանդություններն ու սովն ստիպում են երեխաներին հանձնել Գյումրիում Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հիմնած որբանոց: Այստեղ նրանք գոնե հաց ու օթեւան կունենային: Որոշ ժամանակ անց որբանոցը որոշում է տեղափոխել սաներին, սակայն զանգվածային տեղափոխումը կասեցվում է: Միեւնույն ժամանակ փաստն այն էր, որ տեղի պայմանները, սնունդն ու ջուրն արդեն չէին բավականացնում սաներին խնամելու համար: Տարրական պայմաններն ապահովելու համար երեխաներին տեղափոխում են Հյուսիսային Կովկաս: Դժվար չէ, թերեւս, պատկերացնել, թե հոգեբանական ինչ դժվարին խնդիրներ են առաջանում անչափահաս տղաների `Եղիշեի եւ Սարգիսի ներաշխարհում. չէ ՞ որ կարճ ժամանակ էր անցել այն խաղաղ, բարեկեցիկ ժամանակներից, երբ իրենց ընտանիքի անդամների հետ էին: Մինչեւ չափահաս դառնալը տղաները մնում են մանկատանը, որտեղ արհեստ են սովորում:
Գործին զուգընթաց Եղիշեն հաճախում է միջնակարգ դպրոց, նաեւ ժողովրդական պարերի խմբակ: Այստեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ հետ: Ամուսնության առաջարկությունը չի ուշանում. նրանք կազմում են ընտանիք եւ շարունակում արմատներ տալ մայր հողում: