Մանուշակ Կառնուսյան

Armenian
Intro: 
«Գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ կորցրել ես ավելին, քան պարզապես լեզուն»,-ասում է Մանուշակ Կառնուսյանը:
Weight: 
-86
Related content: 
Story elements: 
Text: 
«Գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ կորցրել ես ավելին, քան պարզապես լեզուն»,-ասում է Մանուշակ Կառնուսյանը:
Text: 

Մանուշակ Կառնուսյանը ծնվել է 1960 թվականին: Մայրը շվեյցարացի է, հայրը՝ հայ։ Մեծացել է Շվեյցարիայի Գշտադ քաղաքում եւ մինչեւ «Berner Zeitung» պարբերականի պրոֆեսիոնալ լրագրող դառնալն աշխատել է որպես գրավաճառ ու Շվեյցարական ավիաուղիների ուղեկցորդուհի։ «Förderband» ռադիոկայանում եւ «Tessiner Zeitung» պարբերականում աշխատել է որպես լրագրող եւ խմբագիր։ Գործընկեր Յուրգ Շտայների հետ Մանուշակը ղեկավարել է Շվեյցարիայի Տիչինո կանտոնի (նահանգի) մամուլի գրասենյակը եւ համահեղինակել տեղի զբոսաշրջության վերաբերյալ երկու տեղեկատու։ Այժմ Մանուշակ Կառնուսյանը ղեկավարում է շվեյցարական «Brot für alle» («Հաց բոլորի համար») կազմակերպության տեղեկատվական բաժինը։ Նա իր ընկերոջ ու իրենց երկու երեխանեի հետ ապրում է Բեռնի մերձակայքում։

«Երկար ժամանակ ինձ հեռու էի պահում իմ հայ ինքնությունից։ Հայրս՝ Ջեյմս Կառնուսյանը, Հայ Դատի նվիրյալ էր, իսկ Հայոց ցեղասպանությունը մեր տանը հաճախ քննարկվող թեմաներից էր։ Երեխա եւ պատանի ժամանակ ես չէի ուզում իմ ինքնությունը կապել այդպիսի դաժան ոճրագործության հետեւանքների հետ. հայության ողբերգական պատմության բեռը չափազանց ծանր էր ինձ համար»,- ասում է Մանուշակ Կառնուսյանը, որը Շվեյցարիայում «Unsere Wurzeln, unser Leben» («Մեր արմատները, մեր կյանքը») վերնագրով գիրք է հրատարակել հայերի մասին։

Image: 
Text: 
                           «Unsere Wurzeln, unser Leben» («Մեր արմատները, մեր կյանքը») գրքի շապիկը
 

Նրա հայրը՝ Ջեյմս Կառնուսյանը, Բեռնում գործող Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համահիմնադիրն էր եւ հսկայական ջանքեր է գործադրել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության մասին հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Նա գրքեր է գրել, ֆիլմեր նկարահանել եւ հիմնադրել Համաշխարհային համահայկական կոնգրեսը (Pan-Armenian World Congress)։

Ջեյմսի ծնողները՝ Լուսի Գոստոնյանն ու Սարգիս Կառնուսյանը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայեր էին։ Մայրը ծնվել էր 1900թ. Կիլիկիայի Մարաշ քաղաքում (ներկայում՝ Քահրամանմարաշ, հարավային Թուրքիայում)։ Նա 15 տարեկան էր, երբ սկսվեցին զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները։ Նրա ընտանիքի բոլոր 33 անդամները սառնասրտորեն սպանվեցին։ Նա միակն էր, որ փրկվեց. նրան վիրավոր գտավ մի մահմեդական եւ տարավ բժիշկ Յակոբ Կյունցլերի մոտ՝ Ուրֆա (այժմ՝ Սանլիուրֆա, հյուսիս-արեւելյան Թուրքիա): 

Image: 
Text: 
                                            Ջեյմս Կառնուսյանը մոր՝ Լուսիի եւ հոր՝ Սարգիսի հետ
 

Որպես Շվեյցարիայի՝ քաղաքականապես չեզոք երկրի քաղաքացի՝ Կյունցլերին թույլ էին տվել պատերազմի ընթացքում մնալ Օսմանյան կայսրությունում։ Հաճախ նա միակ մարդն էր Ուրֆայի մերձակայքում, որ կարող էր բժշկական օգնություն ցույց տալ վիրավոր հայերին։ 1914-1918թթ. ընթացքում Յակոբ Կյունցլերը կնոջ՝ Էլիզաբեթ Բենդերի հետ բազմաթիվ հայերի է փրկել սպառնացող մահից։

Երբ 1921թ. Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցը, որը տասնյակ հայկական որբանոցներ էր պահում Օսմանյան կայսրության տարածքից դուրս, որոշեց Թուրքիայից տարհանել հայ որբերին, Յակոբ Կյունցլերին հաջողվեց Թուրքիայի հարավային եւ արեւելյան շրջաններից 8000 որբի ապահով եւ անվտանգ հասցնել Սիրիա ու Լիբանան։ Նրանց մեջ էր նաեւ Լուսի Գոստոնյանը։ Մանուշակ Կառնուսյանը համարում է, որ իր տատն այդպես է հայտնվել Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղի փախստականների ճամբարում էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Սարգիս Կառնուսյանին։ Իսկ վերջինս այն ըմբոստ ռազմիկներից էր, որոնք արիաբար պաշտպանեցին Մուսա լեռան շրջակա մի քանի հայկական գյուղերը։ Զույգը հինգ երեխա ունեցավ, եւ նրանք բոլորը մեծացան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Image: 
Text: 
                                                                      Մուսա լեռան ռազմիկները
                                     Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 

 

Մանուշակ Կառնուսյանը ծնվել է Շվեյցարիայում, եւ ոչ ինքը, ոչ էլ իր քույր-եղբայրներն առանձնապես շփում չեն ունեցել հոր բեյրութաբնակ ազգականների հետ։ «Իմ հայ պապը վախճանվել է 1950-ականներին՝ մինչեւ իմ ծնվելը։ Տատիս երեւի կյանքումս մի երեք անգամ եմ տեսել եւ չեմ կարողացել խոսել նրա հետ։ Ես չգիտեի հայերեն, իսկ նա՝ անգլերեն»,- վերհիշում է Մանուշակը։ 1970-ական թվականներին նրա տատն ու հորեղբայրներից մեկն արտագաղթում են Տորոնտո, որտեղ Մանուշակը մի անգամ այցելում է նրանց. «Մեծ մաման ինձ հրավիրեց ճաշի. բլղուր էր սարքել։ Հորեղբորս հետ միասին ապրում էին մի մեծ շենքի բնակարաններից մեկում։ Երբ նա բլղուրը պահարանից հանեց, տեսա, որ դարակում լիքը բլոճ կար։ Տատս ու հորեղբայրս, ինչպես երեւաց, ապրում էին աղքատության մեջ, խարխուլ մի տեղ։ Տարիներ էին անցել, սակայն՝ «արմատներիցս չպիտի կտրվեի»»։
 

«Հորս մահն ինձ զգացնել տվեց, որ ասես կտրված լինեմ իմ արմատներից։ Ես հասկացա, որ գրեթե չգիտեմ սեփական ընտանիքիս պատմությունը, որովհետեւ հայրս շատ չէր պատմում իր ծնողներից։ Երեւի ինքն էլ շատ չգիտեր, իսկ մենք ավել հարց չէինք տալիս»,-ասում է Մանուշակը։
 

Եվ Մանուշակն սկսեց հետաքրքրվել Շվեյցարիայի հայերով։ Նա ուզում էր իմանալ՝ արդյոք տեղի մյուս հայերն ավելի լա՞վ գիտեն իրենց ընտանիքների պատմությունը, թե ոչ, եւ ինչպես են նրանք սահմանում իրենց ինքնությունը։ Լրագրողին սա գիրք գրելու գաղափար ներշնչեց. «Ես ուզում էի ցույց տալ՝ ինչպիսին են հայերը, ինչպես են ապրում իրենց մշակույթի սահմաններում, ինչպես են առնչվում անցյալի ողբերգական պատմությանը։ Իմ նպատակը ցեղասպանությունից դուրս հայկական կյանքին նայելն էր։ Ես ուզում էի ցույց տալ, որ այս մարդիկ ողջ են, այստեղ են ու երջանիկ, ու նրանց չի կարելի ընկալել միայն ցեղասպանության նեղ համատեքստում»։

Մանուշակն ասում է, որ երկար է մտորել այս մասին գիրք գրելու շուրջ, քանի որ համոզված չի եղել, որ բավարար փող եւ ժամանակ կգտնի դա բարեհաջող ավարտին հասցնելու համար։ Բայց մի օր նա Տորոնտոյից անսպասելի նամակ է ստանում։ «Այն օրը, երբ որոշեցի գիրքս գրել, մի նամակ ստացա, որում ինձ հայտնում էին, որ ես եւ քույր-եղբայրներս որոշակի գումար ենք ժառանգել մեր հորեղբորից։ Դա ինձ համար նշան էր։ Ստացածս ժառանգության շնորհիվ ես կարողացա մասնակիորեն ֆինանսավորել գրքիս հրատարակությունը։ Դա ինձ հավելյալ ուժ տվեց»։

Գրքի հրատարակության համար անհրաժեշտ գումարի մնացած մասը վճարելու համար նա դրամահավաք է կազմակերպում, եւ դրա շնորհիվ Շվեյցարիայի հայերի մասին պատմող գիրքը դառնում է ամբողջովին անկախ մի նախաձեռնություն։ «Ես կյանքի տասներկու պատմություն գրառեցի, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է պատմության, մշակույթի, քաղաքականության եւ տնտեսության մասին բացատրական տեքստերով։ Վերջիններս լույս են սփռում Հայաստանի անցյալի վրա, տեղեկություններ հաղորդում եկեղեցու դերի, լեզվի կարեւորության եւ հայերի հետ Շվեյցարիայի համերաշխության մասին։ Դա ինձ մղեց մի շարք հարցեր առաջադրել. ի՞նչ է հայ ինքնությունը։ Ո՞րն է դրա էությունը։ Ինչի՞ց է, որ չորս սերունդ այստեղ ապրող եւ հայոց պատմության հետ արդեն որեւէ կապ չունեցող մարդիկ շարունակում են իրենց հայ զգալ: Ես պիտի պարզեի պատճառները»,-ասում է Մանուշակ Կառնուսյանը։

Բայց մի հարց այդպես էլ մնաց անպատասխան. «Ինչո՞ւ մեր հայրը մեզ հայերեն չսովորեցրեց։ Նրա մահից հետո ես ամենաշատն այդ մասին էի մտածում։ Առաջ ասում էին, որ նա ստիպված էր գերմաներեն սովորել ու դրա համար չի խոսում հայերեն։ Մեզ՝ երեխաներիս, այդ պատասխանը բավարարում էր։ Ի վերջո նա, իր աստվածաբանական ուսումը շարունակելու համար, հաճախել էր Ցյուրիխից ոչ հեռու գտնվող անգլիական բապտիստական սեմինարիա։ Քահանա կարգվելուց հետո, երբ դարձավ եկեղեցու սպասավոր, նա պետք է արդեն գերմաներեն սովորեր։ Ամեն ինչ տրամաբանական էր թվում մեզ՝ երեխաներիս։ Բայց հետագայում, երբ նա արդեն չկար, ես հասկացա, որ հարցն այդ չէր։ Գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ կորցրել ես ավելին, քան պարզապես լեզուն։ Լեզուն մշակույթի բանալին է։ Ինչո՞ւ նա մեզ չտվեց այդ բանալին, նա, որ այդքան նվիրված էր հայությանը։ Մինչ օրս ես այս հարցին բավարար պատասխան չեմ կարողանում գտնել»։

*Գլխավոր նկարում՝ Մանուշակ Կառնուսյանը, լուսանկարը՝ Ստեֆըն Անդերեգի, «Bernerzeitung» թերթ

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
«Տարիներ էին անցել, սակայն արմատներիցս չպիտի կտրվեի»
Story number: 
136
Header image: