«Արհավիրքից հետո շառավիղը շարունակվել է»
Գոհար Սիրունյան, Հայաստան
Իմ ծագումն ինձ համար հպարտություն է, քանի որ աշխարհն է զարմացած հայի խելքով, բազկի ուժով եւ արարելու նպատակասլացությամբ:
1918թ. ջարդից Կարսի շրջանի Բայլամու գյուղում փրկվել են իմ հարազատները. երկու պապերս՝ Մելքոն Ավետիսի Սիրունյանը եւ Հովհաննես Խլղաթյանը, տատերս՝ Օսկո (ազգանունը չգիտեմ) եւ Շուշան Հարութի Գաբրիելյանը, հորեղբայրս՝ Վաղինակ Մելքոնի Սիրունյանը, հորաքույրս՝ Աշխեն Մելքոնի Սիրունյանը եւ այլ բարեկամներ հայրական կողմից:
Պապս ՝ Մելքոն Սիրունյանը բնակություն է հաստատել Շահումյանի շրջանի, Խնձորուտ գյուղում (ներկայում՝ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամաս): Իսկ մյուսները Սպիտակի շրջանի գյուղերում՝ Ղալթաղչի (այժմ՝ Հարթագյուղ), Սպիտակ քաղաքում, Գյումրիում, Մարալիկում եւ այլ բնակավայրերում:
Դիանա Չալիկյան, Հայաստան
Տատիկիս մայրն է փրկվել Հայոց ցեղասպանությունից: Ցավոք, ոչինչ չգիտենք նրա փրկության, նույնիսկ նրա բնօրրանի մասին: Նա փրկությունից հետո հայտնվել է Գյումրիում ու ապրել այնտեղ: Միայն գիտենք, որ նա փրկվել է ֆիդայիների օգնությամբ: Ես հպարտ եմ, որ հայ եմ՝ պայքարող հայի ժառանգ, որ կարողացել է փրկվել ոճիրից: Երախտապարտ եմ բոլորին, ովքեր օգնել են տատիկիս մորը փրկվել, գոյատեւել ու շարունակել կյանքը:
Գայանե Հովսեփյան, Հայաստան
Ես հպարտ եմ, որ պապիկիս ողջ գերդաստանը զինվորագրվել է հայ ժողովրդի պաշտպանությանը: Նրանք ապրում էին Արճեշում: Ջարդերից փրկվել են պապիկս՝ Ասատուր (Խոդեդան) Ռուբենի Հակոբյանը, քույրը եւ իր հորեղբոր ընտանիքը: Նրանց փրկվելուն օգնել է Ղազար անունով, ոտքից կաղ մի աղջիկ: Հետագայում նրանք հաստատվել են Երեւանի Սիլաչի թաղամասում: Երանի, կարողանայի կատարել նրանց պատգամը՝ ազատագրելով պապական հողերը:
Երջանիկ Հովակիմյան, Հայաստան
Ուրախ եմ, որ այդ արհավիրքից հետո, այնուամենայնիվ, շառավիղը շարունակվել է: Կնոջս հայրն է փրկվել ջարդերից: Նրանք ապրում էին Էքնախոջա/Այնխոջա գյուղում, որը 360 հայ բնակիչ ունեցող գյուղ էր Մանազկերտի գավառում: Կնոջս հայրը փրկվել է համագյուղացու օգնությամբ՝ հետագայում հայտնվելով ու հաստատվելով Գյումրիում:
Մարինե Մկրտչյան, Հայաստան
Հայ լինելս հպարտություն է ինձ համար: Ջարդից փրկվել է պապս՝ Գրիգոր Մուրադյանը: Ցավոք, ոչ մի բան չգիտենք փրկության պատմության մասին՝ նա երբեւէ չի պատմել: Չգիտենք՝ ինչպես, նա հայտնվել է Սպիտակում ու հաստատվել այնտեղ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են նրան: