Ռալֆ Յիրիկյան
«Ես ինձ շատ լավ հայ էի զգում այնտեղ, բայց միշտ մտքումս հարցական կար՝ արդյոք ես պետք է հա՞յ զգամ ինձ, թե՞ լիբանանցի: Ընկերներիս միշտ հարցնում էի՝ ես պետք է ուրախանամ Լիբանանի՞ անկախության օրվա առիթով, թե՞ պետք է ավելի շատ կենտրոնանամ մայիսի 28-ի՝ առաջին հայկական հանրապետության անկախության օրվա վրա»,- պատմում է Ռալֆ Յիրիկյանը:
Ադանայից՝ Բեյրութ
«Իմ հայրիկի պապը՝ Հարություն Յիրիկյանը, եւ տատը՝ Սիրուն Ադալյանը, ծնվել են Ադանայում, ամուսնացել եւ ունեցել 4 երեխա. Սեզարը (նա մահացել է փոքր տարիքում), Մարտիրոսը`պապս, Լյուդվիգը եւ Երանուհին: Հարությունն զբաղվում էր վաճառականությամբ»,- պատմում է Յիրիկյանը:
Հարություն Յիրիկյանն ու Սիրուն Ադալյանը՝ իրենց երեխաների հետ՝ Երանուհի, Լյուդվիգ, Մարտիրոս (ձախից աջ), Ադանա, հավանաբար՝ 1906թ. |
Ադանան Դաշտային Կիլիկիայի կենտրոնն էր եւ գտնվում էր Օսմանյան կայսրության անատոլիական հատվածի հարավում։ 20-րդ դարի սկզբին այն ուներ շուրջ 45 հազար բնակչություն, որից 13 հազարը հայ էր։ Այստեղ գործում էին հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու մանկապարտեզներ։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից մոտ մեկ տարի անց՝ 1909 թ. ապրիլին, Ադանայի վիլայեթում տեղի են ունենում հայերի կոտորածներ: Զոհվում է մոտ 20 հազար մարդ, ավերվում են քաղաքների հայկական թաղամասերն ու հայաբնակ գյուղերը։
Յիրիկյանների ընտանիքին հաջողվում է խույս տալ կոտորածներից եւ տեղափոխվել համեմատաբար անվտանգ Հալեպ. «Հալեպում ընտանիքի ապրուստն ապահովելու համար Հարությունն աղբահավաք է աշխատում: Թերեւս աշխատանքի ընթացքում վարակվում է ինչ-որ վարակիչ հիվանդությամբ եւ մահանում: Նրա մահից ընդամենը երեք օր հետո մահանում է նաեւ կինը՝ Սիրունը: Որբացած երեխաները հետ են ուղարկվում հայրենի Ադանա՝ որբանոց»։
1915-ին սկսվում է Հայոց ցեղասպանությունը։ Նրանց, ում չեն սպանում իրենց բնակավայրերում, զանգվածաբար տեղահանում են դեպի սիրիական անապատներ։ Ինչպես հազարավոր այլ հայեր, Յիրիկյան որբերը հայտնվում են Հալեպում, որը տեղահանության միջանկյալ կայաններից մեկն էր։
Բախտի բերմամբ, այստեղ Մարտիրոսին գտել եւ վերցրել է նրա մեծ տատիկի՝ Սիրուն Ադալյանի բարեկամներից մեկը։ Բայց Մարտիրոսը ցանկացել է հետ գնալ ու գտնել քրոջն ու եղբորը: Նրան հետ են տարել որբանոց, որտեղ գտել է իր քրոջն ու եղբորը։ Որոշ ժամանակ անց երեխաներին տեղափոխել են Լիբանան՝ տեղավորելով բազմաթիվ հայկական որբանոցներից մեկում։ Երեխաները մեծացել են որբանոցում։ Հետո Մարտիրոսը ծառայել է ֆրանսիական բանակում՝ Արեւելյան (1918 թ.-ից՝ Հայկական) լեգեոնում: Իսկ Լյուդվիգը տեղափոխվում է Դամասկոս, ապրում հայկական միջավայրում, ընտանիք կազմում հայի հետ՝ ունենալով 3 տղա ու մեկ աղջիկ: Երանուհին ամուսնանում ու ապրում է Բեյրութում:
Մարտիրոսն ապրում էր Բեյրութի մերձակայքում՝ այնպիսի միջավայրում, որտեղ հայեր չկային: Նա էլ ընտանիք կազմեց լիբանանցու հետ:
Ռալֆ Յիրիկյանի պապն ու տատը՝ Մարտիրոս Յիրիկյանը տիկնոջ՝ Անիսեի հետ |
«Մարտիրոսի կնոջ անունն արաբերենով Անիսե է: Ես չեմ հիշում նրան, ինքը մահացել է, երբ ես հազիվ 11 ամսական էի: Հիշում եմ Մարտիրոս պապիս՝ ինձ պես բարակ-բոյով էր, տարիքն առած, մեջքը՝ մի քիչ կոր, առանց գավազանի չէր քայլում: Շատ քչախոս էր: Հայերեն խոսում էր դժվարությամբ, ոչ թե՝ որ չգիտեր: Գիտեր, բայց չէր խոսում: Երբ որ թոռնիկները՝ ես ու եղբայրներս, խոսում էինք, զգում էի, որ ուրախանում էր, մի քանի բառ ինքն էլ ասում էր, բայց փոխում էր արաբերենի: Հիմա մտածում եմ՝ գուցե վախ կար, հոգեբանական շոկ, որի մեջ մարդ կարող է մնալ մինչեւ կյանքի վերջ»,- հիշում է Ռալֆ Յիրիկյանը:
Մարտիրոսն ունեցել է երեք երեխա՝ Ժորժետը, Սիրունը եւ Սեզարը՝ Ռալֆի հայրը:
Մարտիրոս Յիրիկյանը զավակների՝ Սեզարի, Սիրունի եւ Ժորժետի հետ (ձախից աջ) |
«Հայրս մեծացել է մի միջավայրում, որտեղ հայերեն չկար, չէին օգտագործում հայերեն: Նա էլ ամուսնացել է ոչ հայի հետ, բայց հայապահպանության գործում մորս ավանդը մեծ է»,- ասում է Յիրիկյանը: Սեզար եւ Էմիլի Յիրիկյաններն ունենում են 4 երեխա՝ Պիեռը, Պոլը, Միրելը եւ Ռալֆը:
«Մայրս տեսնում էր, որ հայրս ցավ է ապրում, որ չի կարողանում խոսել հայերեն, դրա համար ամեն ինչ արեց, որպեսզի մենք նույն խնդիրը չունենանք: Մայրս, չլինելով հայ, ընտանիքում հայապահպանության գործում մեծ դեր ունեցավ: Մեզ կարող էին արաբական դպրոց տանել, բայց ուղարկեցին հայկական դպրոց»,- պատմում է Յիրիկյանը:
Սեզար եւ Էմիլի Յիրիկյանների զավակները. կենտրոնում Ռալֆը՝ զույգ եղբայրների եւ քրոջ հետ |
Ռալֆ Յիրիկյանը հաճախ է այցելում ծնողներին՝ Բեյրութ, որտեղ հավաքվում են ընտանիքով: Ասում է, որ հորաքույրներն էլ հայերեն չգիտեն, բայց իրենց ինքնությամբ հայ են. «Հայրս 79 տարեկան է, վերջերս հերթական այցիս ժամանակ ինձ բառերի ցանկ է ցույց տալիս՝ արաբերեն տառերով հայերեն բառերի ցանկ. փորձում է այս տարիքում սովորել հայերեն»:
«Ամենաոսկի» որոշումը
«Ես ծնվել եմ Բեյրութում, մայրս լիբանանցի է, ուրեմն՝ կեսս լիբանանցի է, բայց միջավայրը, որում էի՝ դպրոց, ակումբ, խաղեր՝ լրիվ հայկական էր: Այնտեղ մանկապարտեզից մինչեւ դպրոցի վերջին դասարան մեզ ներարկում էին Հայաստանի՝ հեքիաթային աշխարհի մասին պատկերներով, հայոց պատմության, աշխարհագրության, հայերենի գիտելիքներով»,- ասում է Յիրիկյանը:
2001 թվականին Ռալֆ Յիրիկյանն առաջին անգամ եկավ Հայաստան՝ Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունից գործուղվելով Արցախ. «Իհարկե, ապրեցի մշակութային շոկ: Այն, ինչ աչքերս տեսնում էին, փորձում էր մտնել ուղեղս, բայց այնտեղ պատնեշ կար, չէր ստացվում, չէր համապատասխանում այն իրականությանը, որը ես սովորել էի: Մեզ չէին սովորեցնում, թե ինչպիսին է եղել կոմունիստական Հայաստանը Խորհրդային Միության տարիներին»:
Յիրիկյանի հաջորդ գործուղումը Հայաստան պետք է լիներ 6 ամսով. «Ասացի՝ ես պայման ունեմ. առանց ընտանիքի չեմ գնա: Գնացի տուն, տիկնոջս հետ կիսվելու, 5 րոպե չկար՝ որոշեցինք, որ գնում ենք: Կարծում եմ, որ այդ որոշումը մեր ամուսնության ամենաոսկե որոշումներից մեկն էր: Վեց ամիսը շուտով կդառնա 14 տարի»,- ասում է Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը տիկնոջ՝ Արմիկի եւ զավակների՝ Սարինի ու Նարեկի հետ |
2005 թվականից Ռալֆ Յիրիկյանը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը զգալիորեն փոխել է Հայաստանի բջջային հաղորդակցության ոլորտի շուկան։ Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ընկերությունը ոչ միայն զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին, այլեւ օրինակ ծառայել՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, որը տարիներ շարունակ ներդրումներ է կատարում բնապահպանական, սոցիալական, մշակութային ոլորտներում։
«Եթե մենք ուզում ենք 20 կամ թեկուզ 50 տարի հետո ունենալ առողջ, ճիշտ կրթված ու ճիշտ մտածելակերպ ունեցող սերունդ, պետք է ամուր հարթակ ստեղծենք: Ուշադրության կենտրոնում պիտի պահել առողջապահության, կրթության, բնապահպանության եւ մշակույթի ոլորտները»,- նշում է Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը մշտապես աջակցել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ արժեքավոր փաստաթղթերի եւ իրերի ձեռքբերման հարցում: Նրա ջանքերով տարիների ընթացքում բազմաթիվ իրեր են գնվել միջազգային աճուրդներից եւ հանձնվել թանգարան-ինստիտուտին՝ որպես ցեղասպանության վկայություն եւ փաստ:
«Ես անցյալով չեմ ապրում, բայց մեր երեխաների համար խաղաղ եւ ապահով կյանք ստեղծելու համար անհրաժեշտ է այսօր վերականգնել արդարությունը: Ամեն հայ պետք է իր պարտքը համարի մասնակցել այդ գործին` հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակված նախնիներին: Ինձ համար սա նաեւ անձնական պատասխանատվություն է իմ ընտանիքի առջեւ»,- ասում է Յիրիկյանը:
Նրա համար Հայաստանը հայրենիքի մի մաս է՝ հիանալի բնությամբ հին պատմական, մշակութային, կրոնական կենտրոն, որը բացառիկ աշխարհագրական դիրք ունի, որի օդն ու ջուրն անկրկնելի են:
«Անկախության 24 տարիներին մենք բավականաչափ ճանապարհ ենք անցել: Շատերն այդ ճանապարհն անցել են 100 տարում: Այս զարգացման գործընթացը համբերություն է պահանջում,- ասում է Ռալֆ Յիրիկյանը,- պարզապես պետք է դրական վերաբերվել կյանքին, կառուցողական մտածել եւ խոսել, որպեսզի ապագայում միշտ հաղթող դուրս գալ: Զավակներիս ու բոլորին եմ սա ասում. պետք է հավատալ սեփական կարողություններին»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: