Ներսես Օհանյան
Այսօր Օհանյան եղբայրների ընկերությունն առաջատար դիրք է գրավում օգտագործված հագուստի իրացման եւ վերաշրջանառության համաշխարհային շուկայում: Ավելի քան 30 տարի է՝ նրանք հին հագուստին երկրորդ կյանք են տալիս: Այն, ինչ համեստորեն սկսվել է ընդամենը հինգ աշխատակցի ջանքերով, վերաճել է 2000 աշխատատեղ ունեցող ձեռնարկության: Մինչ Ներսեսը կենտրոնացած է ռազմավարական աճի թիրախների վրա, Հակոբը նոր շուկաներ է գրավում, եւ այս համակցված մոտեցումը թույլ է տվել եղբայրներին այնպիսի մի կայսրություն աճեցնել, որն 90 երկրում զբաղվում է օգտագործված հագուստի իրացմամբ եւ մասնաճյուղեր ունի վեց մայրցամաքներում:
SOEX GROUP ընկերության տեսակավորման գործարանը Վոլֆենում, Գերմանիա |
SOEX GROUP գործարանում ձեռքով տեսակավորվող հագուստ |
Ես վարձահատույց կլինեմ
SOEX GROUP ընկերության հիմնադիր Սուրեն Օհանյանը |
Այդ ժամանակ Ներսեսի հայր Սուրենն զբաղվում էր մեքենաներով եւ ավտոպահեստամասերով: Նա դրանք գնում էր Գերմանիայից կամ ԱՄՆ-ից եւ վերավաճառում իր հայրենի երկիր Սիրիայում: «Դեպի Գերմանիա իմ առաջին ճամփորդության ժամանակ էր, որ սիրահարվեցի այդ երկրին: Կանոնները, կարգը, մաքրությունը՝ այդ ամենն ինձ շատ գրավեց»,- հիշում է Սուրենը:
1997թ. Սուրենը Գերմանիայում հիմնում է SOEX GROUP ընկերությունը: Հայր ու որդի օրական 12-ից մինչեւ 14 ժամ էին աշխատում, իսկ ընտանիքը բնակվում էր հեռավոր Սիրիայում: Երեք տարի անց նրանց ֆինանսական դրությունը բավականաչափ կայունացավ, եւ ընտանիքի մյուս անդամները նույնպես կարողացան տեղափոխվել Գերմանիա:
Սուրեն Օհանյանը (կենտրոնում)՝ Գերմանիա իր առաջին այցելությունից կարճ ժամանակ անց |
Այդուհանդերձ, հաջողության ուղին խորդուբորդ էր: Մեկ անգամ չէ, որ նրանց մոլորեցրել ու դավաճանել են մարդիկ, որոնց վստահել էին: Երբ ընկերությունը տարեկան երկու միլիոն գերմանական մարկի եկամուտ սկսեց ապահովել, բիզնես գործընկերներից մեկը յուրացրեց ամբողջ շահույթը: «Ես տեսա, թե որքան էր հայրս ցնցված այդ ամենի պատճառով ու խոստացա՝ «պա՛, մի՛ անհանգստացիր, ես կզբաղվեմ դրանով»»,- պատմում է Ներսեսը:
SOEX GROUP ընկերության գործարանում վերամշակման համար նախապատրաստված հագուստ |
Նա ծրագիր ուներ. կենտրոնանալ խոշոր ընկերությունների վրա, որոնք գործում են օգտագործված հագուստի շուկայում: «Այն ժամանակ օգտագործված հագուստի հավաքմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություն կար Համբուրգում, որոնցից մեկը «Melosch»-ն էր, որը պայմանագիր ուներ Աքսել Սպրինգերի հետ, իսկ մյուսը ղեկավարվում էր մի լավ ու հեղինակավոր գործարարի կողմից: Ես գնացի նրա մոտ ու ասացի. «Պարոն Յորգ, անունս Ներսես Օհանյան է: Ես բոլորովին գումար չունեմ, բայց եթե դուք ինձ ապրանք ու վարկ տրամադրեք, ես վարձահատույց կլինեմ»: Ես մինչեւ հիմա հիշում եմ, թե նա ինչպես նայեց ինձ, հետո վերցրեց հեռախոսափողը՝ ինչ-որ մեկին կարգադրելով ուղարկել ինձ ապրանքը, ընդ որում՝ ամբողջը: Իսկ «ամբողջը» 600-700 տոննա էր: Նա ինձ 400 հազար գերմանական մարկի չափով վարկ տրամադրեց: Պարզապես վստահեց ինձ»:
SOEX GROUP ընկերության գործարանում վերամշակված հագուստի «գոբելեն» |
Ներսեսն այնպես է պատմում այս պատմությունը, կարծես այն երեկ է տեղի ունեցել: Այժմ իր կյանքի վեցերորդ տասնամյակի կեսերին գտնվելով՝ նա թողնում է ազնիվ, խանդավառ ու էներգիայով լի մարդու տպավորություն: Հավանաբար նրա ակնհայտ խարիզման է ճանապարհ հարթել դեպի բարձունք: 1995թ. Սուրենը կառավարման լծակները փոխանցել է իր որդիներին՝ Ներսեսին ու Հակոբին, եւ ընկերությունն այդ ժամանակից ի վեր վերելք է ապրում:
Ներսեսի եղբայրը եւ գործընկերը՝ Հակոբ Օհանյանը |
Հարկադրված է ընտրել
Հարյուր տարի առաջ Օհանյանների ընտանիքը բախվեց գոյատեւման հետ կապված մարտահրավերների. նրանց եւս չշրջանցեց 1915 թվականի աղետը: «Հայրս կորցրեց իր ընտանիքն ու ընկերներին եւ ինքն էլ մի կերպ փրկվեց»,- պատմում է Սուրենը, որն իր առաջնեկին Ներսես է անվանել հենց իր հոր պատվին: «Նրանց ընդհանրությունը միայն անունը չէ,- ասում է Սուրենը,- առաջին հերթին՝ անհատականությունն է»: Այն մութ օրերին եթե որեւէ մեկն ավագ Ներսեսին ասեր, որ նա վերապրելու է Հայոց ցեղասպանությունը, իսկ ժառանգներն օգտագործած հագուստի վերաշրջանառության մի կայսրություն են կառուցելու, նա ոչ մի բառի չէր հավատա:
Սուրեն Օհանյանը (վերեւում՝ ձախից) եւ նրա հայրը՝ Ներսես Օհանյան ավագը (ներքեւում՝ աջից) ընտանիքի անդամների՝ Էգլանտինի, Հակոբի, Արուսյակի եւ Սիլվարդի հետ |
1914 թ. նոյեմբերին, երբ օսմանյան կառավարությունը ներգրավվեց առաջին համաշխարհային պատերազմում՝ պատերազմ հայտարարելով Անտանտի ուժերին, Ներսես ավագին հարկադրաբար զորակոչեցին բանակ: 1915-ի ապրիլի վերջին օրերին, երբ Կոստանդնուպոլսում հայ մտավորականների մի մեծ խումբ ձերբակալվեց՝ որպես պատրվակ՝ նախաձեռնելու հայ զինվորների զինաթափումն ու սպանությունը եւ սկսելու հայ խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ կայսրության ողջ տարածքում, Ներսեսը հարկադրված էր Գալիպոլիի ճակատամարտում պայքարել բրիտանացիների դեմ: Այդ երկարատեւ ճակատամարտի ընթացքում նա ոտքի հատվածում երեք տեղից վիրավորվում է հրազենից եւ հայտնվում հիվանդանոցում: «Այն ժամանակ, երբ նա արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից, որպեսզի կրկին վերատեղակայվի առաջին գծում, նրա բոլոր մարտական ընկերներն արդեն սպանվել էին ռազմական գործողությունների հետեւանքով»,- պատմում է Սուրենը: «Հայրս շտապեց վերադառնալ իր հայրենի գյուղը՝ Հռոմկլա, որպեսզի իր հարազատներին օգնի ապահով վայր տեղափոխվել՝ հատելով Եփրատը»:
Հռոմկլա փոքրիկ գյուղը գտնվում էր Գալիպոլիի թերակղզու վրա, Եփրատ գետի ափին, Այնթապի եւ Ուրֆայի միջեւ ընկած հատվածում (ներկայում՝ Գազիանթեպ եւ Շանլըուրֆա, Թուրքիայի հարավարեւելքում): Մինչեւ 1915 թվականը գյուղում մոտ 40 ընտանիք էր բնակվում: Այսօր գյուղից մնացել են միայն միջնադարյան ամրոցի ավերակները:
Հռոմկլան (անվանում են նաեւ Ռումկալե)՝ Ներսես Օհանյան ավագի գյուղն այսօր (լուսանկարը՝ Ֆիլ Սապիրշտայնգի, Flickr |
Ներսես ավագը երկու մեծ նավակ է վարձակալում, յուրաքանչյուրը՝ երկու հոգուց բաղկացած անձնակազմով: «Երկու նավակները կարող էին հեշտությամբ տեղավորել մի քանի ընտանիք»,- բացատրում է Սուրենը,- հայրս վճռականորեն որոշել էր փրկել հնարավորինս շատ համագյուղացի՝ այդ փորձի ընթացքում վտանգելով սեփական կյանքը»:
Ներսես ավագն իր սեփական փոքրիկ նավակով թիավարեց մինչեւ գյուղը, որպեսզի նախապես պայմանավորված վայրում հանդիպի իր ընտանիքին: Կանգ առնելով գետի ափին՝ նա սպասում է, որ երկու մեծ նավակները ժամանեն, բայց դրանք այդպես էլ չերեւացին: «Հավանաբար թուրք պահակները կանգնեցրել էին դրանք ու հետ ուղարկել: Պատճառը, որ հայրս կարողացել էր հասնել գյուղին իր սեփական փոքրիկ նավակով, առաջին հերթին, անշուշտ, օսմանյան բանակի նրա համազգեստն էր»,- ասում է Սուրենը:
Այդ ծանր իրավիճակն արագ որոշում էր պահանջում:
Իր փոքրիկ նավակում միայն մեկ հոգու տեղ ունենալով՝ Ներսես ավագն իր հետ է վերցնում իր փոքր զարմիկին՝ Հակոբ Չերջյանին:
Անվտանգ վայր հասնելուն պես նրանք իմանում են, որ բոլոր համագյուղացիները կոտորվել են, իսկ նրանց տները թալանել ու այրել են: «Հայրս այլեւս երբեք չտեսավ իր ընտանիքին»,- պատմում է Սուրենը:
Հայերի համար իրավիճակն օր օրի վատթարանում էր. օսմանյան բանակում ծառայող հայ զինվորներին արդեն զինաթափել էին ու, որպես հավանական դավաճանների, մահապատժի ենթարկել: Կայսրության ողջ տարածքում հայկական վերնախավի ներկայացուցիչներին հետապնդում ու սպանում էին: Դեռեւս ողջ մնացածներից շատերին հարկադրաբար ուղարկեցին անավարտ Բաղդադի երկաթուղում բանվորական աշխատանքների: Այդ ճակատագիրը բաժին հասավ նաեւ Ներսես ավագին: «Աշխատանքն անչափ տաժանակիր էր, իսկ բանվորների աստիճանական եւ համակարգված բնաջնջումը ծրագրի մի մասն էր: Երկար տարիներ շարունակ հայրս ստիպված էր աշխատել կիզիչ արեւի տակ»,- հիշում է Սուրենը:
Հետագայում հայրս հաճախ էր պատմում մեզ Ալիի մասին՝ նշելով, որ նա լավ, վստահելի ու արդար մարդ էր: Հայրս խորապես երախտապարտ էր նրան:
Մանկահասակ Սուրեն Օհանյանը մոր եւ քրոջ հետ Հալեպում, Սիրիա |
Ոչինչ չներդնել՝ նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ
SOEX GROUP ընկերության գլխամասային գրասենյակը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում |
Նրա ընդարձակ գրասենյակի մեծ պատուհանները բացվում են մի տարածքի վրա, որտեղ օրական շուրջ 30 բեռնատար մեքենաներ օգտագործված հագուստ են տեղափոխում: Սեւեռուն հայացքն ուղղելով տեսակավորման գործարանին՝ Ներսեսն ասում է. «Եթե ցանկանում եք հաջողության հասնել, պետք է պատրաստ լինեք ռիսկի դիմել: Նա, ով ռիսկային ներդրումներ է անում, կարող է ամեն ինչ կորցնել, սակայն ոչինչ չներդնել՝ նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: