Գայանե Մկրտչյան
Գայանե Մկրտչյանի հայրը եւ պապը` Հովհաննես Մկրտչյանն ու Մկրտիչ Խլոյանը |
Հայրս փոխեց մեր ազգանունը՝ վերցնելով պապիս անունը: Հովհաննեսն ու իր ժառանգները դարձան Մկրտչյաններ:
50 տարի հետո միմյանց գտած եղբայրների միակ կապի միջոցը նամակագրությունն էր. հատված Մելքոնի նամակից՝ ուղղված եղբորը՝ Հովհաննեսին |
Հորս եղբայրն ուրիշ ազգանուն ուներ. Վանից գաղթելիս՝ դեպի Բաղդադ տանող ճանապարհներին, մի քուրդ էր գտել կորած երեխային եւ հետ վաճառել մի հայի: Ցավոք, երկու եղբայրներին վիճակված չէր հանդիպել: Սովետական օրենքները թույլ չէին տալիս. հայրս բռնադատված էր եղել, գտնված հորեղբայրս էլ դաշնակցական էր: Նրանք կարող էին միայն նամակներ գրել. կարոտի նամակներ` իրար գրկելու անհույս երազանքով, անկատար երազանքով: 1978 թվականին հայրս արդեն չկար`տառապանքի միջով անցած սիրտը էլ չդիմացավ: Վանից բերված մի բուռ հող էլ նրա շիրիմին լցրեցինք։ 1981 թվականին էլ մահացավ եղբայրը`Մելքոն Մելքոնյանը:
Մելքոն Մելքոնյանի ընտանիքը |
Հայաստան գալով՝ պապս հաստատվեց Աշտարակում, պապիկիս ազգականների մի մասն էլ՝ Արտաշատում։ Մայրիկիս՝ Սիլվա Խաչատրյանի ծնողները եւ ազգականները, որոնք նույնպես Վանից էին գաղթել, հաստատվեցին Ողջաբերդում: Նրանք բոլորն էլ մի անուն ունեին՝ գաղթական:
Մկրտիչ Խլոյանի ընտանիքը (ձախից երրորդը՝ Սիլվա Խաչատրյանն է՝ Գայանեի մայրը) |
*Լուսանկարները տրամադրել է Գայանե Մկրտչյանը:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Գայանե Մկրտչյանը: