Մերի Լուիզ Գրաֆամ
Մեյն նահանգի Մոնսոն քաղաքում 1871թ. մայիսի 11-ին ծնված Մերի Լուիզ Գրաֆամը 1894-ին ավարտել է Օհայոյի Օբերլինի քոլեջը։ 1900թ. Գրաֆամի քույրը՝ Վինոնան, եւ վերջինիս ամուսինը՝ Էռնեստ Քրոքեր Փարթրիջը, որպես միսիոներ մեկնում են Սեբաստիա՝ այդպիսով նպաստելով Մերիի՝ նույնպես այնտեղ մեկնելու շրջադարձային որոշմանը։
Որպես Օտարերկրյա առաքելությունների ամերիկյան լիազորների խորհրդի (Ամերիկյան խորհուրդ/ American Board of Commissioners for Foreign Missions) միսիոներ՝ Գրաֆամը 1901թ. հասնում է Սեբաստիա։ Մեկ տարի անց 31 տարեկան Մերին դառնում է Օրիորդաց ավագ վարժարանի տնօրենը, որտեղ նաեւ դասավանդում է հանրահաշիվ ու երկրաչափություն եւ կազմակերպում գրական ու մշակութային միջոցառումներ։ Ի հավելումն ֆրանսերենի եւ իր մայրենի անգլերենի՝ Գրաֆամը կարճ ժամանակում վարժ տիրապետում է նաեւ հայերենին ու թուրքերենին։ Նա ավագ դասարանների ուսուցիչ է աշխատում նաեւ մերձակա Կյուրին, Տարենտե, Տեւրիկ (Դիվրիգի) եւ Զարա բնակավայրերում։
20-րդ դարի սկզբին Սեբաստիայում Ամերիկյան խորհրդի առաքելությունը հասել էր բարձրակետին։ Միսիոներների թիվը կրկնապատկվել էր, իսկ քաղաքի հայկական թաղամասում կառուցվել էր հիվանդանոց ու դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց առաջ Սեբաստիայի օրիորդաց վարժարանում սովորում էր 200 աշակերտ։
Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմ միացավ 1914թ. նոյեմբերին։ Մեկ ամիս անց թուրքական բանակը կովկասյան ճակատում ծանր պարտություն կրեց՝ տալով մեծաքանակ զոհեր։ Թեպետ Գրաֆամը հնարավորություն ուներ լքելու երկիրը, սակայն որոշեց մնալ եւ աշխատել որպես բուժքույր։ Բժիշկների հետ նա ուղեւորվեց Էրզրում՝ կովկասյան ռազմաճակատ։
Կարմիր մահիկի հոսպիտալում աշխատելիս նա հարյուրավոր թուրք զինվորների է փրկել տիֆից եւ ցրտահարությունից։
Հիվանդանոցում անձնվեր աշխատանքի համար թուրքական կառավարությունը 1917թ. նրան պարգեւատրվել է «Կարմիր մահիկի» կայսերական շքանշանով։ Մինչեւ իր մահը նա շարունակում էր շնորհակալական նամակներ ստանալ թուրք զինվորներից։
Սրտացավություն եւ անկասելի վճռականություն
Երբ Գրաֆամը վերադարձավ Սեբաստիա, կառավարությունը հայ բնակչությանը զանգվածաբար տեղահանելու հրամանն արդեն արձակել էր։ Մերի Լուիզին պարզ էր, որ այդ տեղահանությունը հայերի համար մահ է նշանակում։ Իր սաներին աքսորից փրկելու նպատակով նա անձամբ այցելում է նահանգապետ Մորա բեյին՝ խնդրելով թույլ տալ աղջիկներին պահել Սեբաստիայում։ Թուրք պաշտոնյան պատճառաբանում է, իբր «աղջիկներին ընտանիքներից կտրելու» կարիք չկա, եւ որ նրանց ճանապարհն «ապահով կլինի»։ Գրաֆամն, այնուամենայնիվ, որոշում է ուղեկցել իր սաներին «ապահով» այդ ուղեւորության ընթացքում։
1915թ. հուլիսի 7-ին 3000 հայերից կազմված երրորդ քարավանը լքում է Սեբաստիան։ Նրանց շարքերում իր 50 աշակերտների հետ էր նաեւ միսիոներ Գրաֆամը։ Ամերիկյան խորհրդի գանձապահ Ուիլյամ Փիթին հասցեագրված նամակում (Մալաթիա, 1915թ. օգոստոսի 7) նա ականատեսի վկայությամբ նկարագրում է տեղահանության բոլոր սարսափները։ Այդ նամակը հետագայում տպագրվել է «American Missionary Herald» պարբերականում (1915թ. դեկտեմբեր) եւ Լորդ Բրայսի «Կապույտ գրքում»։
Տեղահանված հայերի քարավանը քայլում է հուլիսյան կիզիչ արեւի տակ՝ օրերով մնալով առանց սննդի ու ջրի, ենթարկվելով պարբերաբար կրկնվող հարձակումների եւ կողոպուտի։ Այստեղ Գրաֆամը տեսնում է այլ նահանգներից եկող հյուծված ու թշվառ հայերի նոսրացած քարավանները եւ այդ ցնցող տեսարանը նկարագրում իր նամակներից մեկում՝ ավարտելով այսպես. «Նրանց տեսնելիս մարդու սիրտ էր պայթում»։
Գաղթի ճանապարհները ծածկված էին գերազանցապես կանանց ու երեխաների դիակներով։ Մալաթիայից հյուսիս ընկած Հասանչելեբի բնակավայրից դուրս գալուց շատ չանցած՝ Գրաֆամին տեղափոխում են Մալաթիա։ Այս քաղաքը միսիոներուհին նկարագրում է որպես իսկական դժոխք, եւ այստեղ հայ գաղթականներին վերահաս մահից փրկելու նրա բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Մալաթիայի գավառի մութասարիֆը՝ վարչական ղեկավարը, ոչ միայն մերժում է Գրաֆամին, այլեւ նրան արգելում շարունակել ուղեկցել հայ գաղթականներին։ «Ես դա կառավարության կողմից կատարված մեծագույն սխալ եմ համարում, քանի որ թեպետ հայերի ներկայիս դրության սարսափները բավարար են, սակայն կեղծ հաղորդումներն այնքան շատ են, որ ականատեսի կողմից ներկայացվող հաղորդումն արժեքավոր կլիներ, եթե ես կարողանայի ուղեկցել ողջ ճանապարհին»,– գրում է Մերին։
Ավելի ուշ նա կարողացավ եւս մի նամակ ուղարկել Փիթին։ Թուրքիայի ներքին նահանգներում հայ բնակչության դեմ գործված վայրագությունները նկարագրող այդ նամակը Կոստանդնուպոլսում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն 1915թ. սեպտեմբերի 13-ին ուղարկում է ԱՄՆ Պետդեպարտամենտ։
1915թ. օգոստոսի կեսերին Մերի Լուիզը, որն արդեն հյուծված ու թշվառ մի գաղթականի տեսք ուներ, վերադառնում է Սեբաստիա, որտեղ գրեթե հայ չէր մնացել արդեն։ «Այդ ժամանակ ես կմախք էի դարձել եւ ինքս գաղթականի տեսք ունեի։ Կիսախելագար վիճակում էի, եւ ինձ մենակ թողնել չէր կարելի։ Բայց հանձնվել եւս չէի կարող… քանի որ այդ ժամանակ քաղաք սկսեցին հասնել Մարզվանից ու այլ բնակավայրերից տեղահանված հայերի քարավանները»,– գրում է նա։
Գրաֆամն այնքան սեւեռված էր Սեբաստիայում հավաքվող գաղթականներին խնամելու վրա, որ սեփական առողջության շեշտակի վատթարացումն անգամ նրան հետ չպահեց հայ ժողովրդի մնացյալ բեկորները փրկելու գործից։
Սեբաստիա վերադառնալուց շատ չանցած՝ տեղական իշխանությունների պահանջով նա գլխավորում է հայ մանուկների համար բացված շվեյցարական որբանոցը։ Կարճ ժամանակում նա ստանձնում է հարյուրավոր հայ որբերի խնամակալությունը։ Անձնազոհ ամերիկուհին ոչ միայն հավաքում ու ապաստան է տալիս որբացած երեխաներին, այլեւ թաքցնում է 8-14 տարեկան հայ աղջիկներին, որոնց առեւանգել ու տարել էին մուսուլմանական հարեմներ։ Նա կարողանում է նրանց մի մասին մի քանի լիրայով հետ գնել թուրք տերերից։
Մերի Լուիզը սովյալ, հիվանդ ու ցնցոտիների մեջ կորած գաղթականներին սնունդ, հագուստ եւ դեղորայք է մատակարարում՝ օգնելով նաեւ, որ 200 հայ կին կարողանա աշխատանքի անցնել տեղի ֆաբրիկայում։ Սա հարուցում է թուրքերի զայրույթը, սակայն Գրաֆամը պատճառաբանում է, որ «նրանք աշխատում են թուրքական կառավարության համար», եւ հարթում է խնդիրը։ Այսպիսով, նա փոքրաթիվ կանանց կարողանում է փրկել մահից։ Նախքան 1918թ. զինադադարը Գրաֆամը պատսպարում է ցեղասպանությունը վերապրած մոտ հազար հայերի եւ ինչ-որ իմաստով դառնում նրանց կյանքի անձնական երաշխավորը։ Պատերազմի ավարտին նրա անունն արդեն լեգենդ էր։
Սեբաստիայի հայկական որբանոցը, 1920-ականներ |
1919թ. գարնանը, երբ միսիոներ եւ Ամերիկյան խորհրդի գործադիր քարտուղար Ջեյմս Բարթոնը Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչների հետ ժամանում է Սեբաստիա, նրանց մի հայ է դիմավորում։ Ի պատասխան Բարտոնի հարցին, թե քանի հայ է այժմ ապրում Սեբաստիայում, նա պատասխանում է. «Սեբաստիայում բոլորն ապահով են։ Միսս Գրաֆամն այստեղ է, եւ թուրքերը վախենում են նրանից»։
Զինադադարից հետո հայ գաղթականներն ու Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ամերիկյան կոմիտեի աշխատողները վերադառնում են Սեբաստիա։ 1919-1921թթ. նահանգը վերակենդանանում է։ Մերձավոր Արեւելքի նպաստամատույցը 1100 հայ մանուկների համար բացում է երկսեռ որբանոց, իսկ Մերի Լուիզը համակարգում է հետպատերազմյան մարդասիրական օգնությունը՝ նախաձեռնելով կոշիկի նորոգման արհեստանոցների, դարբնոցների ու խանութների հիմնադրման աշխատանքներ։ Սեբաստիայի հայերի պահապան հրեշտակ այս կինը նաեւ գլխավորում է Ամերիկյան նպաստամատույցի տեղական միավորը։ Նրա այդ ժամանակահատվածի գործունեությունը վավերագրել է Աշխեն Ավագյանը.
«1918թ. Գրաֆամն ստանում է Արամյան վարժարանի շենքը, որը թուրքական իշխանությունները վերածել էին հիվանդանոցի եւ լրջորեն վնասել։ Գրաֆամն այն դարձնում է որբանոց: Նա հետ է պահանջում նաեւ Հոգդարի ամերիկյան քոլեջի մասնաշենքերը, որոնք ապաստարան են դառնում փրկված ու ազատագրված հազարավոր հայ որբերի ու երիտասարդների համար»։
Դժբախտաբար, այս ամենը կազմակերպելուց ու իրականացնելուց ընդամենը մի քանի տարի անց՝ 1921թ. օգոստոսի 17-ին, Մերի Լուիզ Գրաֆամը վախճանվել է կրծքի քաղցկեղից՝ անավարտ թողնելով իր կյանքի գործը։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: