Տիգրան Ալթուն
«Ինքս ինձ բջջային հեռախոսի եմ նմանեցնում, որն ամեն գիշեր լիցքավորման ես դնում: Ես էլ, եթե ամիսը մեկ Հայաստան չգնամ, չեմ լիցքավորվի ու այստեղ՝ Ստամբուլում, չեմ կարող ապրել»,- ասում է նա:
Տիգրան Ալթունի նախնիները կենտրոնական Անատոլիայից են: Հայրական կողմը Յոզղաթի Բուրունքըշլա գյուղից է, մայրականը` Կեսարիայի Թոմարզա գյուղից: Բուրունքըշլա գյուղն ամբողջովին հայաբնակ է եղել մինչեւ 1915 թվականը, երկու եկեղեցի եւ դպրոց է ունեցել: «1915-ին մեծ մայրս` Սրբուհին, ամուսնացած էր: Ամուսնուն կորցնում է ջարդի ժամանակ, երկու զավակներին հանձնում է ամերիկյան որբանոց, հետո գնում է Կեսարիա, ամուսնանում պապիս` Տիգրան Ալթունի հետ»,- պատմում է Տիգրան Ալթուն կրտսերը: Սրբուհին ու Տիգրանը Կեսարիայում ունենում են չորս զավակ` Տիգրան Ալթունի հայրը՝ Նազարը, եւս մեկ որդի ու երկու դուստր:
Տիգրան Ալթուն ավագը ծնունդով Ալթունյան է, սակայն 1934 թվականին Թուրքիայում նոր օրենք է ընդունվում, որով պետությունը բոլորին ազգանուններ էր տալիս՝ նույնիսկ նրանց, ովքեր արդեն ունեին: «Երբ գնացել են իրենց ազգանունն արձանագրելու, մեծ հայրս «Ալթունյան» է ասել, պաշտոնյան ասել է՝ Ալթունը քեզ բավական է, եւ Ալթուն է գրել»: Մեծ հայրը, որը պատշար էր, երիտասարդ տարիքում մահանում է: Դրանից հետո Տիգրան Ալթունի հայրը` Նազար Ալթունը, տասներկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Ստամբուլ. «Հայրս Կեսարիայում մինչեւ երրորդ դասարան է կարողացել գնալ, դրանից հետո եկել են Ստամբուլ՝ մայրը, երկու քույրը, եղբայրը: Տասներկու տարեկանից սկսել է իրենց պահել»:
Տիգրան Ալթունի մայրը` Վարդուհին, ծնվել է Կեսարիայի Թոմարզա գյուղում: Նրա հայր Նիկողոս Բարությանն անցել է ցեղասպանության մղձավանջի միջով: 1915-ին, երբ արդեն կորցրել էր հորը (երկու եղբայրները դեռ ջարդից առաջ էին մեկնել Ամերիկա), Նիկողոսը մոր եւ երկու քույրերի հետ հազարավոր հայերի պես աքսորվում է Դեր Զոր: Սկզբում ոտքով էին, հետո գնացք են նստեցնում.
«Գնացքն ամեն առավոտ մի տեղ կանգնում է, մեռածներին դուրս են հանում, վագոնները լվանում, մաքրում: Մի օր էլ անապատի մեջ (բայց ասում է՝ «քարի» անապատի մեջ) գնացքից իջնում են, որ մաքրություն անեն, ինքն էլ երեխա է, քարերի հետ սկսում է խաղալ: Հետ է դառնում ու տեսնում է, որ գնացքը չկա,- կարծես երեկ պատահած դեպքի հավաստիությամբ մորական պապի վերապրածն է պատմում Տիգրան Ալթունը,- հավանաբար մայրը գիտակցաբար նրան այնտեղ է թողել, որովհետեւ մի քույրը գնացքի մեջ մահացել էր»:
Անապատում Նիկողոսին մի արաբ է գտնում ու տանում իր տուն, որտեղ նա աշխատում է: Որոշ ժամանակ անց գյուղ են այցելում օտարերկրյա զինվորներ, որոնք հայտնում են, որ պետք է հավաքեն գյուղում ապրող հայ երեխաներին: Արաբը ժխտում է Նիկողոսի` իր խնամակալության տակ գտնվելու փաստը, սակայն Նիկողոսը լսում է, որ զինվորները միմյանց հետ հայերեն են խոսում (հավանաբար ֆրանսիական բանակի Հայկական լեգեոնի զինվորներ լինելով), եւ համոզում է, որ իրեն հանձնեն: Զինվորները նրան Հալեպի որբանոց են տեղափոխում: Ամիսներ անց որբանոցում Նիկողոսը հանդիպում է մի ձիավորի, որը հայտնում է, թե Թոմարզա է գնում: Նա միանում է ձիավորին. սկզբում հաստատվում Հաճընում (այժմ Սայիմբեյլի, Թուրքիայի հարավ), հետո՝ անցնում Թոմարզա: Այստեղ Նիկողոսը հյուրընկալվում է գյուղում մնացած մի հայ ընտանիքում ու այդ ընտանիքի աղջկա հետ էլ ամուսնանում. «Ասում էինք` որտեղի՞ց գիտես արաբերեն: Պատասխանում էր` «աղայես»: Աղադ ո՞վ է` անունը չէր հիշում: Որտե՞ղ էր` «անապատ»»:
Տիգրանի հայրը, տեղափոխվելով Պոլիս, սկսում է աշխատել որպես ատամնաբույժի օգնական: Հետագայում յուրացնելով մասնագիտության առանձնահատկությունները` սկսում է ինքնուրույն զբաղվել այդ գործով: Տարիներ անց աշխատանքի բերումով կնոջ` Վարդուհու հետ տեղափոխվում է Էրզրում, որտեղ էլ ծնվում է ընտանիքի միջնեկ զավակը` Տիգրան Ալթունը:
Տիգրան Ալթունը ծնողների եւ քույրերի հետ |
Նազար Ալթունը, որն ընդամենը երեք տարի էր դպրոցում սովորել ու հայերեն գրել-կարդալ չգիտեր, սկզբունքորեն որոշել էր. իր զավակները պետք է հայերեն սովորեն: Այդ պատճառով էլ, երբ Տիգրանը 5 տարեկան էր, ընտանիքը նորից տեղափոխվում է Ստամբուլ, քանի որ Էրզրումում այլեւս ոչ հայեր կային, ոչ էլ՝ հայկական դպրոցներ:
Սկզբում Տիգրան Ալթունը հաճախում է Պոլսի Սամաթիա թաղամասի Սահակյան դպրոց, հետո տեղափոխվում է Շիշլիի Հինտլյան վարժարան: «Չգիտեմ որտեղից՝ հայրս լսել էր, որ Մելքոնյան անունով դպրոց կա Կիպրոսում, լավ հայերեն են սովորեցնում, եւ ինձ ուղարկեցին Մելքոնյան կրթական հաստատություն, այնտեղ մնացի վեց տարի»,- կարոտով հիշում է պատանեկության տարիները:
Տիգրան Ալթունը խոստովանում է, որ իր կրթության եւ հետագա զարգացման գործում Մելքոնյան հաստատությունն ունեցել է անգնահատելի դեր. «Մելքոնյանն ինձ ոչ միայն դիպլոմ տվեց, այլ նաեւ մի տիկին տվեց, որովհետեւ այնտեղ սիրահարվեցի տիկնոջս` Շնորիկին, եւ հետո ամուսնացանանք»: 18 տարեկանում ավարտելով Մելքոնյանը` մեկնում է Բեյրութ եւ տնտեսագետի բարձրագույն կրթություն ստանում Հայկազյան համալսարանում ու Բեյրութի ամերիկյան համալսարանում:
Ավարտելով համալսարանները` Ալթունը վերադառնում է Ստամբուլ եւ սկսում աշխատել հոր հետ, որն արդեն վաղուց թողել էր ատամնաբուժությունն ու զբաղվում էր բազմաբնակարան շենքերի կառուցմամբ եւ վաճառքով: Հետագայում Ալթունն ինքուրույն է շարունակում նույն գործը: Այնուհետեւ նա գործարարությամբ է զբաղվում Թուրքիայում եւ, միառժամանակ, Միացյալ Նահանգներում: Գործունեության հիմնական ոլորտն ավիափոխադրումներն են:
Տիգրան Ալթունը կնոջ եւ զավակների հետ |
Հայաստանի հետ Տիգրան Ալթունի կապն սկսվում է դեռ խորհրդային տարիներին, երբ 1972 թվականին նա Բեյրութից ուսանողական շրջագայության է մեկնում հայրենիք: Տարիների ընդմիջումից հետո, երբ Ալթունն արդեն Ստամբուլում էր, իսկ Հայաստանն՝ անկախացման փուլում, նրա խանութ են այցելում երկու հայաստանցիներ. «Հետաքրքիր էր Հայաստանից եկած մարդկանց հետ շփվել, ճաշի հրավիրեցի: Մեկի անունն Աշոտ էր, մյուսինը՝ Թելման: Թե ով էին` չիմացա: Ասացին` անպայման Հայաստան պիտի գաս: Երկու ամիս անց գնացի»: Հետագայում պարզվեց, որ Աշոտը ՀՀ արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանն էր, իսկ Թելման Տեր-Պետրոսյանը Ազգային ժողովի պատգամավոր էր: Տեսնելով Հայաստանի վիճակը երկրաշարժից եւ անկախացումից հետո` Տիգրան Ալթունը որոշում է օգնել երկրին եւ այդուհետ տարեկան տասն անգամից ավելի Հայաստան է ժամանում՝ տարբեր ծրագրերով: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ որոշում է որոնել ու գտնել հարյուր տարի առաջ կորցրած ընտանեկան կապը: Նախապես տեղյակ լինելով, որ մեծ մոր` Սրբուհու առաջին ամուսնությունից ծնված զավակներից մեկը բնակվում է Հայաստանում, ընկերների հետ փնտրում ու Իջեւանում գտնում է նրա տունը: Ցավոք, մեկ տարի ուշացած է լինում` Ալթունի հորեղբայր Արամ Թորոսյանն արդեն մահացել էր. «Մեծ մայրս այդ տղային երկու տարեկան է եղել, երբ որ թողել է, բայց ես բախտ ունեցա գոնե իրենց զավակների հետ շփվելու»:
Չհանդուրժելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանի առկայությունը` Տիգրան Ալթունը լծվում է սահմանն իր տարբերակով «բացելու» ծանր գործին:
Նրա ջանքերի՝ հայկական եւ թուրքական կողմերի միջեւ հաջող բանակցությունների շնորհիվ, Երեւան-Ստամբուլ ուղիղ չվերթներն 90-ականների սկզբին կանոնավոր բնույթ են ստանում:
«Եթե ես այդ օրերին այս գործը չսկսեի, հավանաբար այսօր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ օդային կապ չլիներ: Դա միակ կապն է, միակ բաց սահմանը,- հպարտությամբ նշում է Ալթունը,- սկզբում այդ գործը վատ չէր, շահույթ էր բերում, բայց վերջին երեք-չորս տարում միայն վնասով էի աշխատում: Մտածում էի փակելու մասին, բայց հետո չգիտեի` ով կշարունակի, եւ չէի էլ ուզում պատճառ դառնալ, որ այդ միակ կապը կտրվի: Ուզում էի, որ ինձ պես խենթ մեկն ուզենա անել դա, եւ լավ է՝ գտա այդ խենթին ու իրեն փոխանցեցի»: Մինչ այսօր էլ Երեւան-Ստամբուլ չվերթը շարունակում է մնալ երկու երկրների միջեւ «միակ բաց սահմանը»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: