Աքրաբյան գերդաստան
«Ուիլթոն» հյուրանոցը երկարամյա պատմություն ունի: Ի սկզբանե իսպանացի սեփականատերերը շենքը կառուցել են որպես հանրակացարան։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ 1960-ականներին շենքը գնեցին Աքրաբյանները. այն դարձավ աշխարհի հայերի հանդիպման վայր: ԽՍՀՄ տարիներին հայ պաշտոնյաները հաճախ էին գալիս Արգենտինա, եւ բոլորն իրենց ուղեւորության ընթացքում հանգրվանում էին «Ուիլթոնում»: Հյուրանոցի հյուրերից են եղել նաեւ անվանի դերասան Սոս Սարգսյանն ու հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանը: Խորհրդային Միության փլուզումից հետո շենքում ժամանակավորապես գործում էր Արգենտինայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանությունը:
Մարաշից մինչեւ Բուենոս Այրես
Սերջիո, Կառլոս եւ Քրիստինա Աքրաբյանները ծնվել են Բուենոս Այրեսում, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում: Մարաշում ծնված ծնողների՝ Լուիզա Նալջյանի եւ Գեւորգ Աքրաբյանի ճակատագրերն արտասովոր կերպով միահյուսված են. Գեւորգի հորն սպանել են Լուիզայի հոր կողքին, երբ 20-րդ դարի սկզբին հայերը տված պայքարում էին թուրքական զորքերի դեմ: Այնուամենայնիվ, ճակատագրի հեգնանքով, Լուիզան եւ Գեւորգը հանդիպեցին Արգենտինայում:
Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական բանակն իր վերահսկողության տակ առավ տարածաշրջանը, 1915-ին սկսված սպանդը եւ տեղահանությունները դադարեցին, սակայն խաղաղությունը տեւական չէր: 1921-ին Թուրքիայում Քեմալ Աթաթուրքի իշխանության գալուն զուգահեռ վերսկսվեցին բռնությունն ու ոճրագործությունները հայկական բնակչության նկատմամբ: «Հարձակումներից մեկի ժամանակ շատ հայեր, որոնց թվում էր նաեւ մորս ընտանիքը, ապաստան գտան գերմանական «Բեյթշալոմ» որբանոցում: Թուրքերն, օգտվելով առիթից, փակեցին նրանց այնտեղ եւ հրդեհեցին շենքը: Նրանք փրկվեցին, քանի որ ինչ-որ մեկը գիտեր, թե որտեղով են անցնում խողովակները, եւ հաջողվեց մարել կրակը»,- բացատրում է Քրիստինան:
Շենքից դուրս մի քանի խիզախ երիտասարդներ դիմադրում էին հարձակմանը՝ փորձելով փրկել իրենց հայրենակիցներին եւ պաշտպանել հայրենիքը: «Մորական եւ հորական պապերս նրանց շարքերում էին: Ինչպիսի զուգադիպություն է, չէ՞»,- ասում է Քրիստինան: Հակոբ Նալջյանը ծանր վիրավորվել էր, բայց հրաշքով ողջ մնացել, մինչդեռ Սարգիս Աքրաբյանը, որի որդու կինը պետք է հետագայում դառնար Լուիզան, դաժանաբար սպանվեց:
Գեւորգ Աքրաբյանը մոր հետ Մարաշում |
1921-ի վերջին Նալջյաններին հաջողվեց Մարաշից փախչել Սիրիա: Եկան Դամասկոս, իսկ 1923-ին «Դարրո» նավը նրանց տեղափոխեց Բուենոս Այրես:
Մարաշում Աքրաբյանները հողեր եւ խաղողի այգիներ ունեին: Ցեղասպանության ժամանակ թուրքերը բռնագրավեցին ողջ ունեցվածքը եւ նրանց վտարեցին սեփական հողերից: Հոր՝ Սարգիսի մահվանից հետո Գեւորգին մի քանի ազգականների հետ հաջողվեց փախչել Հալեպ: Այստեղ Գեւորգի քեռին պարտքով փող տվեց նրան՝ դեպի Արգենտինա տոմս գնելու համար, եւ 1924-ին Գեւորգը ժամանեց Բուենոս Այրես:
Աքրաբյանների ընտանիքի հողերը դեռ երկար տարիներ այդպես մնում էին՝ պահպանելով նախկին տերերի շունչը: «1986-ին վերադարձա հայրենի տուն: Թուրքերը գիտեին, որ այն իրենցը չէր, եւ առանց հետեւանքներից երկնչելու ասում էին. «Տեսնո՞ւմ եք ամբողջ այդ տարածքը: Այն հայերին է պատկանել»»,- տխուր ասում է Սերջիոն: «Տանը մեզ պատմել էին, որ այնտեղ թթենի կար: Երբ գտա ծառը եւ սկսեցի լուսանկարել, կինս լսեց, թե ինչպես են թուրքերը շշնջում. «Նկատեցի՞ր, թե քանի անգամ նկարեց թթենին»: Վախեցել էին: Նրանցից մեկն ասաց ինձ. «Եթե այնտեղ թաքցված ինչ-որ արժեքավոր բան կա, մենք կարող ենք օգնել ձեզ այն հասցնել սահման»: Նրանց թվում էր, որ վերադարձել եմ ծառի տակ թաղված փողերը փնտրելու, բայց ես պարզապես ցանկանում էի այնտեղ լինել»,- ավելացնում է Սերջիոն:
Արգենտինացի եւ հայ
Արգենտինա ժամանելուն պես Լուիզայի հայրը՝ Հակոբը, աշխատանքի ընդունվեց որպես քարտաշ՝ զուգահեռ ուսումնասիրելով նաեւ գործվածքի վաճառքի նրբությունները: Մայրը՝ Սանթուխը, դերձակուհի էր: Մի օր նրանք փողոցում հին զինվորական համազգեստներով լի պայուսակ գտան եւ որոշեցին վերաօգտագործել դրանք: Համազգեստների կտորով Սանթուխն սկսեց հողաթափեր կարել:
Այսպես սկսվեց այն, ինչ ապագայում պետք է դառնար օրական 200 զույգ կոշիկ արտադրող մեծ գործարան:
Գործարանն ընդարձակվում էր, եւ պետք էին նոր աշխատողներ: Օրերից մի օր աշխատանքի համար երաշխավորեցին Գեւորգ Աքրաբյանին: «Հայրս սկսեց աշխատել գործարանում եւ անմիջապես սիրահարվեց մորս՝ չհամարձակվելով, սակայն, նրան որեւէ բան ասել այդ մասին: Ի վերջո, միջամտեց եւ մորս համոզեց մորական պապիկիս եղբայրը»,- ժպիտով ասում է Սերջիոն: Լուիզան 22 տարեկան էր, երբ ամուսնացավ 25-ամյա Գեւորգի հետ: Նրանք հիմնեցին կոշիկի արտադրությամբ զբաղվող սեփական գործարանը՝ միաժամանակ ակտիվ հասարակական կյանք վարելով:
Լուիզա Նալջյանն ու Գեւորգ Աքրաբյանը նշանադրության օրը |
Լուիզա Նալջյան-Աքրաբյանը, որը Հայոց ցեղասպանությունը վերապրած էր, մահացավ Բուենոս Այրեսում 2015-ի սեպտեմբերին: 2014-ի դեկտեմբերին նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իր օրհնությունն էր ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Չնայած ողբերգական անցյալին, այս ժպտերես կինը սիրով էր մեծացրել իր երեխաներին: Ամուսնու հետ նրանց էին փոխանցել իրենց արժեքներն ու ավանդույթները: Աքրաբյանները մեծապես նպաստել են Արգենտինայում հայկական համայնքի եւ Հայաստանի զարգացմանը: Ի թիվս բազում նախագծերի՝ մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանապարհաշինությանը:
Լուիզա Աքրաբյանն ու նրա զավակները՝ Կառլոս, Քրիստինա եւ Սերջիո (ձախից աջ) |
«Մեր աչքի առջեւ օրինակելի կերպարներ ունեինք: Ծնողներս ավելի շատ իրենց վարքով էին դաստիարակում մեզ, քան բառերի օգնությամբ,- ասում է Քրիստինան՝ ավելացնելով,- հայրս Արգենտինայի բուռն երկրպագու էր: Այստեղ գալով՝ բացահայտեց մի երկիր, որը տվեց նրան ամեն ինչ: Մի անգամ ասաց, որ Արգենտինան աշխարհի լավագույն երկիրն է, եւ նա իրավացի էր: Նա մեզ ներշնչել է սեր եւ՛ Հայաստանի, եւ՛ Արգենտինայի հանդեպ, եւ այսօր հպարտ ենք, որ հայկական ծագումով արգենտինացիներ ենք: Ոչինչ չի խանգարում մեզ լինել հայ եւ արգենտինացի միաժամանակ, հավասարապես սիրում ենք մեր երկու հայրենիքներն էլ»: