#AraratChallenge-ն՝ Արցախին. «Ավրորան» հայտարարում է աշխատանքային հիմնական սկզբունքների մասին՝ կապված Արցախի բնակչության աջակցության նախագծերի հետ
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը: Արդեն հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր 116.600 ԱՄՆ դոլար բյուջեով: Աջակցությունն Արցախի բնակչությանն իրականացվում է #AraratChallenge-ի միջոցով: Հայտերն ընդունվում են [email protected] էլ. հասցեով:
Ստորեւ ներկայացված են «Ավրորայի» հիմնական սկզբունքները, որոնցով նախաձեռնությունն առաջնորդվում է ինչպես հենց Արցախում, այնպես էլ Հայաստանում գտնվող Արցախի բնակչության աջակցության նախագծերն իրականացնելիս:
Վստահություն եւ թափանցիկություն
«Ավրորան» պարտավորվում է հանրությանը տեղեկացնել «#AraratChallenge-ն՝ Արցախին» ծրագրի շրջանակում ընտրված նախագծերի ընթացքի վերաբերյալ. հաղորդել թե՛ լավ, թե՛ վատ նորությունները: Լիակատար թափանցիկությունն առաջնային նշանակություն ունի «Ավրորայի» համար:
Միջազգային չափանիշներ եւ դրանց տեղայնացում
Որպես միջազգային կազմակերպություն՝ «Ավրորան» իր աշխատանքում հավատարիմ է միջազգային չափանիշներին: Դրան զուգահեռ նաեւ գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի բարձրացվի աշխատանքի արդյունավետությունը, եւ մոտեցումները համապատասխանեցվեն յուրաքանչյուր տարածաշրջանի տեղական կարիքներին եւ պայմաններին:
Գործընկերություն եւ պատասխանատվություն
«Ավրորան» ձգտում է համագործակցել միջազգային առաջատար կազմակերպությունների հետ, որպեսզի սատարի դրանց նախաձեռնությունների իրագործմանը Հայաստանում եւ Արցախում: «Ավրորան» կիսում է պատասխանատվությունը յուրաքանչյուր ծրագրի համար, որը նախաձեռնում է, ֆինանսավորում կամ աջակցում գործընկերների հետ համատեղ:
Կայուն զարգացում եւ արդյունավետություն
«Ավրորան» ձգտում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարող են բերել երկարաժամկետ արդյունքի եւ բարեփոխման: Մոտեցումներն աշխատանքում պետք է լինեն ճկուն եւ թարմացվեն՝ կախված տեղերում իրավիճակի փոփոխությունից:
Համամարդկային արժեքներ եւ համերաշխություն
«Ավրորայի» բոլոր գործողությունների հիմքում մարդն է: Սա «Ավրորայի» «գենետիկ կոդի» անքակտելի մասն է, աշխարհի որ կետում էլ իրականացվելիս լինեն մեր նախագծերը: «Ավրորայի» կապը հայ ժողովրդի հետ առանցքային է, եւ նախաձեռնությունն առավելագույն աջակցություն կտրամադրի Հայաստանում եւ Արցախում կարիքի մեջ հայտնվածներին: