«Ավրորան» աջակցում է «Թվային Մատենադարանին»
Նախաձեռնությունը շարունակում է համագործակցել հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ եւ եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային եւ աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն: Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել եւ առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր՝ այդ թվում հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլեւ կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր եւ նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները:
«Այլեւս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման: Աշխարհի առաջատար թանգարաններն իրենց ցուցադրություններն ու ցուցահանդեսները կազմակերպելիս հատուկ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին, որպեսզի ներկայացվող նյութը հասանելի լինի նաեւ առցանց հարթակներում: Այս նախագիծը եւս մեկ կարեւոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու եւ աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Ու այս կարեւոր գործում կրկին մեր կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը»,- նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Նոր՝ «Թվային Մատենադարան» նախագծի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ այցելելու Մատենադարան եւ մի քանի լեզվով բացատրական բովանդակալից տեղեկություններ ստանալու ցուցանմուշների մասին՝ հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման օրից՝ հինգ տարի շարունակ, մեզ համար միշտ պատիվ է եղել Մատենադարանին աջակցելը: «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, եւ հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու պատմության ներկայացումը մեր օրակարգի կարեւորագույն մասն է: Քանի որ աշխարհում կորոնավիրուսի համավարակից տուժեցին նաեւ թանգարանները, առցանց ներկայությունն ու վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման փորձը չափազանց կարեւոր են այցելուների հետ կապը պահպանելու համար․ «Ավրորան» ուրախ է, որ կարող է աջակցել Մատենադարանին այս հարցում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի եւ «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին՝ օժանդակելով կրթական ձեռնարկումների եւ պահպանելով հայկական ժառանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկությունը մարդասիրական ջանքերի եւ հայկական պատմության վերաբերյալ:
Դեռեւս 2015 թվականի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն տվեց Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչեւ օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր եւ հնատիպ գրքեր: 2016 թ. դրամաշնորհով տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Իսկ 2017-20 թթ. «Ավրորան» օգնել է Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների եւ հետազոտողների համար, ինչպես նաեւ ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական եւ ակադեմիական այլ ծրագրերին: