«Այսպիսի համագործակցությունը շատ կարեվոր է»
Ռեյմոն Գեւորգյանը պատմաբան է, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած պրոֆեսոր, Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին տնօրեն եւ Հայաստանի անցյալի ու ներկայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի եւ «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի կազմակերպած «Հայկական սփյուռք ու հայ-ռուսական հարաբերություններ․ անցյալ եւ ներկա» գիտաժողովին նա ներկա գտնվի որպես հրավիրված մասնակից։ Ռեյմոն Գեւորգյանը մեզ ներկայացրեց իր կարծիքն այն հեռանկարների մասին, որ հայագիտությունը բացում է Ռուսաստանի բնակիչների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար։
Դուք Հայոց ցեղասպանության առաջատար ուսումնասիրողներից մեկն եք։ 2006թ. Ֆրանսիայում լույս է տեսել ձեր գիրքը, որը բարձր է գնահատվել ամբողջ աշխարհում։ Պատմեք մեզ հայկական սփյուռքում պատմաբանների նոր սերնդի մասին։ Ի՞նչն է բնութագրում այդ սերնդի ներկայացուցիչներին։ Որո՞նք են նրանց ուժեղ եւ թույլ կողմերը։
Հայագիտությունը խորը վերափոխումների շրջանում է։ Երկար ժամանակ այստեղ գերակայում էր լեզվաբանական դիտանկյունը։ Անշուշտ, սա կապված էր միջնադարյան գրական ժառանգության կարեւորության հետ, այն բացահայտում է համընդհանուր գործեր, որոնց սկզբնական տարբերակները մասնակիորեն կամ ամբողջությամբ կորսվել են։ Բուն պատմությունն իր տեղը զիջում է մարդաբանությանը կամ սոցիոլոգիային, այսինքն՝ քաղաքական գիտություններին։ Այլ խոսքերով՝ հետազոտական հետաքրքրությունները լրջորեն կենտրոնացած են ժամանակակից շրջանների վրա։ Թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի գիտնականների նոր սերունդները շատ խոստումնալից են։ Նրանց տրամադրության տակ է մեր սերնդի կողմից ստեղծված տեսական բազան եւ մեր ժամանակներում դեռ գոյություն չունեցող համատեքստը։ Բնականաբար, նոր հետազոտողներից ոմանք ավելի արդյունավետ կլինեն եւ միջազգային հաջողությունների կհասնեն, ոմանք էլ վարչական կարիերա կընտրեն եւ առանձնապես մեծ հաջողություններ չեն ունենա։ Հայագիտության ամբիոնների ստեղծման վրա զգալի միջոցներ են ծախսվել, հատկապես՝ ԱՄՆ-ում։ Հուսով եմ, որ այդ ներդրումներն արդարացված կլինեն, եւ դիմորդների թիվը կհամապատասխանի մեր սպասելիքներին։
Առանց մտավորականության, առանց փորձագետների հասարակությունը հիշեցնում է հիմնական առագաստ չունեցող նավ։ Այսօր հայկական համայնքներում վերականգնվում է որոշակի հավասարակշռություն․ համալսարանական գիտնականներին ավելի հաճախ է արժանի տեղ տրվում դրանցում՝ պայմանով, որ նրանք ունեն անհրաժեշտ որակավորում եւ, կրկին ասեմ՝ անվիճելի մասնագետներ են։
Ֆրանսիայում շատ քիչ բան գիտեն այն մասին, թե հայագիտության իրավիճակն ինչպիսին է Ռուսաստանում՝ չնայած Հայաստանի ուսումնասիրության ավանդույթը դարեր շարունակ գոյություն ունի։ Ի՞նչ եք կարծում ռուսական համալսարանի շրջանակներում հայոց պատմության եւ մշակույթի ոլորտում ուսումնասիրությունների մասին։
Խորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ գործում էր հումանիտար գիտությունների բոլոր ոլորտների համալսարանական փոխանակումների ծրագիր։ Անցումային շրջանում բարդություններ առաջացան նման փոխանակումների իրականացման համար, խորհրդային գիտությունը գրեթե փլուզվեց։ Մինչդեռ կան հայազգի գիտնականներ, որ աշխատում են ռուսական համալսարաններում։ Բայց, որքան գիտեմ, հայագիտությամբ զբաղվող ռուսներ շատ քիչ են։ Հնարավոր է, որ մոտակա տարիների ընթացքում հայկական սփյուռքում, որը մեծաթիվ է, կառաջանա գիտնականների նոր սերունդ, առանց որի այդ համայնքը շատ արագ կկորցնի իր մշակութային ուղենիշները։
Աշխարհի ամենամեծ հայ համայնքներից մեկն ապրում է Ռուսաստանում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գիտաժողովից։
Ռուսաստանի հայ համայնքը, ինչպես բոլորս գիտենք, կարեւոր սոցիալ-տնտեսական դեր է խաղում Հայաստանի համար, մասնավորապես՝ հայ բարեկամներին ուղղակի դրամական փոխանցումների շնորհիվ։ Որքան կարող եմ դատել, այդ համայնքը բարգավաճում է եւ ակտիվ հիմքեր դնում ներքին կազմակերպման համար։ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում կայանալիք գիտաժողովը, անկասկած, կնպաստի հայագիտության վերածննդին Ռուսաստանում։ Հնարավոր է, որ այդ ալիքի վրա ռուսական բուհերում հայկական ամբիոններ կբացվեն կամ հայկական դիտանկյունը կակտիվանա Կովկասի աշխարհաքաղաքականության ուսումնասիրության մեջ, որը Ռուսաստանի համար առաջնային հետաքրքրություն ունի։ Գուցե մեծ թվով ուսանողներ կտեսնենք բազմաթիվ տարբեր առարկաների հետ առնչվող դասերի ժամանակ, եւ դա խթան կհանդիսանա ուսումնասիրությունների նոր գաղափարների հայտնվելու համար։ Ամեն դեպքում, գիտնականները, հատկապես՝ ասպիրանտները, կարիք կունենան համակարգված աջակցության, ինչպես նաեւ անհրաժեշտ կլինեն ռուսերեն լեզվով ստեղծագործությունների հրապարակման ավելի սահուն մեխանիզմներ․ դրանով պետք է զբաղվեն Մոսկվայի հայտնի հրատարակչությունները, որոնք ապահովում են մեծ տպաքանակների տարածումը Ռուսաստանի Դաշնությունով մեկ։
100 LIVES նախագիծը գիտաժողովի գլխավոր տեղեկատվական հովանավորն է։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են նման նախաձեռնությունները լրացնում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանն ուղղված պատմաբանների եւ հետազոտողների աշխատանքը։
Լավ է, որ 100 LIVES նախագիծն օգնում է հայագիտության զարգմացմանն ու աջակցմանն ուղղված «Անիվ» հիմնադրամի գործունեությանը։ Հիմնադրամն իր վրա է վերցրել գիտաժողովի կազմակերպումը։ Կազմակերպության ղեկավարությունը հասկացել է, թե որքան կարեւոր է աջակցել համալսարանական հետազոտություններին, եւ սերտ կապեր հաստատել Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետ։ Ինձ ուրախացնում է «Անիվ» հիմնադրամի համագործակցությունը 100 LIVES նախագծի հետ, որը շարունակ ուշադիր է հայ հասարակության կարիքների հանդեպ։ Մենք ականատես եղանք իրական ստեղծագործ մոտեցմանը գործին եւ խստապահանջությանը՝ վերջնարդյունքի հանդեպ։ 20 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանում՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, կայանալիք գիտաժողովին աջակցելը հիանալի արարք է: Ի վերջո, այս միջոցառումը թույլ կտա գնահատել ժամանակակից հետազոտողների ներուժը եւ ուրվագծել հայագիտության ոլորտում ապագա նախագծերը, ստեղծել նոր համագործացկություններ եւ բացահայտել աջակցության կարիք ունեցող ոլորտները:
Զրուցեց՝ Տիգրան Եգավյանը