Ապագան, հարեվանները եվ անցյալի հայելին
Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումներից անմիջապես հետո Երեւանում կայացավ «1915» ֆիլմի պրեմիերան:
Սա հոգեբանական թրիլեր է ցեղասպանության եւ ժխտողականության մասին: Ֆիլմի ստեղծողներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը: Դերերում հայ եւ ամերիկացի դերասաններ են՝ Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմյուել Փեյջն ու Նիկոլայ Կինսկին:
Ուզում եմ հակիրճ պատմել սյուժետային գծերից միայն մեկը:
… Հայ եւ ամերիկացի դերասաններից կազմված թատերախումբը Լոս Անջելեսի թատրոնում նախապատրաստվում է ցեղասպանության մասին ներկայացման պրեմիերայի:
Ներկայացման սյուժեն, ընդհանուր առմամբ, տիպային է: Հայ ընտանիքի գլուխը բռնի կերպով բանակ է զորակոչվում, իսկ նրա մորը, կնոջը եւ տղային քշում են դեպի Դեր Զորի անապատ:
Եվ այնտեղ՝ անապատում, պետք է տեղի ունենա եզրափակիչ տեսարանը, որտեղ թուրք սպան, ով, հավանաբար, ճանապարհի ընթացքում հասցնելով սիրահարվել Անի անունով երիտասարդ հայուհուն, վերջինիս առաջարկում է փախչել իր հետ՝ բախտի քմահաճույքին թողնելով որդուն ու սկեսուրին, ովքեր, ինչպես հասկանում ենք, պետք է մահանան անապատում:
Ըստ սցենարի, նա պետք է համաձայնի: Ու սա պետք է դառնա հայ ժողովրդի ողբերգության խորհրդանիշ, երբ հայ կանանց համար ցեղասպանությունը վերապրելու միակ ճանապարհը հրաժարվելն էր այն ամենից, ինչն իրենց համար թանկ էր, որպեսզի կարողանան կյանքը փրկել:
Սակայն ամեն անգամ, երբ փորձում են եզրափակիչ տեսարանը, Անին, նայելով թուրք սպայի դեմքին, ում ամերիկացի մի դերասան է մարմնավորում, ասում է` «ոչ»:
Նրան հորդորում են, համոզում են, թվում է` նա համաձայնում է, բայց եզրափակիչ տեսարանի փորձին հասնելուն պես Անին միեւնույն է պատասխանում է՝ «ոչ»: Նա ասում է «ոչ», որովհետեւ չի կարող դավաճանել իր ընտանիքին, չի կարող ուրանալ իր հավատքն ու հայկական ինքնությունը:
Միեւնույն ժամանակ բոլորը հասկանում են, որ սա ընդամենը թատրոն է, որ բեմի վրա կատարվող գործողությունն իրական չէ, որ նրանք բոլորը 1915 թվականի մասին բեմականացման մեջ ընդգրկված դերասաններ են, իսկ գլխավոր հերոսուհու անունը ոչ թե Անի է, այլ՝ Անժելա: Այնուամենայնիվ, երբ սկսում է եզրափակիչ տեսարանի փորձն ու ամերիկացի դերասանն առաջարկում է նրան փախչել, նա… հրաժարվում է: Հաշված ժամեր են մնում մինչեւ պրեմիերան, սակայն որեւէ մեկի մոտ չկա վստահություն, որ երիտասարդ դերասանուհին հանդիսատեսի առջեւ տեսարանն այնպես կխաղա, ինչպես նախատեսված է սցենարով:
Ես չեմ ուզում մանրամասնորեն նկարագրել սյուժեն. մանրամասներն իմանալ ցանկացողները կարող են դիտել ֆիլմը: Կասեմ միայն, որ ֆիլմում իրավիճակն այնպես է դասավորվում, որ պարզ է դառնում մի բան՝ եթե ամուսնու դերը (ում բռնի կերպով բանակ էին զորակոչել) խաղա հայազգի մեկը՝ ներկայացման հեղինակն ու բեմադրող ռեժիսորը, ապա Անժելան կպատասխանի «այո»:
Նա կասի «այո», որովհետեւ իր ամուսինն անցյալում է ապրում, անցյալն է խորհրդանշում՝ այդպես էլ չկարողանալով այն հաղթահարել: Ներկայացումը կարծես կանչում է անցյալի ուրվականներին՝ ցեղասպանության զոհերին: Իսկ սպան նրան ապագա է առաջարկում: Անհայտ, անորոշ, բայց ապագա:
Ես, անշուշտ, շատ ուրվագծային կերպով նկարագրեցի այս ընտրությունը: Ու կոպտորեն, քանի որ հեղինակներն, իհարկե, հարցն այսպես ուղիղ չեն դնում: Սակայն նման ընտրության փաստն ինքնին ստիպում է խորհել անցյալի ու ապագայի մասին: Ֆիլմը նախատեսում է, որ այդ հարցադրման պատասխանը մնա հանդեսատեսի հայեցողությանը: Ինչը կարեւոր է, քանի որ մեզնից յուրաքանչյուրը, այսպես թե այնպես, ստիպված է լուծել անցյալի ու ապագայի խնդիրը:
Ես նույնպես ստիպված էի լինում մտածել հայերի եւ թուրքերի փոխհարաբերությունների անցյալի ու ապագայի մասին՝ թե՛ մինչեւ «1915» ֆիլմի պրեմիերային գնալս, թե՛ հետո:
Եվ սրա մասին մի պատմություն եմ մտաբերում, որը BBC-ում է տեղի ունեցել:
Մի գեղեցիկ օր ինձ զանգահարեցին լրատվական ծառայությունից ու խնդրեցին Հայաստանի նախագահի հայտարարություններից մեկը լսել եւ ասել՝ արդյոք այն ճշգրիտ են անգլերեն թարգմանել: Ես, բնականաբար, համաձայնեցի: Ու այսպիսի դրվագ պատմեցին. BBC-ի թղթակիցը նախագահի մամուլի ծառայության հետ հարցազրույցի համար պայմանավորվածություն է ձեռք բերել, որն առնչվելու էր շախմատի աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի հաղթանակին:
Հարցազրույցն անցավ ըստ պայմանավորվածության. խոսում էին շախմատի, շախմատիստների, նրանց նախապատրաստվելու, խաղալու մասին: Իսկ ամենավերջում թղթակիցն ասում է նախագահին, որ շատ ցավալի կլինի իր համար, եթե հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցնելու առիթը բաց թողնի: Ու Սերժ Սարգսյանը պատասխանում է նրան՝ հետաքրքիր մի համեմատությամբ:
Նախագահը նշում է, որ, անշուշտ, հարկավոր է դեպի ապագա նայել, սակայն չի կարելի մոռանալ անցյալի մասին. «Սա մեքենա վարելու պես մի բան է, – հավելեց նախագահը, – դուք առաջ եք նայում, աչք գցելով հայելու մեջ, որպեսզի տեսնեք, թե հետեւում ինչ է կատարվում: Ու մենք հասկանում ենք՝ անհնար է առաջ շարժվել միայն հայելու մեջ հետ նայելով»:
Թարգմանությունը միանգամայն ճշգրիտ էր, մեջբերումը հայտնվեց BBC ռադիոյի եթերում ու տարածվեց աշխարհով մեկ:
Անցյալի ու ապագայի մասին խոորհելով՝ ես հաճախ եմ հանգում մի մտքի. իրականում մեզնից շատ քչերն են գիտակցում, որ մենք` Հայաստանում ապրող հայերս, ուզենանք, թե՝ ոչ, մշտապես ապրելու ենք թուրքերի ու ադրբեջանցիների հարեւանությամբ: Մենք չենք կարող վերցնել մեր երկիրը, մեր հողը ու մեկ այլ տեղ տեղափոխվել, այլ հարեւանների մոտ: Իսկ սա, անառարկելիորեն, նշանակում է, որ մենք պետք է մտածենք՝ ինչպես ենք շփվելու հարեւանների հետ: Վաղ թե ուշ, մենք պետք է անենք դա: Եւ, իհարկե, ավելի լավ է՝ վաղ, քան թե ուշ:
Չի կարելի ապրել միայն անցյալով: Հարկավոր է մտածել ապագայի մասին: Արդյո՞ք մենք կարողանում ենք մտածել այդ մասին: Երբեմն ինձ թվում է, որ դրա համար հատուկ սովորել է պետք: Ու «1915» ֆիլմն ապագայի մասին հարցադրումներից մեկով հանդես գալու մի փորձ է: Ինձ թվում է՝ հաջողված փորձ:
Կամ, գուցե, ես սխալ եմ ըմբռնել ֆիլմի ուղերձը:
Մարկ Գրիգորյան
Մարկ Գրիգորյան. հայտնի լրագրող, վերլուծաբան, Հայաստանում Կովկասի ինստիտուտի համահիմնադիր, 16 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: Շուրջ տասը տարի աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկի ՝ BBC-ի ռուսաստանյան գործակալությունում աշխատելուց հետո, վերջերս է վերադարձել է հայրենիք: Այժմ համագործակցում է АТV հեռուստաընկերության հետ: