Երեւի թե նա երջանիկ մարդ է: Դա առաջին բանն էր, ինչի մասին մտածեցի` նրա ձեռքն առաջին անգամ սեղմելով: Մարդը գրեթե 90 տարեկան է, բայց շարունակում է ճամփորդել մայրցամաքներով, խոնարհվել հեղինակավոր բեմերից` իրեն ծափահարող բազմահազար մարդկանց առջեւ, հաճոյախոսել իրեն գրեթե սիրահարված շքեղ կանանց եւ լսել իր անունը կրող արտադրանքի երկրպագուների հիացական կարծիքները: Եվ ամենակարեւորը` նա հիշելու շատ բան ունի: Իրադարձություններով հարուստ իր կյանքում նա հանդիպել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան ու Ռեյ Չարլզը, Արամ Խաչատրյանն ու Օսկար Փիթերսոնը, Ջորջ Բուշն ու Ռեզա շահ Փահլավին, Ֆիդել Կաստրոն ու Քեւին Քոստները:
Հանդիպումս Ավո Ուվեզյանի հետ էր, որի անունը հավասարաչափ ասոցացվում է երաժշտության եւ ծխախոտի հետ: Նա ամերիկյան էստրադայի խորհրդանիշներից մեկը դարձած
«Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակն է: Միաժամանակ նա ստեղծել է նույնչափ լեգենդար «Avo» սիգարային բրենդը, որի սեփականատեր լինելը «Davidoff» ծխախոտային համաշխարհային հսկան մեծ պատիվ է համարում: Մինչեւ օրս «Strangers in the Night» երգը համարվում է 20-րդ դարի ամենաշատ կատարվող երգերից մեկը, իսկ «Avo» սիգարների վաճառքի ծավալը հասնում է տարեկան 32 միլիոնի: Ինչպե՞ս կարող էր երաժիշտը դառնալ այդչափ հաջողակ գործարար, եւ ինչպե՞ս է հաջողակ գործարարը կարողացել արվեստի մարդ մնալ:
Ավո Ուվեզյանի հայրը` Հակոբը, ծագումով Մարաշից է, իսկ մայրը` Սաթենիկը, ծնվել է Խարբերդում: Ծնողները հասցրել են գաղթել Թուրքիայից հայերի զանգվածային ջարդերից առաջ: Ավոն արդեն Բեյրութում է ծնվել: Ընտանիքը երաժշտական էր: Կոմպոզիտորի եւ երգչուհու որդին ի սկզբանե գիտեր, որ իր ապագան կապված է լինելու նոտաների ու դաշնամուրի հետ: Բայց երաժշտությունը նրա համար մասնագիտություն դարձավ չափազանց վաղ:
14 տարեկանում նա ստիպված էր ինքնուրույն իր հացը վաստակել` բեյրության հյուրանոցների նախասրահներում ջազ, սամբա, ռումբա եւ բուգի-վուգի նվագելով:
Հայրը վաղ էր մահացել եւ ընտանիքի հոգսերը մնացել էին նրա ուսերին: Ավոն 16 տարեկան էր, երբ ստեղծեց իր առաջին խումբը: «Leban Boys» խմբի բոլոր հինգ մասնակիցները հայեր էին: Տղաները նվագում էին ոչ միայն Լիբանանում, այլեւ արտերկրում:
Որոշ ժամանակ Ուվեզյանն ապրել եւ աշխատել է Բաղդադում: Այնուհետեւ տեղափոխվել է Թեհրան, որտեղ եվրոպական եւ ամերիկյան երաժշտությունը շատ հարգի էր:
«Մի օր ինձ ասացին, որ Իրանի շահի մոտ շուտով պետք է բարձրաստիճան հյուրերի համար ընդունելություն լինի, եւ նա ուզում է, որ ես նրանց համար ջազ նվագեմ,- պատմում է Ավոն,- բնականաբար, համաձայնեցի: Բայց միապետը ցանկություն էր հայտնել նախապես անձամբ ծանոթանալ ինձ հետ: Կարծում եմ՝ այդ հանդիպումը տպավորվել է ոչ միայն իմ, այլեւ շահի հիշողության մեջ. հանդիպման ընթացքում ես նրա հետ պարսկերեն էի խոսում: Նա հետաքրքրվեց, թե երբ եմ հասցրել պարսկերեն սովորել: Իսկ ես, իսկական պիժոնի պես գլուխ գովելով, պատասխանեցի, որ վեց լեզու գիտեմ, եւ եւս մեկ լեզու երկու շաբաթում սովորելն ինձ համար բարդ չէր: Շահին իմ պատասխանը դուր եկավ»:
Ավոն ոչ միայն ջազ էր նվագում Իրանի միապետի հյուրերի համար, այլեւ նրա դուստրերին սովորեցնում էր թվիստ եւ բուգի-վուգի պարել: Հավանաբար, շահին թվացել էր, որ դուստրերի հետաքրքրվածությունը երիտասարդ հայով շատ է խորանում: Մի օր Ռեզա Փահլավին Ավոյին հարցրեց նրա հետագա պլանների մասին: Ավոն պատմեց, որ կցանկանար երաժշտություն ուսանել Ամերիկայում, սակայն դեսպանատունը վիզա չի տալիս:
Միապետի՝ ամերիկյան դեսպանին կատարած մեկ զանգն էլ բավական էր, որ պատանու առջեւ նոր հեռանկարներ բացվեին: Նյու Յորքի հեղինակավոր «Juilliard School»-ն ավարտելուց հետո 24-ամյա Ավոն իրեն թույլ տվեց ամուսնանալ: Սակայն ընտանեկան երջանկությունը կարճատեւ էր: Նրա կինը շատ երիտասարդ տարիքում է վախճանվել: Դրանից հետո Ավոն որդիների հետ տեղափոխվել է Պուերտո Ռիկո, որտեղ նրա կնոջ հայրը ոսկերչական արհեստանոցներ ուներ: Ցերեկն Ավոն արտադրություն էր կառավարում, իսկ երեկոյան դաշնամուր նվագում եւ երգեր գրում:
«Բոլորը հավանում էին երգերս: Բայց այն ժամանակ դեռեւս չգիտեի, թե ինչպես կարելի է երաժշտությունն ապրանքի վերածել,- հիշում է Ավոն,- ծանոթներիցս մեկն ընկերություն էր անում Ֆրենկ Սինատրայի հետ: Առաջարկեց «Broken Guitar» նոր երգս ցույց տալ նրան: Սինատրային երաժշտությունը դուր եկավ, իսկ խոսքերը` ոչ: Ես նրան ասացի. «Ֆրենկ, եթե երգիս խոսքերը ձեզ դուր չեն գալիս, հանձնարարեք փորձառու բանաստեղծին նոր խոսքեր գրել»: Այդպես էլ որոշվեց: Արդյունքում հայտնվեց «Strangers in the Nght» երգը»:
Ավո Ուվեզյանի հիշողությունները դժվար են տեղավորվում լեգենդար երգի ստեղծման պատմության պաշտոնական վարկածում: Խնդիրն այն է, որ աղբյուրների մեծ մասում գերմանացի Բերթ Քեմփֆերթն է նշվում որպես «Strangers in the Night» երգի հեղինակ: Ուվեզյանն այդ ամենը բացատրում է ամերիկյան ֆինանսական համակարգի նրբություններով՝ օտարերկրացիներին վճարվող հոնորարներից պահվող հարկերն ավելի բարձր էին: Հենց այդ պատճառով Ավոն առաջարկել է պայմանագիր կնքել, որով Ֆրենկ Սինատրայի նոր ալբոմի երաժշտության հեղինակ ճանաչվել էր Քեմփֆերթը, սակայն «Strangers in the Night» երգի հոնորարը նա փոխանցել է իրական հեղինակին: «Այդ երգի նկատմամբ իմ իրավունքները պաշտոնապես ամրագրված են: Բայց Գերմանիայում, այլ ոչ թե Ամերիկայում: Ես ունեմ դրա մասին վկայող փաստաթուղթ: Ինքը Բերթ Քեմփֆերթը, ինչպես եւ Ֆրենկ Սինատրան, երբեք կասկածի տակ չեն առել այն փաստը, որ «Strangers in the Night» երգը ես եմ գրել»,- ասում է նա:
Ուվեզյանի հաջողությունները բիզնեսի ոլորտում նույնչափ զգալի էին, որքան եւ ստեղծագործական ասպարեզում: Սիգարների արտադրության եւ մարկետինգի ոլորտում որոշակի փորձ ունեցող իր ընկերոջ` Ժակ Մելքոնյանի համառ խորհրդով նա որոշեց ոսկերչությունը փոխարինել ծխախոտային բիզնեսով: Մելքոնյանի ազդեցությամբ Ավոն վաճառեց աներոջից ժառանգած արհեստանոցները եւ ամբողջ գումարը ներդրեց Դոմինիկյան Հանրապետությունում ծխախոտի պլանտացիաներ գնելու նպատակով: Սեփական արտադրանքն Ավոն անվանեց իր անունով, որը հայերենում նշանակում է «բարի լուր»: Իսկ լոգոտիպի վրա պատկերեց սեփական կիսադեմը` սիրված գլխարկով:
Պիտակի վրա գլխարկով մարդու պատկերով դոմինիկյան սիգարների յուրօրինակ բուրմունքը շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհի էլիտար ծխախոտ օգտագործողների շրջանում:
Մի օր Ֆիդել Կաստրոն անձամբ զանգահարել է Ուվեզյանին եւ խնդրել «Avo» սիգարների մի քանի տուփ ուղարկել իրեն: Իսկ Ջորջ Բուշ ավագը մի անգամ մոտեցել է Ավոյին հյուրանոցում` ծանոթանալու իր սիրած սիգարների արտադրողի հետ:
Զարմանալի չէ, որ երաժիշտ Ավո Ուվեզյանն իր սիգարների տեսակները կոչել է երաժշտական անվանումներով. «Avo-Maestro», «Avo-Intermezzo», «Avo-Nocturne»: Հավակնոտ հայի արտադրանքը նոր շուկաներ էր նվաճում, ինչը վախեցնում էր մրցակիցներին: Արդյունքում` Ուվեզյանն այնպիսի առաջարկ ստացավ, որը չկարողացավ մերժել: Այժմ «Avo» սիգարների վաճառքով ամբողջ աշխարհում զբաղվում է «Davidoff» ընկերությունը: Բայց Ավոն շարունակում է մնալ «Strangers in the Night» երգի մեղեդիով ներծծված բրենդի խորհրդանիշը:
«Այո, թերեւս, ես իսկապես երջանիկ մարդ եմ,- զրույցի վերջում խոստովանում է Ավոն,- իսկ գիտե՞ս, թե ինչն է պակասում կատարյալ երջանկության համար: Հայրենիքում լինելն ու Արարատ լեռը տեսնելը»:
Արտյոմ Երկանյան
Արտյոմ Երկանյան. լրագրող, հեռուստամեկնաբան, վավերագրող: Նա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վավերագրական ֆիլմաշարի հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան: