«Վարդապետի լռությունը»

Armenian
Երեւանում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան:
 
Ֆիլմը Կոմիտասի մասին է: Ավելի ճիշտ՝ մեր ժամանակակցի, Էդգար Նովենց անունով գրողի մասին, որը փորձում է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ 1915թ-ից հետո Կոմիտասը մոտ 20 տարի ապրել է փարիզյան հոգեբուժարանում եւ այդ տարիների մեծ մասի ընթացքում խոսք անգամ չի ասել:
 
Կոմիտասի լռության բնույթն ավելի լավ հասկանալու համար Նովենցը գնում է Փարիզ, այցելում այն հոգեբուժարանը, որտեղ Կոմիտասն անցկացրել է այդ տարիները, հանդիպում հոգեբույժի հետ, որը պնդում է՝ Կոմիտասը հոգեկան հիվանդ էր, եւ խոսում հայ համայնքի ներկայացուցչի հետ, որը վստահ է՝ Կոմիտասի լռության մեջ մեղավոր են Ֆրանսիայի հայերը. հնարավոր է, որ անգամ ավելի մեղավոր են, քան թուրքերը:
 
Երեւանի հոգեբուժարանում Նովենցը գտնում է հիվանդ ծերունու, որը նույնպես լռում է, ինչպես, հավանաբար, լռում էր Կոմիտասը: Նրան թվում է, որ կմոտենա Կոմիտասի հանելուկի լուծմանը՝ այդ ծերունու լռության պատճառը բացահայտելով: Եվ Նովենցը որոշում է որոշ ժամանակ ապրել այդ հոգեբուժարանում:
 
Չեմ ուզում այժմ գրել ֆիլմի մանրամասների մասին: Օրինակ՝ սյուժեի սիրային գծի մասին, իսկ այն, անշուշտ, գոյություն ունի: Ինչպես նաեւ չեմ գրում այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Նովենցի հետ երեւանյան հոգեբուժարանում: Դուք դա կարող եք տեսնել ֆիլմում:
 
Ինձ համար ավելի հետաքրքիր է խոսել այն մասին, ինչ թաքնված է ֆիլմի տողատակում: Ինձ հետաքրքիր է գաղափարը, ավելի ճիշտ՝ ֆիլմի հիմքում ընկած գաղափարներից մեկը:
 
Չեմ հիշում, թե ով է ասել, որ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա մի քանի շերտ: Մի շերտն այն է, ինչ հեղինակն ուզում էր ասել եւ ասել է: Մյուս շերտը՝ ինչ հեղինակը չի ասել, քանի որ չէր ցանկանում ասել: Բայց կա նաեւ երրորդ շերտը՝ այն, ինչ հեղինակն ասել է՝ չցանկանալով անել դա: 
 
Այս շերտն ամենահետաքրքիրն է ֆիլմում:
 
Եվ առաջին հերթին ուշադրություն է գրավում թուրքերի բացակայությունը ֆիլմում. գրեթե լիակատար բացակայությունը՝ ֆիլմում ընդամենը մեկ թուրքի կերպար է: Նա փամփշտակալով զինվոր է, որն ընդամենը երկու արտահայտություն է ասում. «Իմ անունը Ահմեդ է (գուցե ոչ թե Ահմեդ, այլ Աբդուլա՝ չեմ հիշում): Ես թուրք եմ»: Համաձայնեք, որ սա շատ քիչ է, իրականում՝ գրեթե ոչինչ:
 
Միեւնույն ժամանակ զոհերի կերպարները ներկայացված են թեեւ մի քանի մանրագծով, բայց ցայտուն, պարզ եւ հստակ կերպով: Նրանք են. հայ գրողներ, ուսուցիչ, ճարտարագետ, բժիշկ... (գլուխ գովեմ՝ բժշկի դերում ես եմ): Նրանք տարբեր են:
 
Սակայն արդյո՞ք հնարավոր է գիտակցել, թե ինչ էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն առանց թուրքերի:
 
Կարծում եմ, որ անհնար է: Բայց բազմաթիվ հայերի պատկերացմամբ՝ հատկապես Հայաստանում, թուրքերը չարիքի մարմնավորում են՝ մոնոլիտ, միասնական եւ անքակտելի: Հավանաբար, կարելի է ասել, որ Չալդրանյանի ֆիլմը հայերի զանգվածային ոչնչացման նկատմամբ նման հայացքի գեղարվեստական մարմնավորում է, այսինքն՝ փորձ է հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ՝ հայերիս հետ:
 
Նրա եւ մեզանից շատ շատերի համար տեղի ունեցածը մեծ աղետ է, մեծ եղեռն (չէ որ եղել է նաեւ փոքր եղեռն՝ 1896թ-ին), կոտորած, ջարդ․․․ հայերենում տեղի ունեցածի համար տասից ավելի անվանում կա։  
 
Ուշադրություն դարձրեք՝ այդ սահմանումներում, կարծես թե, առկա է այնպիսի զգացողություն, որ «դա տեղի է ունեցել», այլ ոչ թե «դա իրագործվել է»։ Իսկ «ցեղասպանություն» բառը ներառում է կանխամտածված հանցագործության հասկացություն։
 
Հետաքրքիր է, որ երբ ցեղասպանությունը ստեղծագործաբար իմաստավորում են սփյուռքի հայերը, թուրքերը նրանց մոտ տարբեր են լինում։ Ատոմ Էգոյանի «Արարատ», Էրիկ Նազարյանի «Բոլիս», Կարին Հովհաննիսյան եւ Ալեք Մուhիբյան ռեժիսորների «1915» կինոնկարներում փորձ է արվում հասկանալու, թե ժամանակակից թուրքերն ինչ են մտածում 1915թ-ի իրադարձությունների մասին:
 
Ի՞նչ է ստացվում։ Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմն ինձ ստիպեց խորհել. հաճախ ասվում է, որ թուրքերը պետք է հաշտվեն իրենց պատմության հետ։ Այս արտահայտությունը դարձել է որոշակի թերթավերլուծաբանական կլիշե։ Բայց պարզվում է, որ մեզ՝ հայերիս, նույնպես անհրաժեշտ է հասկանալ մեր պատմությունը, զգալ այն, գիտակցել:
 
Ոչ, չեմ կարծում, իհարկե, որ կարելի է հաշտվել նման պատմության հետ, բայց ֆիլմը՝ գրականության եւ արվեստի այլ գործերի հետ միասին, ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, ներկայումս էլ՝ 100 տարի անց, դեռ փորձում ենք հասկանալ, թե ինչ դարձավ ցեղասպանությունը մեզ համար։
 
Ֆիլմի պրեմիերան ինձ ստիպեց գալ նաեւ հետեւյալ եզրահանգմանը՝ հայերը եւ թուրքերը դեռեւս առանձին են դիմում պատմությանը։ Հավանաբար կգա ժամանակը, երբ միասին կնայենք պատմությանը։ Բայց դա շատ եւ շատ հեռվում է։ 
 
Մարկ Գրիգորյան
Մարկ Գրիգորյան. հայտնի լրագրող, վերլուծաբան, Հայաստանում Կովկասի ինստիտուտի համահիմնադիր, 16 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: Շուրջ տասը տարի աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկի ՝ BBC-ի ռուսաստանյան գործակալությունում աշխատելուց հետո, վերջերս է վերադարձել հայրենիք: Այժմ համագործակցում է АТV հեռուստաընկերության հետ:

 

Weight: 
-146
Tags: 
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Մարկ Գրիգորյանի դիտարկմամբ