Հռոմի Պապը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Armenian

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանելով «ցեղասպանություն»։ Հռոմի Պապը դիմեց Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալներին, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հայոց եկեղեցիների կաթողիկոսները՝ նշելով, որ  վտանգավոր է անցյալի  մասին լռելը, հատկապես՝ այսպիսի արյունոտ անցյալի։

«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ»,-ասաց Հռոմի Պապը, հավելելով՝ առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», որը պատահել է հայ ժողովրդին, մյուս երկու հանցագործությունները նացիզմի և ստալինիզմի հետևանք են:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց հարգել նահատակների հիշատակը. «Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է: Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու»: 

Իր ուղերձում Հռոմի Պապն անդրադարձավ  նաև մեր ժամանակների հանցագործություններին՝ նշելով Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում մասսայական սպանությունների մասին. «Թվում է՝ մարդկությունն անկարող է վերջ դնել անմեղ արյունահեղությանը»:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձի թարգմանությունը՝ արեւելահայերեն և արեւմտահայերեն:

Weight: 
0
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
1915թ․հայերի զանգվածային սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է