«Այլեվս երբեք»

Armenian

«Այլեւս երբեք» (Never again) մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ պայքարի խորհրդանիշ դարձած պատմական այս բառերը պատկանում են Քեն Խաչիկյանի գրչին: 30-40 տարի առաջ նա խոսում էր Երկիր մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց շուրթերով: Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգ Քեն Խաչիկյանը եղել է Ռիչարդ Նիքսոնի օգնականը եւ Ռոնալդ Ռեյգանի ելույթների գլխավոր հեղինակը (speechwriter):

Հիմնականում նրա շնորհիվ 1982թ. ապրիլին ԱՄՆ նախագահը 1915թ. իրադարձությունները հրապարակայնորեն անվանեց ցեղասպանություն:

Այժմ 68-ամյա քաղաքական գործիչը թոշակի է անցել: Սակայն դա նրան չի խանգարում իրավական խորհրդատվություն տրամադրել եւ խորհուրդներով օգնել հայկական լոբբիստական կառույցներին:

Քեն Խաչիկյանի հայրը 1915թ. հրաշքով կենդանի է մնացել` «մահվան քարավանով» երկար ճանապարհ անցնելով Չամարլու (գյուղ Էրզրումում) գյուղից մինչեւ Սիրիայի Դեր Զոր անապատ: Ամերիկա տեղափոխվելուց եւ Ֆրեզնոյում հաստատվելուց հետո նա ծանոթացել է Խարբերդից գաղթածների դստեր հետ: Նրանց ամուսնությունից էլ ծնվել է Քենը: Խաչիկյան կրտսերը չցանկացավ շարունակել հոր՝ ֆերմերի կարիերան: Մանկությունից երազում էր քաղաքական գործիչ դառնալ: Իրավաբանական ֆակուլտետի ուսանող լինելով` Քենը մի օր որոշեց նամակ գրել Ռիչարդ Նիքսոնին, որն այն ժամանակ իր թեկնածությունն առաջադրել էր նախագահի ընտրություններում: Հավակնոտ պատանին նրան առաջարկում էր իր ծառայությունները: Շուտով նախընտրական շտաբից եկավ պատասխան, որում ասվում էր՝ նա կարող է միանալ թիմին որպես կամավոր: Այդ ժամանակից ի վեր Խաչիկյանը քաղաքականությունում է: Ռիչարդ Նիքսոնն ուշադրություն էր դարձրել ակտիվ հայի վրա դեռեւս նախընտրական արշավի ընթացքում: Նախագահ դառնալով` նա 23-ամյա Քեն Խաչիկյանին առաջարկեց իր կրտսեր օգնականներից մեկի պաշտոնը: Մեր հայրենակիցն աշխատել է Նիքսոնի վարչակազմում մինչեւ 1974թ-ը, երբ ուոթերգեյթյան սկանդալի պատճառով նա ստիպված էր հրաժարական տալ: Այդ օրերին Քեն Խաչիկյանի անունն առաջին անգամ հայտնվեց մամուլի էջերում: Տարիներ անց «Յունիվերսալ ստուդիո» կինոընկերությունը նկարահանեց Ուոթերգեյթին նվիրված «Ֆրոսթ/Նիքսոն» կինոնկարը, որում Խաչիկյանի դերը կատարեց հոլիվուդյան հանրահայտ դերասան Գաբրիել Ջարեթը:

Թոշակի անցնելով` Նիքսոնն առաջարկեց օգնականին մնալ իր թիմում: Խաչիկյանի գլխավոր պարտականությունը հուշագրությունների վրա աշխատելն էր: «Ես շատ մտերմացել էի նախագահի հետ: Մենք ընտանիքներով էինք ընկերություն անում: Տիկնոջ հետ միասին նրանք հաճախ իրենց տուն ընթրիքի էին հրավիրում ծնողներիս, - պատմում է Քեն Խաչիկյանը,- պարոն նախագահը շատ էր հարգում իմ հորը: Երբ հայրս մահացավ, նա անհարմար զգաց ինձ փող առաջարկել հողարկավորությունը կազմակերպելու համար: Նա իր հարգանքն արտահայտելու այլ միջոց գտավ: Նիքսոնը մեծ գումար փոխանցեց Չամարլուից գաղթածների Հայրենակցական միությանը` իմանալով, որ հայրս ծնունդով այդ քաղաքից է. շատ հուզիչ էր»:

Մեր հայրենակցի հայտնվելը հաջորդ հանրապետական նախագահի թիմում ոչ ոքի չզարմացրեց: «Ռոնալդ Ռեյգանի հետ աշխատել եմ, երբ նա դեռ Կալիֆորնիայի նահանգապետ էր,- ասում է Խաչիկյանը,- հանրապետականների փրայմերիզում հաղթանակից հետո պարոն նախագահն ինձ զանգահարեց եւ ասաց. «Քեն, ինձ քո նման վստահելի մարդ է պետք, որն ինձ հետ միասին կշրջագայի երկրով մեկ եւ կօգնի նախընտրական հանդիպումների ընթացքում: Դու պատրա՞ստ ես կանգնել իմ կողքին»: Ես պատասխանեցի՝ իհարկե»: 1981թ. Խաչիկյանը զբաղեցնում է նախագահի հատուկ հարցերով խորհրդականի պաշտոնը, այնուհետեւ նշանակվում է Սպիտակ տան ելույթների գլխավոր հեղինակ: Ռեյգանի նախագահական երկրորդ արշավի ժամանակ նրա նախընտրական շտաբի գլխավոր խորհրդատուն էր եւ միաժամանակ վերլուծական հարցերով տնօրենը:

Ամերիկացի հայտնի քաղաքագետ եվ հրապարակախոս Էնթոնի Յորքը Խաչիկյանին անվանել է «Ռեյգանի՝ Սպիտակ տան համար պայքարի նախագծի գլխավոր ճարտարագետ»:

Ռեյգանը սիրում եւ հարգում էր հայերին, բավականին լավ գիտեր նրանց պատմությունը: Եվ զարմանալի չէ, որ հենց Ռեյգանը դարձավ առաջին եւ միակ ԱՄՆ նախագահը, որ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Քեն Խաչիկյանն այս ամենում բավականին նշանակալի դեր է խաղացել: «1982 թվականն էր: Նախագահն ինձ հանձնարարեց պատրաստել Հոլոքոստի տարելիցի ելույթի տեքստը, - հիշում է Խաչիկյանը, - ինձ թվաց, որ տեղին կլինի, եթե պետության ղեկավարն իր ելույթում հիշատակի մարդկության դեմ նաեւ այլ հանցագործությունները, որոնց դատապարտումը կկանխեր Հոլոքոստը: Հասկանում էի, որ սա շատ նուրբ հարց է, որն անհրաժեշտ է համաձայնեցնել Պետդեպարտամենտի հետ: Ինձ հաջողվեց համոզել ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականին, որ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ զուգահեռները միանգամայն տեղին կլինեն: Խորհրդականն այս հարցով խոսել էր նախագահի հետ, եւ նա հավանություն էր տվել իմ գաղափարին: Ելույթի առաջացրած արձագանքը հսկայական էր: Անկարայում կատաղել էին: Ռեյգանից պահանջում էին հրաժարվել հնչեցրած խոսքերից եւ ողջ պատասխանատվությունը գցել ելույթների հայ հեղինակի վրա, ով, իբրեւ թե, ինգնագործունեություն է թույլ տվել: Սակայն նախագահի մտքով էլ չէր անցնում նման բան անել: Ռեյգանը հասկացրել էր, որ ստորագրում է Խաչիկյանի գրած յուրաքանչյուր խոսքի տակ:

Ընտրական տեխնոլոգիաների ոլորտում Խաչիկյանի հարուստ փորձն առնվազն չորս տարին մեկ պահանջված էր Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից: Որպես խորհրդատու նա մասնակցել է նախագահի ընտրության տաս արշավում: Այս իմաստով նրան համարձակորեն կարելի է ռեկորդակիր համարել: Մեր հայրենակիցն աշխատել է 1976թ-ից մինչ օրս առաջադրված բոլոր հանրապետական թեկնածուների ընտրական շտաբերի համար: Նիքսոնից եւ Ռեյգանից հետո նրա ծառայություններից օգտվել են երկու Բուշերը, Բոբ Դոուլը, Ջոն Մակքեյնը, Միթ Ռոմնին: Խաչիկյանն օգնել է նաեւ Կալիֆորնիայի հանրապետական նահանգապետերին: Առաջին հերթին, իհարկե, Ջորջ Դոքմեջյանին, ում հետ մինչ օրս հարաբերություններն ընկերական են: Ներկայումս Քեն Խաչիկյանը խորհրդատվություն է տրամադրում սենատոր Բարբարա Բոքսերին: Նրա ստեղծած «Smiland & Khachigian» իրավաբանական ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է տրամադրում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:

Խաչիկյանի կապերն ու ազդեցությունն առաջվա պես օգտակար են հայ լոբբիստական կառույցների համար, որոնք բարձր են գնահատում նրա աջակցությունը: «Ժամանակ առ ժամանակ ես օգտագործում եմ իմ հին կապերը Սպիտակ տանն ու Կապիտոլյան բլրում` հայերի համար հատուկ կարեւորություն ունեցող հարցերն առաջ տանելու համար:

Ես հայ եմ, եվ այդ պատճառով Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ինձ համար շատ կարեվոր է:

Սակայն բացի դրանից ես ամերիկացի եմ: Եւ այդ պատճառով ես առավել համառորեն եմ խոսում ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Իմ կարծիքով` Ամերիկայի ազգային շահերն են դա պահանջում: Մեր արժեքները թույլ չեն տալիս մարդկության դեմ հանցագործությունների ժխտում: Ամերիկան պետք է հասնի երիտթուրքերի ռեժիմի ոճրագործությունների դատապարտմանը, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները: Եւ միայն դրանից հետո իրավունք կունենանք համարձակորեն ասել. «Այլեւս երբեք»»:

Արտյոմ Երկանյան

Լուսանկարները՝ Երկանյանի անձնական արխիվից

Արտյոմ Երկանյանլրագրող, հեռուստամեկնաբան, վավերագրող: Նա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վավերագրական ֆիլմաշարի հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, «Աշխարհի հայերը»  հաղորդաշարի հեղինակ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան:

Weight: 
-60
Tags: 
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Քեն Խաչիկյանն է այս պատմական դարձած գաղափարի հեղինակը