Միխայիլ Պիոտրովսկի
Ակնառու արաբագետ Միխայիլ Պիոտրովսկին արդեն ավելի քան 20 տարի գլխավորում է Պետական Էրմիտաժը՝ ամենակարեւոր թանգարանային համալիրներից մեկը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Արեւելքի հանդեպ Պիոտրովսկու հետաքրքրությունը պատահական չի առաջացել. նրա ծնողները հայտնի հնագետներ Բորիս Պիոտրովսկին եւ Հռիփսիմե Ջանփոլադյանն են, իսկ ինքը՝ գիտնականը, ծնվել է Երեւանում:
Պիոտրովսկիների ընտանիքի կյանքը միշտ սերտ կապված է եղել Էրմիտաժի հետ. Միխայիլի հայրը՝ Բորիս Պիոտրովսկին դեռ երեխա էր, երբ ծանոթացավ թանգարանի մի աշխատակցուհու հետ, որը հետագայում նրան հրավիրել է եգիպտագիտության դասերի։ Համալսարանն ավարտելուց հետո նա նվիրվեց ուրարտական գրի ուսումնասիրությանը, սկսեց պեղումների մեկնել Հայաստան։ Այնտեղ հնագետները ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ։
Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո ընտանիքը որոշ ժամանակ ապրում էր այդ ժամանակ Էրմիտաժը գլխավորող Հովսեփ Օրբելու տանը։ Իսկ 1964-ին Բորիս Պիոտրովսկին ինքը դարձավ այն թանգարանի տնօրենը, որտեղ անցել էր իր գրեթե ողջ կյանքը, եւ նույն պաշտոնում աշխատեց ավելի քան քսանհինգ տարի՝ մինչեւ 1990 թվականը։ Նրա որդին նույն պաշտոնում նշանակվեց ընդամենը երկու տարի անց, եւ ղեկավարում է Էրմիտաժը մինչ օրս։
Բացի ռուսական եւ հայկական արյունից, Միխայիլ Պիոտրովսկու երակներում հոսում է նաեւ լեհական արյուն, ինչի մասին դժվար չէ գլխի ընկնել՝ ազգանունից ելնելով։ Սակայն տարբեր ազգերի լիարժեք ներկայացուցիչ դառնալու համար բազմազգ ընտանիքում ծնվելը բավարար չէ։ Անհրաժեշտ է հետեւողականորեն զարգացնել հարգանքն այլ մշակույթների (այդ թվում նաեւ՝ բոլորովին օտար) նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով սեփական ինքնությունը։ Գիտնականը հիանալի է հաղթահարում այդ փորձությունը. օգնում են մտավորականի գենն ու համապատասխան դաստիարակությունը։ «Երբ Հայաստանում եմ գտնվում, ինձ հայ եմ զգում մինչ այն պահը, երբ սկսվում են Ռուսաստանի մասին խոսակցությունները։ Այդ ժամանակ ինձ ռուս եմ զգում։ Երբ ռուսները վատաբանում են հայերին, ես հայ եմ, երբ Հայաստանում վատաբանում են ռուսներին, ես ռուս եմ։ Նույնը վերաբերում է լեհերին։ Լեհերի մասով հարցը հատկապես բարդ է դարձել ներկայումս»,- նշում է նա:
|
Իսկապես, տարբեր ազգերի ու մշակույթների հատման կետում գտնվելը կարող է խնդիրներ առաջացնել։ Ավելի շատ նմանություններ, քան տարբերություններ գտնելու ունակությունն օգնում է կարգավորել ներքին հակասությունները:
«Տարբեր քաղաքակրթություններին պատկանելը լավ է՝ գերագույն հաճույք։ Այն հենց այնպես չի տրվում, միայն՝ կրթության շնորհիվ։ Այդ իսկ պատճառով իրական մտավորականների միջեւ ազգային ոչ մի կարգի վեճ երբեւէ չի եղել եւ չկա»,- ասում է Պիոտրովսկին։
Հանդուրժողականությունն ու նրբազգացությունն ավելի արժեքավոր են թվում, եթե դրանք համեմատում ենք մոդայիկ ծայրահեղ հայրենասեր հռետորաբանության հետ։ Բաց մնալ՝ առանց դատապարտման նշույլի, չհիանալ սեփական թվացյալ, անգամ՝ իրական առավելությամբ, ընդհանուր լեզու գտնել մարդկության՝ քեզանից անգամ ամենաշատը տարբերվող ներկայացուցիչների հետ. այս զարմանալի ունակությունների համար Միխայիլ Պիոտրովսկին պարտական է իր հայկական արյանը. «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, դրանց բախման կետում։ Աշխարհասփյուռ հայերը կարողացել են ապրել տարբեր քաղաքակրթություններում եւ միաժամանակ հայ մնալ։ Ընդ որում՝ նրանք դառնում էին կարեւոր տարրեր այն մշակույթների, որտեղ սկզբում հայտնվել էին որպես հյուր»։
«Ժամանակին մեր նախնիներից մեկին ոչ մի կերպ չէին կարողանում սպանել, այդ պատճառով էլ նրան այդպես էին կոչել կամ քրդերը, կամ թուրքերը,- պարզաբանում է Միխայիլ Պիոտրովսկին,- այստեղ եւ թուրքական, եւ պարսկական արմատներ են՝ եւ «ջան», եւ «փոլադ»»։
|
Օրինակ՝ ինչպիսի մեծագույն ներդրում են ունեցել հայերն այդ թվում եւ ռուսական մշակույթում։ Մտավորականության, էլիտայի մակարդակով ո´չ ազգային տարբերությունը, ո´չ ազգային թշնամանքն այդքան էլ ուժեղ չեն։ «Մեծ հայ, օրինակելի ռուս-հայկական գիտնական Հովսեփ Օրբելին հիանալի տեսություն ուներ, որը միաժամանակ համապատասխանում էր եւ ճշմարտությանը, եւ մարքսիզմին. նա համարում էր, որ միջնադարում մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների բարձրագույն դասակարգերի մշակույթը մոտավորապես նույնն էր։ Էրմիտաժի մահմեդական հավաքածուի զգալի մասը ներկայացնում է մշակույթների հենց այդ ընդհանրությունը»,- նշում է Պիոտրովսկին։ Լավ կրթությունը, գեղարվեստական ճաշակները՝ որոշակի մակարդակում այդ ամենն անխուսափելիորեն բերում է մերձեցման։ Սանձարձակ ազգայնականությունն առաջանում է այնտեղ, որտեղ իշխող ուժերը չեն հասնում այդ մակարդակին։
Վերջերս Սանկտ Պետերբուրգում բացվել է Կոմիտասի արձանը։ «Կոմիտասը Հայաստանն է, նա Պետերբուրգում երբեք չի եղել։ Բայց հայկական մշակույթն ապրում էր նաեւ Եվրոպայում։ Թուրքիան ամբողջ աշխարհում ներկայացված էր, այդ թվում, Թուրքիայի հայերով։ Հենց այդ ամենն էլ վերացվում էր։ Ոչնչություններին չեն ոչնչացնում։ Վերացնում են միայն նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում ինչ-որ չարիքի համար»,- համարում է Պիոտրովսկին։
Հայկական մշակույթի սրահի ցուցանմուշներ, Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ընտանիքի ավագ անդամներն աշխատում էին սահմանափակվել միայն փաստերով՝ սեփական հույզերն ու զգացմունքները թողնելով կադրից դուրս։
Էրմիտաժի տնօրենի ընտանիքը պահպանում է հայկական մշակույթին պատկանելու զգացումը. «Ժամանակները փոխվել են իմ մանկությունից ի վեր, երբ յուրաքանչյուր ամառ գնում էինք Հայաստան: Բայց կապերը կան, եւ կան բոլոր հիմքերը, որ դրանք ավելի ամրապնդվեն, ու Ռուսաստանում բնակվող հայերն իրենց հաղորդակից զգան հայկական մշակույթին եւ Հայաստանին՝ որպես պետություն: Ամեն ինչ կա: Հայկական ոգին ոչ մի տեղ չի անհետանում»:
Լուսանկարները՝ Աննա Արտյեմեվայի
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: