Շամիրամ Սեվակ
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 10/18/2016 - 16:00
Armenian
Intro:
Ֆրանսիայի Նիս քաղաքի թիկունքում բարձրացող բլուրներին բազմած ծերանոցներից մեկում, Շամիրամ Սեւակի առանձնասենյակի պատվավոր տեղում մանկական մի լուսանկար կա։ Խոշորացված լուսանկարում պատկերված է մանկական գլխարկով, պարանոցին մեծ ժապավեն կապած մի աղջնակ։ Կողքին մայրն ու եղբայրն են։ Բայց սա ընտանեկան արձակուրդի ընթացքում արված ջերմ լուսանկար չէ։ Մռայլ ու դառնացած դեմքերով այս երեքը լուսանկարվել են 1915թ. աշնանը, Կոստանդնուպոլսում։ Մայրը սգո սեւ զգեստով է: Սոսկալի ողբերգությունն անվերադարձ փոխել է ընտանիքի ճակատագիրը։
Weight:
-9 500
Story elements:
Text:
Ֆրանսիայի Նիս քաղաքի թիկունքում բարձրացող բլուրներին բազմած ծերանոցներից մեկում, Շամիրամ Սեւակի առանձնասենյակի պատվավոր տեղում մանկական մի լուսանկար կա։ Խոշորացված լուսանկարում պատկերված է մանկական գլխարկով, պարանոցին մեծ ժապավեն կապած մի աղջնակ։ Կողքին մայրն ու եղբայրն են։ Բայց սա ընտանեկան արձակուրդի ընթացքում արված ջերմ լուսանկար չէ։ Մռայլ ու դառնացած դեմքերով այս երեքը լուսանկարվել են 1915թ. աշնանը, Կոստանդնուպոլսում։ Մայրը սգո սեւ զգեստով է: Սոսկալի ողբերգությունն անվերադարձ փոխել է ընտանիքի ճակատագիրը։
Text:
«Սա անձնագրի այն լուսանկարն է, որով մենք կարողացանք Գերմանիայի դեսպանի օժանդակությամբ դուրս գալ երկրից»,- ասում է Շամիրամը։ 1915 թվականին նա ընդամենը մեկ տարեկան էր, եղբայրը՝ Լեւոնը՝ երեք։ Մայրը՝ Ջեննին, Կոստանդնուպոլսում գերմանական դեսպանատնից փորձում էր հեռախոսով կապ հաստատել Գերմանիայում բնակվող հոր հետ։
«Մենք չկարողացանք փախչել. սահմաններն արդեն փակ էին, - հիշում է Շամիրամը,- պատերազմ էր ու ցեղասպանություն։ Մեզ բնաջնջում էին»։
Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, ապշեցուցիչ տարբերություն կա գեղեցիկ ու խնամված ձեռքերով այս նուրբ եւ կենսուրախ կնոջ ու նրա մանկության փոթորկահույզ տարիների պատմությունների միջեւ։
Image:
Text:
Շամիրամը (կենտրոնում) եղբոր՝ Լեւոնի ու մոր՝ Ջեննիի հետ
Հոր զորավոր կերպարը
Շամիրամը ծնվել է 1914թ. հուլիսի 10-ին, Կոստանդնուպոլսում (Ստամբուլ)։ Հորը ցավոք գրեթե չի ճանաչել. դեռ գրկի երեխա էր, երբ նրան ձերբակալեցին, եւ նա այլեւս չվերադարձավ։ Հոր ազդեցությունը, սակայն, մինչ օրս զգացվում է նրա ընտանիքում եւ ողջ հայկական աշխարհում։ Ռուբեն Սեւակը՝ ծնված Ռուբեն Չիլինկիրյան, հայ գրականության կարկառուն ներկայացուցիչներից է։ Ինչպես Վիլյամ Շեքսպիրը Անգլիայում կամ Ալեքսանդր Պուշկինը Ռուսաստանում, նրա դիմանկարը հաճախ կարելի է տեսնել հայկական դպրոցների դասարաններում՝ լինեն դրանք Հայաստանում, թե Սփյուռքում: Երեւանում Ռուբեն Սեւակի անունով դպրոց կա։ Էջմիածնում 2013 թվականին բացվել է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան, որի ծախսերը հոգում է նրա զարմիկ Հովհաննեսը՝ Սեւակի գործերի ամենամեծ հավաքողը։
Ամբողջ կյանքում Շամիրամը եղել է հմայված իր բացակա, սակայն միաժամանակ ամենուրեք ներկա հոր կերպարով։ Հավերժ երիտասարդ մի տղամարդ՝ մուգ ու խորաթափանց աչքերով, երիտասարդ բանաստեղծ, որը հասցրել էր դառնալ լեգենդ նշանավոր մտածողների իր շրջանակում։ Շամիրամի սենյակը զարդարված է սիրելի ծնողների նկարներով։ «Նրանք ինձ երբեք չեն լքում,– ասում է նա,- ինչ-որ տեղ ես մնացել եմ հավերժ երեխա»։
Image:
Text:
Ռուբեն Սեւակ
Ռուբեն Չիլինկիրյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 15-ին՝ Կոստանդնուպոլսի մերձակա Սիլիվրի քաղաքում։ Սպանվել է 1915-ի օգոստոսի 28-ին: Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում ուսանելու տարիներին ուսուցիչները նկատել են ռոմանտիկ բնավորությամբ Ռուբենի գրական տաղանդն ու տարիքից վաղ դրսեւորված հասունությունը։ 1905 թվականին նա թողնում է հայրենի տունն ու տեղափոխվում Լոզան, Շվեյցարիա՝ բժշկագիտություն ուսումնասիրելու։ Արեւմտյան Եւրոպայից նա սկսում է թղթակցել Կոստանդնուպոլսի հայկական մամուլին։ Երբ 1909թ. պետական հեղաշրջման հետեւանքով սուլթան Աբդուլ Համիդը գահընկեց արվեց եւ իշխանության եկան երիտթուրքերը, Ռուբենն ու հայազգի իր մտավորական ընկերները հրատարակեցին «Սուրհանդակ» գրական հանդեսը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ։ 1910թ. Ռուբեն Չիլինկիրյանը վերցնում է Սեւակ կեղծանունն ու հրատարակում «Կարմիր գիրքը»՝ պոեմների իր առաջին ժողովածուն, որը ներարկված է նախորդ տարում Ադանայում կազմակերպված հայկական կոտորածի ցավով։ Պոեմներից մեկը՝ «Վերջին հայերը», կարծես կանխագուշակում է Հայոց ցեղասպանության մոտալուտ արհավիրքը: Շվեյցարիայում ուսանելու տարիներին Ռուբեն Սեւակն ամառային անցելությունների ընթացքում ամուր կապեր է հաստատում Օսմանյան մայրաքաղաքի հայ մտավորական շրջանակների հետ։ Լոզանից նա թղթակցում է Կոստանդնուպոլսում տպագրվող հայկական «Ազատամարտ» պարբերականին:
Image:
Text:
Ջեննին ու Ռուբենը հարսանիքից կարճ ժամանակ անց
Ռոմեոյի եւ Ջուլիետի պես
Ծնողների հանդիպման պատմությունը հիշելիս Շամիրամի աչքերը սկսում են փայլել։ «Սա ցանկացած նովելից հրաշալի է,- ասում է նա,- մի օր ընկերոջ հետ Լոզանով քայլելիս Ռուբենը տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ սլացիկ, նրբիրան ու շիկահեր։ Նա համոզված էր, որ աչքին հրեշտակ է երեւացել։ Սիրտն ուղղակի տակնուվրա է լինոմ… Աղջկա վրա կրկին հայացք նետելու համար նա արդեն պատրաստ էր ամեն ինչի։ Հայրս ուզում էր համոզվել տեսածում»,- բացատրում է Շամիրամը։
Սա սեր էր առաջին հայացքից։ Անգամ մեկ դար անց նրանց դուստրը դժվարությամբ է կարողանում պատկերացնել երիտասարդ սիրահարների զգացմունքի ողջ ուժգնությունը։ Այդ «հրեշտակը» 1870թ. ֆրանս-պրուսական պատերազմի վետերան գերմանացի սպայի դուստր Հելեն Մարիա Ապելն էր։ Նա սովորում էր Լոզանի բարձրաշխարհիկ գիշերօթիկ դպրոցներից մեկում։
«Հայրս ամեն օր գնում էր նրան տեսնելու։ Դա հեշտ չէր, բայց մի օր նրան հաջողվեց մորս մի գրություն փոխանցել՝ խնդրելով հայտնել անունը։ Նա բարեհամբույր պատասխանեց՝ «Անունս Ջեննի է»»,- ասում է Շամիրամը։ Ավելի ուշ Ջեննին մազերը կախում էր պատուհանից դուրս՝ հույսով, որ իր սիրեցյալը կարողանա ձգվել-հասնել ու շոշափել դրանք ։ Այս հրաշապատումը մեծ իրարանցում առաջացրեց Ջեննիի կրթօջախում, եւ աղջկան ուղարկեցին ուրիշ դպրոց՝ Շամբերի, որն Ալպյան լեռներում էր։
Հակառակ բոլոր արգելքներին՝ սիրահարները խորամանկ ծրագրեր էին մշակում օտար հայացքներից հեռու մի քանի ջերմագին պահ որսալու համար։ Ի վերջո՝ Ջեննիի ծնողները տեղեկանում են սիրավեպի մասին եւ դստերը հրահանգում վերադառնալ Գերմանիա։ Հուսահատ Ռուբենը հետեւում է նրան, հանդիպում է իր ընտրյալի հորը եւ տեղեկացնում նրան իրենց ծրագրերի մասին, այն է՝ ամուսնանալ ուսումն ավարտելուց եւ բժշկի որակավորում ստանալուց անմիջապես հետո։ «Ես խնդրում եմ ձեզ ինձ եւս ծնող լինել»,- ասում է Ռուբենը նրանց։ Իր ավարտական գիտական թեզը նա եւս նվիրում է ապագա ազգականներին։
1911 թվականին Շամիրամի ծնողներն ամուսնանում են Փարիզի Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցում։ «Հայրս անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, այն աստիճանի, որ մորս եւս փորձում էր հայ դարձնել։ Օրինակ՝ սիրային նամակներ ուղարկելիս վերջում միշտ հայոց այբուբենի մի քանի տառ էր գրում»,- պատմում է Շամիրամը,- անհավատալի է, թե որչափ կարողացավ նա պահպանել իր հայկական էությունը։ Նա ուզում էր, որ ամեն ինչ հայկական լինի ու դրա համար վճարեց իր կյանքով»։ 1912-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Լեւոնը։ Հաջորդ տարի Ռուբեն Սեւակը գրեց իր «Բժշկին գիրքեն վրցված էջեր» ժողովածուն, որը բժշկության վերաբերյալ կենդանի քննարկումների մի շարք է։
Image:
Text:
Ռուբենն ու Ջեննին
Վերադարձ Կոստանդնուպոլիս
1914 թվականի սկզբին՝ դեռ պատերազմը չսկսված, Ռուբենը որոշում է վերադառնալ Կոստանդնուպոլիս։ Ջեննին այդ ժամանակ հղի էր Շամիրամով եւ այդքան էլ հակված չէր այդ մտքին։ «Հայրս չէր ուզում լսել մորս, որը դեմ էր այդ ծրագրին ու շարունակ ասում էր հորս, որ իր գիտական աստիճանով նա կարող է աշխատանք գտնել աշխարհի ցանկացած վայրում»։ Ռուբենն հասցրել էր բժշկի լուրջ համբավ ձեռք բերել, սակայն երազում էր վերադառնալ եւ ծառայել իր ժողովրդին։ Նա ցանկանում էր հայալեզու բժշկական հանդես հիմնել եւ իր կյանքն ու ժամանակը նվիրել գրական ու բանաստեղծական գործունեությանը։
Երբ պատերազմը սկսվեց, Ռուբենը ծառայում էր օսմանյան բանակում Չանաքքալեի՝ դաշնակիցների միացյալ բանակի կողմից պաշարված հանգուցային այդ քաղաքի պաշտպանության ընթացքում, որպես բժշկական կորպուսի լեյտենանտ: Ռուբենի թուրք վերադասները նշել են նրա ցուցաբերած խիզախության ու հավատարմության մասին։ Սակայն երբ նա վերադարձավ Կոստանդնուպոլիս, մի քանի հոգի թակեցին բժշկի դուռն ու հրամայեցին դուրս գալ տնից։ 1915 թվականի հունիսի 22-ն էր։ «Հայրս ինչ-որ ձեւով գիտեր, որ մորս այլեւս չի տեսնելու,- ասում է Շամիրամը,- եւ բաժանվելիս ասաց՝երբեք չմոռանաս, որ քո երեխաները հայ են»։ Հայ մտավորականների ձերբակալությունների ալիքի բովում կալանավորվելով՝ Ռուբենին վեց օր անց աքսորում են Չանքըրը։ Այնտեղ նա բուժում է թուրք ավազակապետ (չեթեջի) հրամանատարներից մեկի՝ հայ ժողովրդի դահիճ արաբաջի Իսմայիլի դստերը։ Երբ Իսմայիլի դուստրը սիրահարվում է երիտասարդ բանաստեղծ-բժշկին, չեթեջին Ռուբենին առաջարկում է դավանափոխ լինել, ամուսնանալ դստեր հետ եւ ապրել խաղաղությամբ։ Ռուբենը հրաժարվում է: Իր վերջին հեռագրում՝ թվագրված օգոստոսի 28-ով, նա կնոջը տեղեկացնում էր ընկերոջ՝ Դանիել Վարուժանի հետ միասին Այաշ տեղափոխվելու մասին։ Երկուսին էլ սպանում են միեւնույն օրը Այաշից Կալեջիք տանող ճանապարհին՝ Թյունեյ բնակավայրի մոտ։
Image:
Text:
Ռուբեն Սեւակը Օսմանյան զինվորական համազգեստով
Ջեննիի պայքարը
Ռուբենի ձերբակալությունից հետո Ջեննին դիմեց հոր օգնությանը։ Նա հույս ուներ, որ Ֆրանց Ապել Դորը՝ Գերմանական բանակի պատվավոր վետերանը, կարող է ազդել Կոստանդնուպոլսի գերմանական ներկայացուցչության եւ օսմանյան իշխանությունների վրա եւ ազատություն շնորհել իր ամուսնուն։ Գործը հասավ իշխանական ամենավերին օղակներին, սակայն՝ ապարդյուն։ Սեպտեմբերի 2-ին Կոստանդնուպոլսի ոստիկանապետ Բեդրի Բեյը հորդորում է Գերմանիայի դեսպանատանը Ջեննիին ետ ուղարկել Գերմանիա, սակայն նա հրաժարվում է մեկնել առանց ամուսնու։ Սեպտեմբերի 11-ին դեսպանատունն ստանում է Ռուբենի մահվան հաստատումը։
Ջեննին անմիջապես թողնում է երկիրը եւ երեխաների հետ ճանապարհ ընկնում դեպի Շվեյցարիա։ Սրտաբեկ ու դժբախտացած՝ նա մեղադրում է իր հայրենակիցներին, որոնց մեղսակից է համարում ցեղասպան Թուրքիայի ոճրագործություններին։ «Մայրս հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից եւ 1918-ին ձեռք բերեց նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեզ հետ երբեք չխոսեց գերմաներեն եւ երբեւէ այլեւս չայցելեց Գերմանիա։ Ես կիսով չափ գերմանուհի եմ, սակայն երբեք չեմ եղել Գերմանիայում»,- ասում է Շամիրամը։
Image:
Text:
Շամիրամը (ձախից) Կոստանդնուպոլսի(Ստամբուլ) Փերա թաղամասի հայրական տան դիմաց
Եւս մի փորձ
Փոքրիկ ընտանիքը բնակություն է հաստատում Փարիզում։ Ջեննին նամակ է ուղարկում է հայ նշանավոր գրող եւ քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանին՝ խնդրելով հոգ տանել իր երեխաների հայկական կրթության մասին։ 1918-ին, երբ պատերազմն ավարտվում է, Շամիրամի հայրական տատն ու պապը հրավիրեցին բոլորին իրենց տուն՝ Սիլիվրի, որտեղ մեծ կալվածք ունեին։ «Դաշտերը տարածվում էին այնքան, որքան աչքդ կտրում էր,- հիշում է Շամիրամը,- ինչ կենդանի ասես չկար՝ այծեր, ցլեր, կովեր…»: Ինչեւէ, երբ քեմալական ազգայնականները դաշնակիցներին դուրս քշեցին երկրից, Շամիրամի մայրը, անհանգստանալով երեխաների կյանքի համար, ետ դարձավ Փարիզ։ «Կոտորածները վերսկսվեցին: Տատս մեզ նստեցրեց առաջին իսկ նավը եւ ուղարկեց Մարսել։ Ֆրանսիա հասանք 1922-ին՝ ոջիլի, կեղտի մեջ կորած,- ասում է Շամիրամը։ Փարիզում ընտանիքին ընդունեց հայկական եկեղեցին։ «Մեր ուսուցիչը Ավետիս Համբարձումյան անունով մի մարդ էր՝ ադամանդի հարուստ վաճառական։ Նա մեծացրեց մեզ եւ միշտ հրաշալի նվերներ էր անում»,- հիշում է Շամիրամը։
Մի գեղեցիկ օր էլ Շամիրամի մայրը լսեց, որ Կոմիտասը՝ հայոց մեծագույն երգահաններից մեկը, այցելելու է տեղի հայկական եկեղեցի, ինչն անչափ հազվադեպ բան էր։ «Նա հիվանդ էր եւ գրեթե դուրս չէր գալիս հիվանդանոցից»,- ասում է Շամիրամը։ Ջեննին երեխաներին տարավ Կոմիտասին տեսնելու։ Շամիրամը չի մոռացել այդ օրը. «Նա չասաց՝ սրանք իմ երեխաներն են, այլ ասաց՝ Ռուբեն Սեւակի երեխաներն են։ Կոմիտասն անչափ տպավորված էր։ Լայնաճակատ ու բարձրահասակ այդ մարդը, սակայն, արդեն հիվանդ էր եւ չէր կարողանում քայլել։ Երբ հասկացավ, թե մենք ովքեր ենք, արցունքները գլորվեցին երեսն ի վար»։
Image:
Text:
Շամիրամը եղբոր՝ Լեւոնի հետ
Գլխարկագործությունից մինչև զինվորական համազգեստ
1929 թվականի ճգնաժամը սննկացրեց Շամիրամի ուսուցչին, այնպես որ աղջիկը ստիպված էր դադարեցնել ուսումը՝ մորն օգնելու համար։ Նա մուտք գործեց նորաձեւության ասպարեզ եւ սկսեց աշխատել Rue Royale-ում եւ Place Vendôme-ում՝ նորաձեւ գլխարկներ կարելով հայտնի ընտանիքների համար։ Արձակուրդների համար վաստակելու նպատակով աշխատում էր նաև որպես մոդել Լազուր ափում։ Նա շատ արագ գրավեց տեղի տղաների ուշադրությունը՝ շրջապատվելով բազմաթիվ երկրպագուներով։ Շամիրամը, սակայն, որոշել էր ամուսնանալ միայն հայի հետ։ «Ցավոք, ինձ նման աղքատ մի աղջկա ոչ ոք չէր ուզում կնության առնել»,- հիշում է նա։
Նախքան պատերազմի սկսվելը Շամիրամն աշխատել է բարձր մոդայի ասպարեզում՝ գլխարկներ ձեւելով Փարիզի բուրժուա կանանց համար։ «Պատերազմը մեզ արտաքսեց Փարիզից։ Եղբայրս իրեն նվիրել էր գերմանացիների դեմ պայքարին, իսկ ես ստիպված էի միջոցներ հայթայթել մորս խնամելու համար: Ընկերներիցս մեկն ինձ օգնեց աշխատանքի տեղավորվել Ֆրանսիայի հարավային Աժեն քաղաքի մի գործարանում, որը զինվորական համազեստ էր արտադրում»,- ասում է Շամիրամը։
Պատերազմից հետո Շամիրամն ընկերներից մեկի հետ ավտոուղեւորության է մեկնում Նիս, ինչը նորովի մի բացահայտում է դառնում: Լազուրե երկինքը, լեռներն ու ծովը գերում են Շամիրամին, ու նա որոշում է մնալ եւ երբեք այլեւս չլքել այս վայրն անգամ այն դեպքում, եթե Նիսի կանանց չհետաքրքրի գլխարկները։ Շամիրամը 45 տարեկունում ամուսնանում է Ջոի Ֆոլկոնի հետ՝ կապուտաչյա մի երիտասարդ, որը Նիսում տաքսի էր վարում։ «Ես մորս ասացի, որ այլեւս սպասել չեմ կարող եւ ամուսնանալու ժամանակն է»,- վերհիշում է նա։
Image:
Text:
Շամիրամն ստանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրական կոնդակը։
Շամիրամն իր ողջ կյանքն անց է կացրել ծնողների կողքին։ Նա ասում է, որ նրանց ոգին երբեք չի լքել իրեն։ Մի քանի անգամ տարբեր առիթներով այցելել է Հայաստան եւ հպարտությամբ է տեսել հոր անունն հայ մեծերի անունների շարքում։ Նույնիսկ այսօր նա դեռ հավատացած է, որ իր ընտանիքի պատմությունը կարեւորություն ունի եւ պիտի պատմվի. «Ինչ-որ բան ինձ միշտ փրկել է. այդպես եմ ահա դարձել ականատես։ Եւ ես դեռ կենդանի եմ, քանի որ պիտի կրեմ ականատեսի իմ բաժինը»։
102 տարեկանում Շամիրամը դեռեւս լի է եռանդով եւ անչափ դյուրազգաց է մարդկանց նկատմամբ։ «Ուժն ու եռանդը հորիցս եմ ժառանգել»,- ասում է նա՝ մտազբաղ հայացքը դարձրած հանդերձյալ կյանքում կրկին վերամիավորված ծնողների լուսանկարին. «Նրանք են երկրագնդի վրա իմ գոյության պատճառը»։
Image:
Text:
Ռուբեն Սեւակի հուշարձանը նրա անունը կրող դպրոցում. Երեւան, Հայաստան
Շամիրամ Սեւակը կյանքից հեռացավ 2016թ. հոկտեմբերի 18-ին, Նիսում:
100 LIVES նախագիծը երախտապարտ է Հովհաննես Չիլինկիրյանին այս պատմությունը հետազոտելիս եւ գրելիս ցուցաբերած անգնահատելի օգնության համար։
Subtitle:
Կրելով ականատեսի բաժինը
Story number:
224
Header image: