«Մեծ պապս փրկվել է՝ թաքնվելով թոնրի մեջ»

Armenian
Intro: 
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության ու վերապրումի մասին են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Weight: 
1
Related content: 
Story elements: 
Text: 
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության ու վերապրումի մասին են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Text: 

Կոնստանտին Ասլանյան, Հայաստան

Հպարտ եմ, որ հայ եմ, թեպետ շատերը չգիտեն նույնիսկ իմ հայրենիքի գտնվելու վայրը, բայց ես սերունդն եմ հնագույն մի ազգի, ով կարողացել է փրկվել բազմաթիվ ոսոխների ճանկերից ու հաստատվել այն երկում, որն ըստ Աստվածաշնչի՝ դրախտ է:

Հայրիկիս պապիկը՝ Ցոլակ Ասլանյանը, թաքնվելով տան թոնրի մեջ, ականատես է եղել, թե ինչպես են թուրքերը սրախողխող անում ծնողներին: Քանի որ նա գտնվել է Ախուրյան գետի շրջակայքում, կարողացել է փախնել եւ պատսպարվել Արեւելյան Հայաստանում՝ այժմյան Աղին գյուղում, որը կրում է նույն անվանումը, որտեղից փախել էր հորս պապը:

Չեմ կարծում, թե գումարային փոխհատուցումը կմոռացնի եւ կբուժի մեր վերքերը: Լավագույն փոխհատուցումը կարող է լինել միայն մեր պապական հողերին տիրելը եւ այստեղ էական չէ Սեւրի կամ այլ պայմանագրերը, կարեւորը, որ այն հողերը՝ Անին, Մուշը, Վանը, Կարսը եւ վերջապես մեր սուրբ լեռը՝ Արարատը, լինի մերը՝ հայերինս:

Գոհար Տոնոյան, Հայաստան

Հորս հայրը ծնվել է Արեւելյան Հայաստանի Երեւան նահանգի Սուրմալու գավառում (Ռուսական կայսրություն): Ընտանիքում եղել են յոթ եղբայր եւ երկու քույր՝ Ոսկան, Մուշեղ, Գրիգոր, Թադեւոս, Թաթոս,Արմենակ,Գյուլում եւ Հայկանուշ: Յոթ եղբայրները յոթ գյուղ են կառավարել, ունեցել են մեծ հողատարածքներ եւ մեծաքանակ անասուններ: Պապիս պատմելով՝ երբ Նիկոլայ թագավորի զորքը գալիս էր, զորքի ամբողջ սնունդը հոգում էր պապուս գերդաստանը: Նրա ավագ եղբոր՝ Ոսկանի գլխի համար թուրքերը մեծ գումար են խոստացել:

Կոտորածի ժամանակ հաջողել են փրկվել միայն Արմենակ պապս՝ իր հոր (Տոնո), քույրերի եւ նորածին որդու` 15 օրական Սերոբի հետ: Նրանք դաշտում աշխատելիս են եղել, երբ կոտորածի լուրը հասել է եւ հենց այնտեղից էլ նրանց հաջողվել է անցնել Արեւելյան Հայաստան, ինչ-որ տեղ քրդերը օգնել են նրանց փախնել: Նրանք հաստատվել են Էջմիածնում, նրանց օգնել է եկեղեցին, այնուհետեւ տեղափոխվել են Երեւան:

Մեծ խորհուրդ ունի ինձ համար իմ հայ լինելը: 

Ռայա Զաքարյան, Հայաստան

Ես հպարտ եմ, որ հայ եմ: Իմ մեծագույն նվաճումն այն է, որ մայրս կարողացել է փրկվել ոճրագործությունից: Նրանք ապրել են Կարսի Սոկոտլու գյուղում, մի բարեգութ թուրքի օգնությամբ կարողացել են փրկվել մայրս, մորաքույրս եւ ավագ քեռիս։ Նրանք Մեծ եղեռնի ժամանակ տեղավորվել են մանկատանն ու մեծացել, դասավորել իրենց կյանքը։ 

Ջուլիետա Քոսոյան, Հայաստան

Իմ սկզբունքն է հայ մնալը ու պապերիս երկրում ամրապնդվելը:

Ցեղասպանությունից առաջ նախնիներս ապրել են Բերկրիում: Ջարդերից փրկվել է մայրիկիս տատիկը՝ փրկելով իր 11 երեխաներից միայն պապիկիս, քրոջը եւ եղբորը: Մեծ տատիկս պապիկիս կապել է ոսկե քամարով ու նետվել Արաքս գետը, այդ պահին քամարը պոկվել է ու պապիկս ընկել է մեծ տատիս փեշի մեջ:

Նրանց օգնել են փրկվել քրդերը: Կարծում եմ՝ նրանց օգնող-փրկողներից ոչ ոք չկա հիմա, բայց ես իրականացրել եմ պապիս ցանկությունն ու այս ամառ գնացել եմ Բերկրի եւ Վան: Նրանք սկզբում հաստատվել են Էջմիածնում, հետո՝ տեղափոխվել Քանաքեռ:  

Հրաչիկ Խլղաթյան, Հայաստան

Ես հպարտ եմ, որ նախնիներս կռվել են թուրքի դեմ: Հայրս եւ մայրս իրենց ուժերով են փրկվել. հայրս մորս հագցրել է զինվորի համազգեստ եւ դիմադրելով թուրքերին 1918թ. գաղթել են Բաղդադ: Հետագայում՝ 1927թ., եկել են Երեւան՝ մշտական բնակության:

Subtitle: 
Մեր ընթերցողները գրում են իրենց փրկության պատմությունները
Story number: 
1
Header image: