Արտո Թունչբոյաջյան

Armenian
Intro: 
«Մեզ համար ցեղասպանությունը մի օր չէ, դա մեր կյանքն է կամ մեր կյանքի մեծ մասն է: Ինձ համար ապրիլի 25-ն ավելի կարեւոր օր է, եւ մենք` հայերս, պիտի առաջ էրթանք»,- ասում է ավանգարդ ֆոլկ արտիստ Արտո Թունչբոյաջյանը:
Weight: 
-4
Related content: 
Story elements: 
Text: 

«Մեզ համար ցեղասպանությունը մի օր չէ, դա մեր կյանքն է կամ մեր կյանքի մեծ մասն է: Ինձ համար ապրիլի 25-ն ավելի կարեւոր օր է, եւ մենք` հայերս, պիտի առաջ էրթանք»,- ասում է ավանգարդ ֆոլկ արտիստ, «Գրեմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանը:

Նրա հայրը` Սեդրակ Թունչբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ Սեբաստիայում (այժմ` Սվազ, Թուրքիա) սկսվեցին բռնությունները: Ցեղասպանության արհավիրքներն Արտոն ամենաշատը զգացել է հոր լռության մեջ:

Արտոյի հայրական պապը` Հովհաննես Թունչբոյաջյանը, ժամկոչ է եղել Սեբաստիայում: Մայրական պապի անունը նույնպես Հովհաննես էր (ազգանունը` Պտիկյան), ով Չորումի  կտորավաճառներից էր: Արտոն պատմում է, որ պապն ամիսներով գյուղից գյուղ էր շրջում` կտոր վաճառելու համար: Իսկ կանայք տանն էին` երեխաներին էին խնամում: Հոր եւ մոր ընտանիքներից 20-29 հոգի սպանել են թուրքերը:

Ջարդերի առաջին զոհերից է դարձել Արտոյի ժամկոչ պապը` Հովհաննեսը: Արտոն ասում է, որ քրիստոնյաներին սպանելու առաջին վայրը հենց եկեղեցին էր, որտեղ հեշտությամբ կարելի էր գտնել նրանց. «Պապիս կողմը փոքր էր, ածելիի պես մաքրեցին նրանց»:

Image: 
Text: 
                                       Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունչբոյաջյանը
                        Լուսանկարը՝ Թունչբոյաջյանների ընտանեկան արխիվից
 

«Պապաս տեսել էր, թե իրենց հարեւան քույրերի կոկորդները ոնց են կտրել, ինքը վախից վազել է, ընկել է ջրհորի մեջ, մի չոբան է եկել օգնել նրան»,- պատմում է Արտոն: Հայրական կողմից 11 քույր-եղբայրներից 7-ին սպանել են Սեբաստիայում: Երեք եղբայրներով` Սեդրակը (Արտոյի հայրը), Միսակը, Գագիկը, եւ քույրը` Օվսաննան, հասել են Ստամբուլ: Այդտեղից հնարավորություն չեն ունեցել նավով ուղեւորվել որեւէ երկիր: Ստամբուլը համեմատաբար ապահով էր թվացել նրանց, որովհետեւ ի տարբերություն Սեբաստիայի, այնտեղ բնակվում էին նաեւ եվրոպացիներ:

 
Իսկ մորական տատը՝ Հայկուհին, Չորումի ջարդերի ժամանակ երկու երեխաների հետ հայտնվել էր անտառում: Արտոն ասում է, որ երբ գաղթի ժամանակ գոմեշներով մարդկանց տեղափոխում էին, մեկ հոգու համար 50 լիրա գին էին պահանջում: Տատը հիվանդացել էր, իսկ գոմեշների տերը նրան ու երկու երեխաներին վռնդել էր սայլից: Այդ ժամանակ արդեն տատի ամուսնուն` Հովհաննեսին, հարազատներին սպանել էին: «Անտառում էր, իրիկունը կրակ հանող միջատ կա, դրանից էր տեսել ու մտածել էր, որ սիգարետ ծխելով մարդիկ մոտենում են իրենց: Վախեցել էր: Առավոտը երեխաներից մեկը հող ուտելուց մահացել էր»,- պատմում է Արտոն: 
 
Ստամբուլում Սեդրակ Թունչբոյաջյանն ամուսնացել է Վալենտինա Պտիկյանի հետ: Երկու որդի եւ մեկ դուստր են ունեցել` Հովհաննեսը (հետագայում հայտնի երաժիշտ Օննո Թունչը), Արտոն եւ Թագուհին: Ապրում էին քաղաքի Գեդիկփաշա թաղամասում: Հայրն իր եղբայրներից մեկի հետ զբաղվում էր կոշկակարությամբ, մյուս եղբայրը դերձակ էր: Արտոն հիշում է, որ հորը հաճախ էր օգնում: Կոշիկի չափը, ձեւը, կարելը` սրանք մեկ հոգի չէ, որ անում էր: Ինքը տեղից տեղ էր հասցնում կոշիկի մոդելները:
 
Image: 
Text: 
 Արտո Թունչբոյաջյանը՝ օրեր առաջ տեղի ունցած երեւանյան համերգի փորձի ժամանակ  ©PAN Photo
 
1981թ. Արտոն մեկնել էր ԱՄՆ: 1984-ի օգոստոսի 4-ին` իր ծննդյան օրը, որոշել էր անակնկալ անել ծնողներին ու եկել էր Ստամբուլ: «Առանց լուր տալու, որ Ամերիկայից եկել եմ, գնացի տուն: Իրենք նստել, իմ կենացն էին խմում, մամաս լալիս էր, 3-4 անգամ խփեցի պատուհանին: Մամաս եկավ նայեց, ասաց. «Սեդրակ, աս որքա՞ն ենք խմել, որ Արտոյի ձայնը լսում ենք», ասում եմ` մամա, ես եմ… Հետո պապաս եկավ, փաթաթվեց»,- հիշում է Արտոն:
 
Հայրը միայն այդ ժամանակ է պատմել այն դրվագները, որոնք տեսել է Սեբաստիայի ջարդի ժամանակ: Ըստ Արտոյի` մինչ այդ նա ցավը խեղդում էր ալկոհոլի մեջ: Չէր կարողանում կիսվել որեւէ մեկի հետ: 
 
«Շատ էր վախենում խոսելուց: Հասկանո՞ւմ ես` մեկ-մեկ առանց պատճառի լալիս էին, պապաս չէր պատմում, վերջում պատմեց հարեւան քույրերի մասին, որոնց կոկորդները կտրեցին: Դա էլ պատմեց մեռնելուց առաջ: Մեռնելուց առաջ մի բան կիսվում է մարդ, դրա համար պատմեց»,- ասում է Արտոն՝ ավելացնելով, որ հոր աչքերից ամեն բան հասկանում էր, բավական էր հոր մի հայացքը:  
 
«Գիտես, կարծեմ, մեռնելն էդ ժամանակ ամենադյուրինն է եղել, մահացողը մահացել է, մնացողներն են տանջվել»,- նկատում է երաժիշտը: 1984-ի դեկտեմբերին Արտոն զանգահարել էր Ստամբուլ, քրոջից հարցրել հոր մասին` առանց իմանալու, որ նա կոմայի մեջ է: Արտոյի կարծիքով՝ դա եւս պատահականություն չէր: 1980-ականների վերջին, երբ Հայաստանում սկսվել էր անկախացման շարժումն, ու Ադրբեջանի հետ լարված իրադրություն էր առաջացել, Թուրքիայում, ըստ Արտոյի, հայերի հանդեպ վերաբերմունքը բացասական առումով սրվել էր: Այդ ժամանակ էլ քույրն ու մայրը տեղափոխվել են ԱՄՆ: Մայրը` Վալենտինան, մահացել է 2003թ., նրան հուղարկավորել են Ստամբուլում` հոր կողքին: Իսկ ավագ եղբայրը` Օննոն, մահացել է 1996թ.:
 
«Ցեղասպանության 100-ամյակ կամ հազարամյակ չկա ինձ համար: 101-ն էլ պիտի լինի, 200-ն էլ… Կարեւորն այն է, թե մարդիկ ինչպես են պահում ազգի անունը, կարեւորն այն է, որ Հայաստանը արվեստի կենտրոն դարձնենք: Մնում է չխաբենք իրար, մաքուր ապրենք»,- ավելացնում է պարոն Ավանգարդ ֆոլկը:
                                                           
                                                                «Արարատ», Armenian Navy Band

 

*Գլխավոր լուսանկարը՝ PAN Photo-ի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
 
 
Subtitle: 
Կարեւորն այն է, թե մարդիկ ինչպես են պահում ազգի անունը
Story number: 
49
Header image: 
Արտո Թունչբոյաջյան