«Իրենց կյանքի հանդեպ հավատի շնորհիվ են փրկվել»
Չկան անկարեւոր պատմություններ, հատկապես, եթե դրանք փրկության պատմություններ են. ամեն գրառում արժանի է ընթերցողի: Ահա փրկության եւս հինգ պատմություն, որոնք ուղարկել են մեր ընթերցողները:
Հրանուշ Մկրտչյան, Հայաստան
Տատիկիս հորը թուրքերը սպանել ու ջրհորն են գցել, կինը մազապուրծ փրկվել է: Թե ինչպես են փրկվել, ինչ է եղել՝ միշտ լռել են: Ասում են՝ դիակների տակ թաքնվելով են ողջ մնացել:
Հրանուշ Մկրտչյանի նախապապը՝ գաղթական Մանուկը
Պապիկիս ծնողները հաստատվել են Շիրակ գյուղում (Ախուրյան): Շիրակում պապիկիս հորը կանչել են «գաղթական Մանուկ»:
Շատ կուզեի գիրք գրել ու ֆիլմ նկարահանեի, որ բոլորը տեսնեին, լսեին նրանց մասին:
Նարգիզ Գրիգորյան, Հայաստան
Ցավոք, ես շատ քիչ տեղեկություն ունեմ իմ իգդիրցի ապուպապի մասին: Բայց ես հպարտ եմ, որ նա կարողացավ փրկվել այդ կոտորածից, այդ վայրագությունից, գազանությունից: Եթե նա չկարողանար ողջ մնալ չէին լինի պապս, հայրս եւ ես: Իր մեջ ուժ գտնելով՝ շարունակեց ապրել ու պայքարել: Նա պիտի ողջ մնար, որ իր զավակներին պատմեր իր հետ կատարվածը:
Պապիկիս հայրը իր չորս եղբայրների եւ հոր հետ կարողացավ փրկվել՝ մեծ դժվարություններով,տանջանքներով: Պապիկս եղել է 6-րդ դասարան, երբ իր հայրը մահացել է, ուստի մանրամասներն ինձ հայտնի չեն, թե ինչպես են ողջ մնացել, բայց գիտեմ, որ նրանց օգնել են հասարակ մարդիկ:
Նրանք հաստավել են Ալավերդի քաղաքում:
Մայրանուշ (Մանե) Վարդանյան, Հայաստան
Հպարտ եմ, որ հայ եմ, որ սերում եմ Վան-Վասպուրական աշխարհից:
Ցեղասպանության տարիներին փրկվել են տատս՝ Իսկուհի Ասատուրի Վարդանյանը, հայրս՝ Հայկ Խաչատուրի Վարդանյանը:
Մայրանուշ (Մանե) Վարդանյանի տատիկը՝ Իսկուհի Ասատուրի Վարդանյանը
Գաղթի դժնդակ ճանապարհը հաղթահարելով՝ ութ ամսական երեխայի հետ տատս անցել է Արաքսը եւ հայտնվել Արեւելյան Հայաստանում (ինչպես տատս էր ասում՝ ռուսի Հայաստանում):
Հաստատվել են Երեւանում՝ չստանալով բացարձակ ոչ մի օգնություն: Տատս աշխատել է ամերիկյան որբանոցում՝ որպես մայրապետ, իսկ հայրս անցել որբերի շարքերը:
Տատիս փրկվելու ու գլխին ծածկ ունենալու համար շնորհակալ եմ Աստծուն: Իրենք իրենց կյանքի հանդեպ հավատի շնորհիվ են փրկվել:
Անահիտ Եղիշյան, Հայաստան
Բազում դժվարությունների միջով անցնելով, բազմաթիվ տառապանքներ կրելով եւ բոլոր հարազատներին կորցնելով՝ ցեղասպանությունից փրկվել է մայրական տատս՝ Վարդուհի Մկրտիչի Գլավանյանը: Չգիտեմ ինչպես, ում օգնությամբ նա հաստատվել է Հունաստանի Վոլոս քաղաքում:
Զառա Հարությունյան, Հայաստան
Մեծ տատիկս՝ Սիրանուշը, եւ պապիկս՝ Հենրիկը, փրկվել են ու հաստատվել են Երեւանում, որտեղ նրանց մեծ օգնություն է ցուցաբերել Արամ Մանուկյանը:
Օգնել են փրկվել Իշխանի զինակիցները, սկզբում տեղավորվել են Արցախի Քարասնի գյուղում՝ Իշխանի պապենական տանը, ապա անցել են Երեւան: