Մերի Շահինյան

Armenian
Intro: 
Ընթերցողի պատմություն. Մերի Շահինյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Weight: 
50
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Մերի Շահինյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Ես վանեցի Գարեգին Մելոյանի ծոռնուհին եմ: Մեր ընտանիքում ընդունված չէր խոսել Մեծ Եղեռնի մասին: Գարեգին Մելոյանի որդին` Վաչագան Մելոյանը, իմ պապն է, որն ունի երկու դուստր՝ Մարինա եւ Սյուզաննա: Ես Մարինայի դուստրն եմ: 

Երբ փոքր էի պապիկս միշտ ասում էր, որ Վանից ենք: Ինչ-ինչ հանգամանքներում իր հայրը 10 տարեկանում ստիպված է եղել լքել Վանը: Այդ հանգամանքների մասին, ես իմացել եմ շատ ավելի ուշ, այդ թեմայի վերաբերյալ պապս գրեթե չէր խոսում: Փաստաթղթեր ու այլ վկայություններ չունենալու պատճառով` մայրիկիս հետ փորձեցինք հիշողությամբ վերականգնել մեր ընտանիքի պատմությունը: Իմ պապիկի հայրը՝ Գարեգին Գրիգորի Մելոյանը ծնվել է 1884 թվականին Վանում: Պապս 10 տարեկան էր, երբ իր աչքի առաջ թուրքերը սպանեցին ողջ ընտանիքը, դրա համար էլ չխոսկան էր ու շատ խիստ: Ամբողջ ընտանիքից փրկվել էր միայն Գարեգինը՝ թաքնվելով բակում՝ չափառների ետեւում: Այնուհետեւ Հայաստան եկող ինչ-որ խմբի հետ հասել էր Թիֆլիս (Թբիլիսի), որտեղ զարմիկ ուներ: Զարմիկը, սակայն, լավ վերաբերմունք նրան չէր ցուցաբերել: Այն մասին, որ Գարեգինը մեծացել է Էջմիծանի որբանոցում, ես իմացել եմ համացանցում հրապարակված մի հոդվածից.  
 
«Գարեգին Գրիգորի Մելոյանը հայ արձակագիր է, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907-ին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907-ից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Աշխատել է Թիֆլիսի մի քանի խմբագրություններում»»:
 
Հոդվածում նշված է, որ 1907-ից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Նա դասավանդել է Թիֆլիսում գործող տղաների համար նախատեսված սեմինարիայում: Մայրս նաեւ պատմում է, որ եղել է կամ տվյալ կառույցի, կամ էլ մեկ այլ ուսումնական հաստատության ռեկտոր: Գարեգինը ընկերություն է արել Ռոմանոս Մելիքյանի ու Ավետիք Իսահակյանի հետ: Էդուարդ Միրոզյանը մի քանի երգ է գրել՝ նախապապիս գրած բանաստեղծությունների հիման վրա: Երբ պապս 10 տարեկանում կորցրել է հորը, Ավետիք Իսահակյանը Գարեգինի կնոջը՝ Անահիտին ու նրա որդուն Վաչագանին տեղափոխել է Հայաստան՝ Երեւան, ու այստեղ որոշ ժամանակ օգնել նրանց: Գարեգինը մահացել է 57 տարեկանում՝ սրտի կաթվածից: Մայրս պատմում է, որ այդ ժամանակ ուսումնական հաստատությունում (միգուցե  տղաների համար նախատեսված սեմինարիայում) մի քանի տղաների էին թունավորել ու կասկածվում էին հաստատության բոլոր ղեկավարները: Գարեգինը շատ վիրավորված էր, ու պապս պատմում էր, որ դա էլ պատճառ հանդիսացավ, որ ինքնազգացողությունը կտրուկ վատանա ու սրտի կաթված ստանա: Ժամանակ անց, երբ ուսումնական հաստատությունը տեղափոխվում էր, բացահայտվեց իրական մեղավորը:  
 
Այլ տեղեկատվություն, ցավոք, մեր ընտանիքը չունի, քանի որ ինչպես նշեցի թեմայի վերաբերյալ ընտանիքում գրեթե չեն խոսել: Ես հայ եմ ու պարտավոր եմ հիշողությունն ու տեղեկությունը մեր պատմության մասին փոխանցել հետագա սերունդներին: Դա միակ ճանապարհն է գոյատեւելու՝ որպես հայ: 
 

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Մերի Շահինյանը:

Subtitle: 
«Պապս փրկվել է՝ թաքնվելով բակի չափառների ետեւում»
Story number: 
79
Header image: