Էդուարդ Ջերեջյան

Armenian
Intro: 
«Որտե՞ղ են մանդելաները,- հարցնում է Էդուարդ Ջերեջյանը,- ես ոչ մի Նելսոն Մանդելա չեմ տեսնում Թուրքիայում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Ադրբեջանում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Հայաստանում։ Մենք նրա նման մեկի կարիքն ունենք։ Հայաստանի համար մեծագույն մարտահրավերն այժմ հարեւանների հետ հաշտության գալն է»։ Եթե որեւէ մեկը կարող է նման հարցադրում անել՝ Ջերեջյանն է։
Weight: 
-72
Related content: 
Story elements: 
Text: 
«Որտե՞ղ են մանդելաները,- հարցնում է Էդուարդ Ջերեջյանը,- ես ոչ մի Նելսոն Մանդելա չեմ տեսնում Թուրքիայում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Ադրբեջանում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանդելա Հայաստանում։ Մենք նրա նման մեկի կարիքն ունենք։ Հայաստանի համար մեծագույն մարտահրավերն այժմ հարեւանների հետ հաշտության գալն է»։ Եթե որեւէ մեկը կարող է նման հարցադրում անել՝ Ջերեջյանն է։
Text: 

Արեւմտյան Հայաստանում իր ընտանիքի հետ տեղի ունեցած փորձությունների պատճառով նա անցավ դիվանագիտական ծառայության այն տարիքում, երբ իր տարեկիցների մեծ մասը դեռ փորձում էր հասկանալ՝ ով է եւ ինչ մասնագիտական ուղի  է ուզում անցնել. «Ես դեռեւս Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում էի սովորում, երբ ցեղասպանության մասին պատմություններ էի լսում իմ ծնողներից։

Սկսեցի մտածել. ինչո՞ւ փրկվեցի, ինչո՞ւ եմ ես այստեղ, երբ այդքան մեծ թվով ուրիշներ մահացան։

Ես զգում էի, որ պետք է ինչ-որ կերպ պատվեմ այն մարդկանց, ովքեր ինձ պես հաջող բախտ չունեցան, ինչպես նաեւ վարձահատույց լինեմ Միացյալ Նահանգներին՝ փառահեղ երկրին, որը քաղաքական ապաստան տրամադրեց իմ ծնողներին»։ 

Ջերեջյանը ծառայել է ԱՄՆ ութ նախագահների վարչակազմերում, այդ թվում՝ որպես դեսպան Իսրայելում: Այնուամենայնիվ, հենց Դամասկոսում իր պաշտոնավարումն էր, որ նա հատկապես տանջալից փորձառություն է համարում: Քանի որ հենց Հալեպում էր՝ Սիրիայի հյուսիսում, որտեղ իր հայրը՝ Պետրոսը, մազապուրծ եղավ մահից: Օսմանյան թուրքերը նրա ծնողներին էլ սպանեցին, ու Պետրոսը միայնակ ստիպված էր այլ հայերի հետ միասին իրենց հայրենի Հաճըն գյուղից (ներկայումս՝ Սաիմբեյլի, Թուրքիայի հարավում) քայլել դեպի Դեր-Զոր՝ Սիրիայի անապատ:  

Երբ արտաքսվածների այդ խումբը հասավ Հալեպ, Պետրոսին հաջողվեց փախչել ու ապահով ապաստան գտնել Սիրիայում բնակվող արաբական մի ընտանիքում, որը նրան ձիապան դարձրեց՝ նրանց ձիերն էր խնամում:  

 

 

Արաբական այս ընտանիքում աշխատելիս Պետրոսն իմանում է, որ երկու հայ աղջկա, ովքեր գաղթի ճանապարհին որբացել էին, տարել են թուրք սպայի տուն՝ հարեմի մաս դարձնելու նպատակով: Պետրոսն այնքան է բորբոքվում բարկությունից, որ ինքնակամ ձի է հեծնում ու ճամփա ընկնում՝ այդ աղջիկներին փրկելու: Նա կարողանում է վերջիններիս տեղափոխել ու տալ Հալեպի հայկական եկեղեցու ապահով խնամքին:

Պատմությունը կարող էր հենց այդտեղ էլ ավարտվել, սակայն երկու աղջիկները Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում ավագ եղբայր ունեին, որն Ամերիկայի քաղաքացի էր դարձել: Նա կարողանում է երկուսին էլ տեղափոխել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նրանք պատմում են, թե ինչպես Պետրոսը փրկեց նրանց:

Այն նախաինտերնետային օրերին այդ աղջիկների եղբայրն ինչ-որ կերպ փնտրում է Պետրոսին, գտնում նրան Ստամբուլի «Ռոբերտ» քոլեջում եւ կազմակերպում նրա արտագաղթն ԱՄՆ:

Մի մարդ, ում անունն անհայտ է Ջերեջյաններին, օգնեց Պետրոսին բնակություն հաստատել Մասաչուսեթս նահանգում (Ուոթերթաունում, ապա՝ Վուսթեր քաղաքում), որտեղ էլ նա մթերային խանութ բացեց:

Մասաչուսեթսում Պետրոսը հանդիպում է մի կնոջ, ով հետագայում իր զոքանչը դարձավ: Այդ հանդիպման ժամանակ կինը նրան ցույց է տալիս իր դստեր՝ Մերի Յազուջյանի լուսանկարը, որը նույնպես փրկվել էր ցեղասպանությունից ու հասել մինչեւ Կուբայի Հավանա քաղաքը՝ մինչ այդ ապաստան գտնելով Մարիա Յակոբսենի կողմից ղեկավարվող լիբանանյան Ջբեյլ քաղաքի դանիական որբանոցում: «Երիտասարդ օրիորդի նկարը տեսնելով՝ նա շատ էր ազդվել,- պատմում է Ջերեջյանը,- այդպիսով, նա ուղեւորվում է Հավանա ու բերում այդ օրիորդին. շուտով նրանք ամուսնանում են»:

Ջերեջյանի ծնողները դասական ներգաղթյալներ էին, ովքեր ջանք չէին խնայում իրենց զավակներին ավելի բարեկեցիկ կյանք պարգեւելու համար. «Իմ ծնողները ցանկանում էին ինձ եւ եղբորս տալ այն հնարավորությունները, որոնք անձամբ երբեւէ չէին ունեցել: Նրանք օգնեցին ինձ ստանալ լավագույն կրթությունը, որն իրենց կարող էին թույլ տալ, եւ ինձ խրախուսում էին, որպեսզի ինչ-որ բան ինձնից ներկայացնեմ, որ հաջողության հասնեմ»:

Image: 
Text: 
                                                 Էդուարդ Ջերեջյանը՝ իր աշխատասենյակում
 

Հաջողության նա, անշուշտ, հասավ: Ռայսի նրա աշխատասենյակի պատերին փակցված են լուսանկարներ աշխարհի ցանկացած առաջնորդի հետ, ում կարելի է նշել՝  Ջորջ Հ. Վ. Բուշից (Ջորջ Բուշ ավագից) մինչեւ Նելսոն Մանդելա: Այստեղից է նա ղեկավարում «Բեյքեր» ինստիտուտը (Baker Institute)՝ համալսարանին առընթեր աշխարհի իններորդ ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնը, որի գործունեությունը կենտրոնացած է էներգետիկ քաղաքականության, առողջապահության, կենսաբանական գիտությունների, Մերձավոր Արեւելքի քաղաքականության, Մեքսիկայի եւ հարկային ու բյուջետային քաղաքականության վրա:

Image: 
Text: 
                 Էդուարդ Ջերեջյանը՝  Ռայսի համալսարանի իր ղեկավարած «Բեյքեր» ինստիտուտի առջեւ
 

Սիրիայում աշխատելու տարիներին Ջերեջյանին հաջողվում է սերտ մասնագիտական հարաբերություններ հաստատել երկրի այն ժամանակվա առաջնորդ Հաֆեզ ալ-Ասադի հետ նաեւ իր ընտանիքի ցավալի փորձառության շնորհիվ: Երբ Ջերեջյանը, որպես ԱՄՆ նորանշանակ դեսպան, իր հավատարմագրերն է հանձնելիս լինում, պատմում է Ասադին, որ ծնվել է Միացյալ Նահանգներում իր հոր՝ Սիրիայում երկու աղջիկների փրկության սխրանքի արդյունքում:

«Եթե որեւէ մեկն այն հայ տղային, որը ցեղասպանության հետեւանքով նոր էր կորցրել իր ծնողներին, այն ժամանակ ասեր, որ մի օր իր որդին վերադառնալու է Դամասկոս՝ որպես ԱՄՆ դեսպան, նա կասեր՝ «Դուք խելագարվել եք»: Բայց դա տեղի ունեցավ։

Այս ամենից հետո Ասադն իսկապես հետաքրքրված էր: Ես գրավեցի նրա ուշադրությունը: Այնտեղ իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ես շատ հաճախ եմ հանդիպել նրան: Մենք շատ արդյունքների հասանք: Ես կարողացա ցեղասպանության ցավոտ ժառանգությունը վերածել կյանքիս աշխատանքի»:

Ջերեջյանը բազմաթիվ անգամ գնացել է Հալեպում իր ընտանիքի անցած ուղու հետքերով. «Ես սիրեցի Հալեպը: Այն գեղեցիկ է, կամ էլ՝ էր: Այսօր Հալեպում շատ ավելի քիչ բան է մնացել տեսնելու աղանդավորական պատերազմի պատճառով»: Ցավոք, իր հոր՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածի մասին որեւէ գրավոր վկայություն չի պահպանվել. ո՛չ իր աշխատավայրի մասին, ո՛չ էլ այն տեղի մասին, որտեղ նա փրկեց հայ աղջիկներին:    

Ջերեջյանի ներգրավվածությունն աշխարհի ամենաանհանգիստ մասերից մեկի հակամարտության կարգավորման մեջ նրան առանձնահատուկ պատկերացում, նաեւ՝ առանձնահատուկ իրավունք է տալիս անդրադառնալու այսօրվա Հայաստանի խնդիրներին: «Հավատացած եմ, որ մեզ համար կարեւոր է ու անհրաժեշտ ցեղասպանության զոհի կարգավիճակից անցնել ու կենտրոնանալ ապագայի վրա՝ հայկական մշակույթի, հայ ազգի ու հայ ժողովրդի ապագայի, որտեղ էլ որ նրանք գտնվեն», - ասում է նա:  Ջերեջյանը համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ ժամանակն է գտնելու նոր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարություն՝ հաջողության հասնելու համար:  

Image: 
Text: 
                    Էդուարդ Ջերեջյանը կնոջ՝  Ֆրանսուա Անդրե Լիլիան Մարի (Հելթերս) Ջերեջյանի հետ
 

«Լավագույն ժառանգությունը, որը մենք կարող ենք թողնել այն մարդկանց, ովքեր զոհվեցին ցեղասպանության ընթացքում, լրջորեն աշխատելն է հանուն բարեկեցիկ, ապահով, խաղաղ Հայաստանի: Որպես սփյուռք՝ մենք պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն հնարավոր բան, որպեսզի օգնենք Հայաստանին դառնալ կայուն ու գործ ունենալ վտանգավոր եւ մեկուսացնող հարեւանության հետ:

Ինչպե՞ս կարելի է դրան հասնել. Հայաստանը չի կարող բարգավաճել առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, - վստահ է Ջերեջյանը,-առաջին քայլը սահմանի բացումն է եւ Թուրքիայի հետ տնտեսական, առեւտրային կապերի վերականգնումը»: 

Նրա կարծիքով՝ սա միայն Հայաստանի շահերից չէ բխում. հաշտեցումը գրավիչ է նաեւ Թուրքիայի համար. «Հայաստանը կարեւոր գործոն է` որպես քրիստոնյա ազգ, եւ Թուրքիայի վրա դրական ազդեցություն կունենա քրիստոնյա ազգի հետ խաղաղություն հաստատելը: Դա կօժանդակի նրանց՝ Եվրոպական միության անդամակցության նկրտումներին: Հայաստանն ինքնին ռազմավարական սպառնալիք չէ՝ այն չափազանց փոքր է: Սակայն ցեղասպանության պատճառով այն մշակութային ու գաղափարախոսական սպառնալիք է, որի հանդեպ թուրքերն այդքան զգայուն են»:  

Image: 
Text: 
               Էդուարդ Ջերեջյանը՝  Ռայսի համալսարանի իր ղեկավարած «Բեյքեր» ինստիտուտի առջեւ
 

Ջերեջյանը վստահ է, որ հակամարտության կարգավորումը կենսական նշանակություն ունի, քանի որ առանց խաղաղության ու անվտանգության Հայաստանը չի կարողանա բարգավաճել. «Հետեւաբար, Հայաստանի կառավարությունը պատասխանատու է այնպիսի դիվանագետների ու քաղաքական գործիչների հավաքագրման եւ նախապատրաստման համար, ովքեր տեսլական ունեն, թե ինչպես Հայաստանը դարձնել բարգավաճ ու անվտանգ պետություն»:

«Սա հենց այն է, ինչով այս պահին պետք է զբաղվի հայ համայնքը: Այսպիսով, հարց է ծագում՝  որտե՞ղ են մանդելաները: Սա է հայերի համար մեծագույն մարտահրավերը հիմա»,- պնդում է հայտնի դիվանագետը:

*Լուսանկարները՝ 100 LIVES-ի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
ԱՄՆ հայտնի դիվանագետը՝ ցեղասպանությունը վերապրածի որդին
Story number: 
116
Header image: