Նորա Արմանի

Armenian
Intro: 
«Իմ մեծ ընտանիքում «Հայաստան» բառը եղել է ամենանվիրականը: Մենք ասես մեծանում էինք այդ բառի գրկում: Դա մի բառ էր, որն իր մեջ պարփակել էր կյանքը՝ իր ամբողջ էությամբ,- ասում է ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին,- ամեն անգամ Հայաստան գալով ես նորոգվում եմ, իմ հայրենիքն ամեն անգամ ինձ ավելի է ուժեղացնում: Որպես հայ դերասանուհի՝ ինձ համար չափազանց կարեւոր է նաեւ, որ ես հայերեն խաղալու հնարավորություն ունենամ, ու Հայաստան գալն ինձ համար նաեւ իմ մայրենիի մեջ ապրելու բացառիկ առիթ է»։
Weight: 
-68
Related content: 
Story elements: 
Text: 
«Իմ մեծ ընտանիքում «Հայաստան» բառը եղել է ամենանվիրականը: Մենք ասես մեծանում էինք այդ բառի գրկում: Դա մի բառ էր, որն իր մեջ պարփակել էր կյանքը՝ իր ամբողջ էությամբ,- ասում է ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին,- ամեն անգամ Հայաստան գալով ես նորոգվում եմ, իմ հայրենիքն ամեն անգամ ինձ ավելի է ուժեղացնում: Որպես հայ դերասանուհի՝ ինձ համար չափազանց կարեւոր է նաեւ, որ ես հայերեն խաղալու հնարավորություն ունենամ, ու Հայաստան գալն ինձ համար նաեւ իմ մայրենիի մեջ ապրելու բացառիկ առիթ է»։
Text: 
2015թ․մայիսին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված «Մերսեդես» պիեսում Նորա Արմանին մարմնավորում էր գլխավոր հերոսի՝ Զարուհու կերպարը: Պիեսի թեման հայրենադարձությունն է. Հայոց ցեղասպանությունից փրկվածների դուստր Զարուհին Հայաստան է ներգաղթել 1946 թվականին: Ողջ ներկայացումը նամակագրություն է Զարուհու եւ Հունաստանում ապրող իր Մերսեդես քույրիկի միջեւ:
 
«Ներկայացման թեման այնքան հարազատ էր, որ ես ինձ ասես նույնացած էի զգում կերպարին: Հայրենադարձությունը եղել է բոլոր գաղթականների մտքում, անգամ նրանց ժառանգների, որ ծնվել են հետո օտար ափերում: Հաճախ շատերը չեն խոսել դրա մասին, բայց վստահ եմ, որ հայրենիք վերադառնալը բոլորի սրտում ապրել է մի անուշ ու տխուր երազանքի պես»,- ասում է Նորան՝ ավելացնելով, որ խաղը նվիրել է 1946-48թթ. Հայաստան ներգաղթած իր հարազատներին: 
 
Նյու Յորքում բնակվող դերասանուհի եւ ռեժիսոր Նորա Արմանին ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, սովորել տեղի Նուպարեան վարժարանում: Գլխավոր դերեր է կատարել անգլիական, եգիպտական եւ ամերիկյան հեռուստասերիալներում, նկարահանվել բազմաթիվ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերում: Նյու Յորքում բեմադրել է Վիլյամ Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները: Սարոյան բեմադրել է նաեւ Երեւանում։ Նրա արձակ եւ չափածո գործերը հրատարակվել են տարբեր ժողովածուներում։ «Արարատեան կայան» ներկայացումը՝ Ժիրայր Բաբազեանի հետ, «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» եւ «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը միջազգային հաջողություն են ունեցել եւ հեռարձակվել ֆրանսիական ու ամերիկյան ռադիոյով:
 

«Արմանի» անունը կրում է ի հիշատակ մոր՝ Արմինէի ու իր հայկական արմատների: 

Զրույցից առաջ Նորան նոթատետրում արեւմտահայերենով անուններ է գրում՝ Արմինէ, Մարի, Յակոբ, Վահրամ, Պերճուհի, Զարուհի, Կուսինէ, Թագուհի, Արուսեակ, Վազգէն՝ փորձելով չմոռանալ որեւէ մեկին ու ջանալով հանկարծ չխախտել իր արմատների վավերագրությունը. հարազատների անուններն են, մեծ ընտանիքի բոլոր անդամները՝ ցեղասպանությունից փրկվածներ ու նրանց ժառանգներ:

Image: 
Text: 
                                                               Նորա Արմանի
 

«Իմ արմատների պատմությունն անվերջ ինձ հետ է, մտքումս հաճախ մեկիկ-մեկիկ խոսում եմ բոլոր հարազատներիս հետ: Երբեմն թվում է, թե մենք բոլորով նույն բանն ենք մտածում՝ այն, թե ինչ կլիներ, եթե մեր մեծ հայրերի ու մեծ մայրերի հետ տեղահանություն չկատարվեր: Մենք բոլորս հայրենի բնօրրանում կծնվեինք ու այդքան շատ շառավիղներ ունենալով՝ այսօր չէինք սփռվի աշխարհով մեկ: Գիտե՞ս, թե որ շառավիղը բազմացավ: Նրանք, որ ներգաղթեցին Հայաստան: Անհերքելի փաստ է, որ հայրենի հողը կենարարության ու կենսունակության անփոխարինելի աղբյուր է, ինչպիսի պայմաններում էլ որ լինի»,- ասում է դերասանուհին:

Նորա Արմանիի մեծ մայրերի ու մեծ հայրերի պատմությունը գալիս է հեռավոր Կեսարիայից: Հոր կողմից Մարի Ազատեանի եւ Սեփոն Էքսէրճեանի, իսկ մոր կողմից՝ Կուսինէ Կեմիճեանի եւ Յակոբ Պասմաճեանի թոռն է նա:
«Ես ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ՝ երրորդ սերունդը նրանց: Ես միշտ զգացողություն ունեմ, ասես դա ինձ հետ էլ է պատահել, ասես աչքովս եմ տեսել այն ամենն, ինչ ինձ պատմել են: Իրականում նրանք՝ հայրենիք կորցրածները, շատ չէին սիրում խոսել այդ մասին, մի տեսակ լուռ էին: Նրանց ուրախությունների մեջ անգամ ինչ-որ տխուր բան կար: Հետո՝ հասուն տարիքում, հասկացա, որ դա կարոտն էր»,- մտորում է Նորան:  
 

Մարի Ազատեանի եւ Սեփոն Էքսէրճեանի ընտանիքը

Նորայի հոր՝ Ագրիպաս Էքսէրճեանի ծնողները Մարի Ազատեանն ու Սեփոն Էքսերճեանն են: Մարի Ազատեանը՝ «մեծ մաման», ծնվել է Կեսարիայում: Նրա հայրը՝ Յակոբ Ազատեանը, հարուստ էր՝ ծխախոտի ցանքատարածություններ ուներ եւ ծխախոտ էր արտահանում Եգիպտոս: Այդ ժամանակ Եգիպտոսում հայերին էին պատկանում ծխախոտի այնպիսի հայտնի արտադրություններ, ինչպիսիք էին «Իսթերն Քամփընին», «Մաթոսյան» ընկերությունը, «Իփէքյան» ընկերությունը: Մինչ Մարիի ծնվելը Յակոբ Ազատեանը երեք դուստր ուներ եւ որդի ունենալու մեծ երազանք. նա ուխտ էր արել, որ եթե չորրորդը տղա ծնվի, նրան կկնքի Երուսաղեմում ու երեխայի քաշի չափով նվիրատվություն կանի: Բայց 1886 թվականին ծնվում է չորրորդ աղջիկը՝ Մարին, Նորայի տատը, որին Յակոբն, այնուամենայնիվ, 40 օրականում կնքում է Երուսաղեմում:
Image: 
Text: 
                           Յակոբ Ազատեանի կինը՝ Վերգինէն, դստեր՝ Մարիի հետ
 

Յակոբ Ազատեանի կինը՝ Վերգինէն, հեռատես էր ու իրապես զգացել էր հայերին սպասվող վտանգները Թուրքիայում: Ամուսինը տարվա մեծ մասը Եգիպտոս-Կեսարիա ճանապարհներին էր, եւ 1910-ականների սկզբին, երբ Յակոբը հերթական անգամ Եգիպտոս էր մեկնել, Վերգինէն վաճառում է ունեցվածքն ու, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու, իր չորս աղջիկների հետ գնում Եգիպտոս՝ միանալու ամուսնուն: Ընտանիքը տեղ հասնելուն պես ամուսինը մահանում է հիվանդությունից: Վերգինէն, չորս աղջիկները՝ Զարուհի, Արուսեակ, Էօժէնի եւ Մարի Ազատեանները, մնում են Եգիպտոսում: Մեծը՝ Զարուհին, ամուսնացած էր դեռեւս Կեսարիայում եւ Եգիպտոս էր գաղթել ամուսնու՝ Միսակ Լաչինեանի հետ:

«Այս անուններից ամեն մեկը մի յուրահատուկ պատմություն ունի: 100 տարի անց մենք դեռ պատմում ենք ու կարծես պատասխան ենք փնտրում, թե ինչո՞ւ նրանք պիտի դառնային տարագիրներ, ինչո՞ւ պիտի կրեին փրկվածի կամ վերապրածի դառը զգացողությունը»,- դեռ պատասխաններ է փնտրում Նորան:

 

Image: 
Text: 
                                         Ազատեան քույրերը՝ Էօժէնին եւ Մարին
 

Հեռավոր Կեսարիայում թողած իր երբեմնի շեն, կազմակերպված կյանքը՝ Ազատեանների ընտանիքը փորձում է օտարության մեջ կայանալ՝ բացելով կարի արհեստանոց: Կյանքը հունի մեջ է ընկնում, աղջիկներն ամուսնանում են: Արուսեակն ամուսնանում է Միհրան Զարգարեանի հետ եւ, ցավոք, մահանում երիտասարդ: Երբ սկսվում է ներգաղթը Խորհրդային Հայաստան, ընտանիքի որոշմամբ Արուսեակի ամուսին Միհրան Զարգարեանն ու երեք դուստրերը՝ Թագուհի, Յասմիկ, Արմինէ Զարգարեանները, 1948թ. ներգաղթում են Հայաստան: Քույրերից Էօժէնին ամուսնանում է սղերթցի Թորգոմ Պողոսեանի հետ, իսկ Մարին՝ Նորայի տատը, պոլսեցի Սեփոն Էքսէրճեանի հետ:

 

Image: 
Text: 
                         Մարի Ազատեանն ու Սեփոն Էքսէրճեանը՝ հարսանիքի օրը
 

Սեփոն Էքսէրճեանը՝ Նորայի պապը, ոսկերիչ էր ու 1914թ. Եգիպտոս էր գաղթել Պոլսից: Սեփոնն ու Մարին ունենում են երեք որդի՝ Գեւորգ, Յակոբ եւ Ագրիպաս՝ Նորայի հայրը, որին նաեւ Վարուժան են անվանում:

 

 

Image: 
Text: 
                              Յակոբ, Գեւորգ եւ Ագրիպաս (Վարուժան) Էքսէրճեանները
 

«Կեսարիան ինձ համար նվիրական անուն է. իմ մոր՝ Արմինէ Պասմաճեանի ծնողները նույնպես այնտեղից էին: Երազում եմ լինել Կեսարիայում: Չգիտեմ, թե ինչ կգտնեմ այնտեղ, բայց իմ հարազատների աչքերով գոնե կնայեմ ու նրանց փոխարեն կապրեմ այդ հանդիպման նվիրական վայրկյանները»,- ասում է Նորան:
 

Կուսինէ Կեմիճեանի եւ Յակոբ Պասմաճեանի ընտանիքը

Նորա Արմանիի մոր՝ Արմինէ Պասմաճեանի ծնողները Կեսարիայից Կուսինէ Կէմիճեանն ու Յակոբ Պասմաճեանն են: 

Մեծ մայր Կուսինէի հայրը` Կեսարիայի Ղեւոնդ քահանայ Կէմիճեանը, հայտնի մարդ էր՝ մեծ հարգանք վայելող: Հայր Ղեւոնդն ու իր կինն ունեին չորս երեխա՝ բոլորը ծնված Կեսարիայում: Երեխաներից ավագը Կուսինէն էր, որը ծնվել էր 1890-ին եւ 1915 թվականին արդեն 25 տարեկան էր: Նրա քույրերն էին Ազնիվը, Հրանուշը, Պերճանուշը: 
 
Դուստրերից կրտսերը՝ Պերճանուշը, 1915 թվականին տասը տարեկան էր, իսկ Կուսինէն արդեն ամուսնացած էր ուսուցիչ Յակոբ Պասմաճեանի հետ ու մեկ տարեկան որդի ուներ՝ Վահրամ անունով:
 
«Երբեմն ուղղակի անհավատալի է թվում, որ նրանք այս ամենի միջով անցել են ու կարողացել են հետո ուժ հավաքել ապրելու: Եգիպտոսում ծնված իմ բոլոր հարազատները կծնվեին այնտեղ, իրենց հողում՝ Կեսարիայում, մինչդեռ մենք բոլորս դատապարտվեցինք օտարության»,- ասում է Նորան: 
 
Կուսինէ մեծ մայրիկը հաճախ էր հիշում իրենց Կեսարիայի տունը: Ասում էր, որ ամեն տարվա մայիսին իր հոր՝ Ղեւոնդ քահանայի ընտանիքը գնում էր սարում ապրելու եւ տուն էր իջնում սեպտեմբերին: Իրենց տան նկուղն էր հիշում, որտեղ չրերի, բաստուրմայի առատ շարաններ կային:
 
1915 թվականին Ղեւոնդ քահանային թուրքերը կախաղան են բարձրացնում, ընտանիքը բռնում է տարագրության ճամփան: Յակոբին ու Կուսինէին առանձնացնում են իրարից, եւ քահանայի կինն իր չորս աղջիկների ու թոռան՝ Կուսինէի մեկ տարեկան Վահրամի հետ դառնում է գաղթական: Վահրամը գաղթի ճանապարհին մահանում է: Մահանում է նաեւ Ղեւոնդ քահանայի կինը:
 
«Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ նրանք իրենց փրկվելը համարում էին հրաշքի պես մի բան: Նրանք տարագրության ճանապարհներով անցնում են երկու-երեք տարի, կտրում Դեր Զորը եւ 1918-ին նոր միայն հասնում Հալեպ: Մեծ մայրս մի դեպք էր պատմում, որ գուցե մտագարության նշան էր, սակայն նա հավատում էր, որ Աստված իրեն օգնել էր հաղթահարելու այդ անհավատալի դառը ճանապարհը», - ասում է Նորան՝ նշելով, որ այդ տեսարանը պատմել է իր մոնոներկայացումներից մեկում:

«Անուժ, գրեթե անկենդան՝ Եփրատ գետի կողքով անցնելիս են լինում: Մի պահ նրանց ասում են, թե ով ուզում է ջուր խմի, կարող է մոտենալ գետին: Բոլորը վազում են: Բայց ինքն այնքան ուժասպառ է լինում, որ չի կարողանում վազել ու զգում է, որ մարում, ուշագնաց է լինում: Հանկարծ իրեն թվում է, որ ջուր է թափվում երեսին: Աչքերը բացում է ու տեսնում, որ սպիտակ հագուստով մեկը կա կողքին՝ ձեռքին ջուր: Ձեռքերը պարզում է, որ խմի ջուրը, ու սթափվի, բայց մեկ էլ տեսնում է, որ մարդն այլեւս չկա: Տեսիլք էր, ինչ էր... չգիտեմ, բայց տատս ասում էր, որ շուրթերը թաց էին ու իր ծարավն էլ՝ հագեցած... Ի՞նչ էր դա՝ Աստծո օրհնությո՞ւն... Չգիտեմ... Բայց իմ մեծ մայր Կուսինէն շատ էր մտաբերում այդ տեսիլքը եւ ասես հավատում էր, որ մահվան ճանապարհը հաղթահարել էին միմիայն երկնայինի օգնությամբ»,- նախնիների փրկությունն է փորձում բացատրել Նորան: 

Image: 
Text: 
    Յակոբ Պասմաճեանը՝ կնոջ՝ Կուսինէի եւ զավակներ Արմինէի ու Վահրամի հետ
 
1918 թվականին չորս քույրերը հասնում են Հալեպ: Հալեպի կայարանում ահավոր աղմուկ էր. բազմաթիվ մարդիկ եկել էին իրենց հարազատներին գտնելու եւ նրանց անուններն էին կանչում՝ հույսով, որ հրաշքով նրանք գնացքում կլինեին: Հանկարծ Կուսինէն լսում է իր անունը: Ամուսինն էր՝ Յակոբը, որը հրաշքով փրկվել էր ու հայտնվել Հալեպում: Կուսինէն եւ Յակոբը նորից Վահրամ անունով որդի են ունենում, իսկ 1923թ. ծնվում է Արմինէ Պասմաճեանը` Նորայի մայրը: Յակոբը, Կուսինէն, իրենց զավակները, Կուսինէի քույրերը տեղափոխվում են Եգիպտոս, որտեղ էլ վերջիններս զբաղվում են գորգագործությամբ:

«Մեծ մայրս Եգիպտոսում մեծ գրադարան ուներ, սակայն չգիտեմ, թե ո՞ր մասն էր իր հետ բերել Կեսարիայից: Կարող եմ ասել, որ նրա գրադարանում կային հին հրատարակության Ավետարաններ: Ես այսօր Նյու Յորքի իմ տանն ունեմ 1886 թվականի հայատառ թուրքերեն Ավետարան, որը, վստահ եմ, գաղթից փրկված մասունք է»,- ասում է Նորան:

 
 
Image: 
Text: 
 Կենտրոնում՝ Կուսինէ Կէմիճեանը, գլխավերեւում ձախից աջ՝  Նորայի մայր Արմինէն, մորեղբայր Վահրամը եւ մորաքույր Արփինէն
 
«Իմ մեծ մայր Կուսինէն ապրեց 90 տարի, տեսավ ու պահեց իր բոլոր թոռներին, մահացավ 1975 թվականի օգոստոսին: Զուսպ, առաքինի կին էր, միշտ գնում էր Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ ասես Կեսարիայի իրենց եկեղեցու կարոտն էր առնում. այնտեղ էլ նույնանուն եկեղեցի կար: Միշտ նստում էր եկեղեցու երկրորդ շարքում: Մեծ մայրս շատ լավ թուրքերեն գիտեր, բայց միշտ հայերեն էր խոսում ու պնդում էր, որ մենք էլ հայերեն խոսենք,- հիշում է Նորան,- հաճախ շշուկով ասում էր՝ գյաբըռըսիջա թյուրքլար, որ նշանակում է անիծյալ թուրքեր, բայց ատելություն մեր մեջ չէր դնում: Ասում էր, թե պատերազմ էր, գերմանացիները միացան թուրքերին, դավադրեցին։ Շատ էր տանջվում, բայց ատելություն կամ վրեժ չէր քարոզում»:
 
Նորայի մայրը՝ Արմինէն, սովորեց Եգիպտոսի Գալուստեան վարժարանում: Ամուսնացավ Ագրիպաս Էքսէրճեանի հետ: Երկու զավակ ունեցան՝ Նորան ու Վազգենը, որին անվանել էին Վազգէն Վեհափառի անունով: Վազգենն այժմ ապրում է Ճապոնիայում, Նորան՝ Նյու Յորքում, հայրը՝ Ագրիպասը, Լոս Անջելեսում է: Մայրը մահացել է, իսկ Ղեւոնդ քահանայի թոռներից այսօր ողջ է միայն 85-ն անց Արփինէ մորաքույրը, որն իր զավակների հետ ապրում է Կալիֆորնիայում եւ խոսում հայերեն: 
Image: 
Text: 
                                                         Նորա Արմանի
 

«100 տարի առաջ մեզ հետ աներեւակայելի ողբերգություն է պատահել, դա մենք մեր պատմությունից չենք կարող ջնջել կամ մոռանալ: Ինչ խոսք, մենք հատուցման պահանջներ ունենք, բայց չենք կարող դա հիմա դարձնել մեր ամբողջ էության, լինելիության նախապայմանը:

Ես վստահ եմ, որ մեր անցյալը հաղթահարելու համար, մեր մեկուկես միլիոն զոհերի, ցեղասպանությունից անթիվ, անհամար փրկվածների առաջ մենք մի բան ենք պարտավոր անել՝ հզորացնել, զարգացնել այսօրվա Հայաստանը, մեր ամենափոքրիկ ջանքն անգամ ներդնել երջանիկ, արդար Հայաստան ունենալու համար,- ասում է Նորան եւ ավելացնում,- Հայաստանը հրաշալի երիտասարդություն ունի, եւ ես վստահ եմ՝ եթե նրանց աջակցենք, թեւ տանք, մեր թռիչքն այլեւս անկասելի կլինի»:

*Լուսանկարները՝ Նորա Արմանիի անձնական արխիվից

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Հայաստանը հրաշալի երիտասարդություն ունի, եթե նրանց թեւ տանք, մեր թռիչքն այլեւս անկասելի կլինի
Story number: 
76
Header image: