Աստղիկ Արարքցյան
Ընթերցողի պատմություն. Աստղիկ Արարքցյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Հորս կողմից իմ նախնիները՝ Արարքցյանները, ծագումով Վասպուրականից են: Ապրել են Վանում՝ Արարք լեռան դիմաց Արարուց թաղամասի Արարք հրապարակում գտնվող մի բարետես տանը, որը հուսամ կանգուն է առայսօր:
Վանի մասին պատմությունները մեր տանն այնքան շատ էին, որ ես 5-6 տարեկանում կարծում էի, թե մենք ժամանակավոր ենք ապրում Երեւանում եւ անպայման վերադառնալու ենք Վան: Այդ տարիքում ես առաջին անգամ տատիկիցս լսեցի, որ Վանը եւ Արարատ լեռը Հայաստանի տարածքում չեն: Մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպես էի լաց լինում ու կռվում տատիկիս հետ, իսկ նա ինձ համար անընդունելի այս տեղեկություններին հավելեց նաեւ այն, որ «Հայրի՛կ, Հայրի՛կ, քո հայրենիք, Վասպուրական մեր աշխարհ» երգի տողերը իմ հայրիկի մասին չեն, այլ վերաբերում են հայոց Հայրապետ Խրիմյան Հայրիկին: Այսպես ես աստիճանաբար ծանոթացա Վանի եւ մեր ընտանիքի փաստացի պատմությանը, որոնք երբեմն ընթանում էին զուգահեռ, երբեմն էլ՝ միահյուսվում ու սերտաճում:
Առաջին հիշատակությունը հայրիկիս նախապապի մասին 1877 թվականին «Մշակ» թերթում արել է Մկրտիչ Փորթուգալյանը. «Վանի մեջ հարստահարություններ» շարքի երրորդ հոդվածում. «Քուրդերը Այգեստանի նախիրին վրա կհարձակվին. բայց տավարածն անմիջապես լուր հասցնելով, Արարքցյան Սարգիս եւ ուրիշ քաջ հայեր զինված գնացին եւ յուրյանց տավարը ետ առին քուրդերուն ձեռքեն»: Սա Ջալալեդդինի արշավանքին վերաբերող հրատարակված միակ տեղեկությունն է, երբ կողոպտվող հայերը դիմադրություն են կազմակերպել եւ հետ են վերցրել բռնությամբ հափշտակված իրենց ունեցվածքը: Րաֆֆու համար պատմության այս դրվագը դարձել է «Ջալալեդդին» վիպակի հիմք, որտեղ Սարհատի կերպարի նախատիպը եղել է Սարգիս Արարքցյանը: Սարգիսի որդու՝ Միհրան Արարքցյանի մասին ընտանիքում պատմված հուշերից եւ լուսանկարներից բացի, փաստեր կան նաեւ Վահան Փափազյանի (Կոմս) «Իմ Յուշերը» գրքում:
Արամ Մանուկյան, Տաճատ Թերլեմեզյան, Միհրան Արարքցյան, Բուլղարացի Գրիգոր, Գրիգոր Ճիտեչյան, Ղեւոնդ Մելոյան
Աղբյուրը՝ «Իմ Յուշերը», Վահան Փափազյան (Կոմս), 1950 թ., էջ 531
1908 թվականին Տաճատ Թերլեմեզյանն սպանում է դավաճան Դավոյին, ով թուրքերին հայտնել էր հայերի կողմից գաղտնի Վան բերված զենքի պահեստների մի մասի գտնվելու վայրը: Սպանությունից հետո Տաճատ Թերլեմեզյանը, Միհրան Արարքցյանը, Ղեւոնդ Մելոյանը, Բուլղարացի Գրիգորը, Արամ Մանուկյանը եւ ուրիշներ, ձերբակալությունից խուսափելու նպատակով, հինգ օր շարունակ թաքնվում են Վան քաղաքի տակ գտնվող հորերում: Հինգերորդ օրը թաքստոցի տեղը մատնվում է, թուրք ոստիկանները Միհրանին եւ իր ընկերներին անմիջապես ձերբակալում են: Կոմսի գրքում զետեղված նկարն արվել է հենց ձերբակալության պահին: 1915 թվականին Միհրան Արարքցյանը, մի խումբ ընկերների հետ զենք տեղափոխելիս, անհետ կորչում է: Ամուսնու կորստից հետո Միհրանի կինը՝ Սաթենիկը, երկու մանկահասակ տղաների՝ Բաբկենի եւ Գուրգենի հետ փախնում է Երեւան:
Սաթենիկ Արարքցյանը՝ որդիների՝ Գուրգենի եւ Բաբկենի հետ
Սաթենիկի մասին ընտանիքում պատմում էին, որ քչախոս եւ ինքնամփոփ կին էր, ժամանակին ստացել էր փայլուն կրթություն, պահպանվել են նրա գեղեցիկ ձեռագրով արված գրառումներ: Նրա երկու տղաներն էլ ստանում են բարձրագույն կրթություն: Բաբկենը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, մահանում է երիտասարդ հասակում: Իսկ Գուրգենը, ԵՐՊԻ-ի հիմնադիրներից է եւ երկար տարիներ եղել է հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկանը:
Բաբկեն Արարքցյանը՝ Անիի դարպասների դիմաց, 30.11.1995թ.
(1991 թվականից ի վեր, միակ դեպքն է, երբ հայ-թուրքական սահմանը բացվել է, եւ հայկական պաշտոնական պատվիրակությունը, ավտոմեքենաներով հատելով այն, հասել է Կարս)
Գուրգենի որդին հայրիկս է՝ Բաբկեն Արարքցյանը: Նա 1991-1998թթ. եղել է ՀՀ խորհրդարանի նախագահ: Ահա այսպես կարելի է համառոտ կերպով շարադրել իմ ընտանիքի պատմությունը, որի շատ դրվագներ պայմանվորված են Վասպուրական նահանգի, ցեղասպանության եւ գաղթի պատմությամբ:
Աստղիկ Արարքցյանը՝ ամուսնու՝ Մարտին Գալստյանի եւ երեխաների հետ՝ Վանի տարազով
Ամուսնուս ընտանիքը նույնպես Վանից է: Նրա մեծ մայրիկը եւ մեծ հայրիկը իրար հետ ծանոթացել են ամերիկացի միսիոներների՝ ցեղասպանության հետեւանքով որբ մնացած երեխաների համար կառուցված մանկատանը: Այնպես որ պատմությունը դեպքերից մեկ դար անց էլ առնչվում է ինձ ու նաեւ իմ երեխաներին:
*Լուսանկարները՝ Աստղիկ Արարքցյանի ընտանեկան արխիվից
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Աստղիկ Արարքցյանը: