Նելլի Բաղդասարյան

Armenian
Intro: 
Հայոց ցեղասպանության տարիներին փրկվել են մեծ տատս՝ Մարիամ Սիմոնի Մանուչարյանը եւ նրա կրտսեր քույրը՝ Լուսաբերը։
Weight: 
-126
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Նելլի Բաղդասարյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանության տարիներին փրկվել են մեծ տատս՝ Մարիամ Սիմոնի Մանուչարյանը եւ նրա կրտսեր քույրը՝ Լուսաբերը։

Ընտանիքում 9 հոգի էին. տատիկը, հայրը՝ Սիմոն Մանուչարյանը, մանկավարժ էր, ուներ տուն, խանութ եւ վարժարան, մայրը՝ Արտեմիսը, օրիորդաց դպրոցի մանկավարժ էր, նրանց երկու տղան եւ չորս աղջիկները, որոնցից երկուսը երկվորյակ էին՝ մեծ տատս եւ նրա քույրը։

Մեծ տատիս հորը՝ Սիմոնին, եւ ավագ որդուն ձերբակալել ու սպանել են բուն ջարդերի սկսվելուց մի քանի ամիս առաջ, մայրը՝ Արտեմիսը, նրանց սպանվելու մասին իմանցել է շատ ավելի ուշ: Արտեմիսն ազգությամբ հույն էր, նրան հուշել են մոտալուտ ջարդերի մասին նա էլ իր սկսեսրոջ, աղջիկների եւ գրկի երեխայի հետ բեռնելով առաջին անհրաժեշտության իրերն անասուններից մի քանիսի վրա՝ ճանապարհ է ընկնում։ Ամեն առավոտ արթնանալիս նկատում էին, որ պակասում են կամ իրերը, կամ աղջիկներից մեկը։

Գաղթի ճանապարհին կորցնելով տատիկին ու քույրերին՝ մեծ տատս, մոր,  կրտսեր եղբոր եւ կրտսեր քրոջ՝ Լուսաբերի հետ շարունակում է ճամփան։ Որոշ ժամանակ անց մի քաղաքում մոր գրկից մի այլազգի իշխանուհի ձիու վրա նստած՝ ձեռքը մեկնելով խլում է տղային եւ մայրը, որ փորձում է ետ վերցնել երեխային, մտրակի մի քանի հարվածներից մահանում է։

Մեծ տատիս պատմելով՝ նա այդ ընթացքում մարդկանց մեծ հոսքի պատճառով կորցնում է քրոջը: Անհայտ է՝ որտեղ եւ ինչպես, բայց նրան իրենց օթեւանի տակ են վերցնում ամուսիններ, ովքեր երեխաներ չունեին. մեծ տատս նրանց «Հոռոմ ամուսիններ» էր կոչում: Անընդմեջ լացելու եւ անքուն գիշերներ անցկացնելուց հետո, այդ մարդիկ խղճում են մեծ տատիս եւ փորձում գտնել հարազատներից գոնե մեկին, բայց ապարդյուն։ Ստալինյան դժվար ժամանակաշրջանում այդ ամուսիններն ինչ-ինչ պատճառներով լքում են քաղաքը ու մեծ տատիս էլ տեղավորում են Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) մանկատներից մեկում։

Տարիներն անցնում են, բայց մեծ տատս չի դադարում հարազատներին գտնելու փորձերը: Անընդհատ հարցումներ անելով՝ պարզում է, որ քույրը՝ Լուսաբերը, եւս մանկատանն է եւ արդեն հստակ քայլեր է ձեռնարկում նրան վերադարձնելու համար: Սակայն նա անչափահաս էր, ամուսնացած չէր, եւ ըստ օրենքի, չէր կարող որդեգրել որեւէ մեկին: Այդ իսկ պատճառով մայրապետին խնդրում է իրեն շտապ ամուսնացնել, որպեսզի կարողանա որդեգրել իր քրոջը։

Տարիներ են անցնում, երբ մեծ տատս դեռ նոր էր ամուսնացել, իմանում է, որ քրոջը որդեգրել եւ տարել են ԱՄՆ իր երեք հորեբայրներից մեկը՝ Միհրանը: Մեծ տատս բազմաթիվ հարցումներ է կատարում ԱՄՆ իր քրոջ եւ հորեղբայրների հետ կապ ստեղծելու համար, բայց ոչ մի կերպ չի ստացվում։

Մի օր մեծ տատիկս հեռագիր է ստանում, որ իր հորեղբայրն արդեն Հայաստան է եկել եւ իրեն է փնտրում: Նրանք հանդիպում են իրար եւ հորեղբայրը պատմում է, որ Լուսաբերը վստահ էր, որ քույր Մարիամը եւս ողջ է, պարզապես նրանք կորցրել են իրար։ Մեծ տատս արդեն ամուսնացել էր եւ ծնվել էր պապիկս՝ Ռաֆիկ Գուրգենի Մկրտչյանը, բայց միեւնույն ժամանակ մնացել էր առանց հոր (հայրը զոհվել էր պատերազմում), Միհրան հորեղբայրը հորդորում է մի փոքր սպասել մինչեւ հնարավոր կլինի  նրան երեխայի հետ տեղափոխել ԱՄՆ: Միհրանը վերադառնում է ԱՄՆ ծովային ճանապարհով, բայց նրան ինչ-որ նավահանգստում թալանում եւ սպանում են։ Այս մասին մեծ տատս իմացել է հեռագրով, որը պետք է պահպանված լինի Գյումրու 1930-1937թթ. արխիվում:

Ցեղասպանությունից փրկվել է Մարիամ մեծ տատիկս, որին օգնել են այլազգի մի ամուսնական զույգ, որոնց անունները հայտնի չեն։ Իսկ նրա քրոջը՝ Լուսաբերին, փրկել են ռուս զինվորները՝ նրան հանձնելով են ամերիկյան մանկատուն։

Այդ մարդկանց բարեհոգության շնորհիվ այսօր կամ ես, կա իմ ընտանիքը։

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Նելլի Բաղդասարյանը

Subtitle: 
«Այդ մարդկանց բարեհոգության շնորհիվ այսօր կամ ես, կա իմ ընտանիքը»
Story number: 
190
Header image: