Լեոնիդ Ռոշալ. «Ամեն ինչ սկսվեց Հայաստանից»
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 05/10/2016 - 10:38
Armenian
Intro:
Ռուսաստանցի անվանի մանկական վիրաբույժ Լեոնիդ Ռոշալի անունը հայտնի է ողջ աշխարհում։ Բժիշկն ու նրա թիմը շտապում են առաջինը հայտնվել երկրագնդի տարբեր անկյուններում՝ օգնելու աղետներից, ահաբեկչական գործողություններից եւ ռազմական հակամարտություններից տուժած երեխաներին։
Weight:
111
Story elements:
Text:
Ռուսաստանցի անվանի մանկական վիրաբույժ Լեոնիդ Ռոշալի անունը հայտնի է ողջ աշխարհում։ Բժիշկն ու նրա թիմը շտապում են առաջինը հայտնվել երկրագնդի տարբեր անկյուններում՝ օգնելու աղետներից, ահաբեկչական գործողություններից եւ ռազմական հակամարտություններից տուժած երեխաներին։
Text:
Լեոնիդ Ռոշալի թիմի մարդասիրական գործունեությունն սկսվել է Հայաստանից. 1988-ին նա օգնում էր Սպիտակի երկրաշարժից մասնակիորեն քանդված Լենինական (ներկայում՝ Գյումրի) քաղաքի բնակիչներին։ Հետագայում, կիրառելով սեփական գիտելիքներն ու արտակարգ իրավիճակներում ձեռք բերված փորձը, Ռոշալն ստեղծում է մանկական նյարդավնասվածքների ուղղությամբ մասնագիտացող առանձին ինստիտուտ։ 82-ամյա բժշկի խիտ օրակարգում քնի եւ հանգստի համար ժամանակը հազիվ է հերիքում, սակայն օգնության կարիք ունեցող անծանոթ մարդկանց զանգերին ու Twitter-ի հաղորդագրություններին պատասխանելու ժամանակ նա միշտ գտնում է։
Ձեր թիմը Հայաստանում օգնել է Սպիտակի երկրաշարժից տուժած բազմաթիվ երեխաների։ Այդ աշխատանքն ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այն ժամանակ։
Այն ժամանակ խորհրդային մարդկանց մոտ աննախադեպ վերելք էր, Հայաստանին օգնելու ձգտում կար։ Երբ հայտնեցի, որ մեկնում եմ այնտեղ եւ պետք է սահմանափակ թվով աշխատակիցներ հավաքեմ, շատերը նեղացան, որ իրենց չեմ վերցրել ինձ հետ։ Միասին էինք գործում, լավ խումբ էր ձեւավորվել։ Դա Հայաստանում աշխատող վիրաբույժներից, վնասվածքաբաններից ու ռեանիմատոլոգներից կազմված մասնագիտացված բանկաբուժական բրիգադի ստեղծման սկիզբն էր։ Դրանից հետո եղել ենք աշխարհի մոտ 20 երկրում՝ երկրաշարժերի, պատերազմների, ահաբեկչական գործողությունների եւ այլ իրադարձությունների ժամանակ, բայց սկիզբը Հայաստանում է դրվել։
Բժիշկների կազմը, որոնց հետ աշխատում եք աղետի գոտիներում, գրեթե անփոփոխ է 1988-ից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այսքան ժամանակ ձեզ բոլորիդ պահում մեկ թիմում։
Թիմն, իհարկե, մի փոքր փոխվել է՝ որոշ մարդիկ միանում էին մեզ, ոմանք էլ՝ հեռանում, բայց հիմքը նույնն էր մնում։ Ընդհանրապես՝ կյանքում սիրում եմ մշտական, կայուն վիճակներ։
Դուք օգնել եք երեխաներին Ղարաբաղում, Հարավսլավիայում, Մերձավոր Արեւելքում։ Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հակամարտության կողմերը, երբ իմանում են, որ հակառակորդին օգնություն եք ցուցաբերել։
Մեզ համար կարեւոր է երեխաների առողջությունը։
Ծնողների քաղաքական հայացքները, ազգությունն ու կրոնը նշանակություն չունեն։
Օրինակ՝ Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններն այնքան էլ բարեկամական չեն, բայց ժամանակին մենք աշխատել ենք ե՛ւ Հնդկաստանում, ե՛ւ Պակիստանում, երկրաշարժի ժամանակ օգնել ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում։
Ղարաբաղյան հակամարտության ժամանակ աշխատում էինք Երեւանում, այնուհետեւ՝ Ղարաբաղում, իսկ հետո ճակատի մյուս կողմում՝ Ադրբեջանում։ Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանում, իրոք, այդպիսի դեպք եղել է․ ինձ կարճ ժամանակով ձերբակալել ու պարզում էին, թե ով եմ։ Ինձ ձերբակալել են նաեւ Չեչնիայում պատերազմի ժամանակ՝ Աչխոյ-Մարտանում, Ուրուս-Մարտանում։ Իսկ մնացած առումներով՝ ահա այստեղ եմ՝ ողջ ու առողջ։
1990-ին հիմնեցիք Աղետների եւ պատերազմների ժամանակ երեխաներին օգնող միջազգային բարեգործական հասարակական ֆոնդը։ Ի՞նչ հիմնական խնդիրների է բախվել ֆոնդն իր աշխատանքում։
Բոլորս աշխատում ենք որպես կամավորներ, աշխատավարձ ոչ ոք չի ստանում, բայց ֆոնդի շնորհիվ տոմսեր եւ որոշակի դեղորայք ենք գնում, մեկնում կոնկրետ երկրներ։ Ի տարբերություն Արտակարգ իրավիճակների նախարարության՝ չունենք մեքենաներ, վրաններ, ոչինչ չունենք։ Թռչում ենք քաղաքացիական ինքնաթիռներով՝ պարզվեց, որ դա շատ էժան է, եւ համագործակցում ենք տեղի բժիշկների հետ, ինչպես Հայաստանում էր։
Ձեր գործունեությունը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակում բժիշկը ոչ միայն բժշկական օգնություն ցուցաբերող է, այլեւ, օրինակ, ահաբեկիչների հետ բանակցություններ վարող։ Բացի մասնագիտական գիտելիքներից, ինչպիսի՞ այլ հմտություններ պետք է ունենա նման գոտիներում աշխատող բժիշկը։
Եղել են դեպքեր, երբ հակամարտության գոտի են ժամանել բժիշկներ եւ ցանկացել օգնել, սակայն նրանց մասնագիտական պատրաստվածությունը չի բավարարել։ Հայաստանում էլ էր այդպես։ Երբեմն նրանց պատճառով խնդիրներ են առաջանում։
Մեր կարծիքով՝ աղետի գոտի եկողները հատուկ մարդիկ են՝ հոգեպես հզոր։ Նրանք պետք է հասկանան եւ զգան այլ մարդկանց ցավը։
Մի առիթով խոստովանել եք, որ պատասխանում եք Ձեր օգնության կարիքն ունեցող բոլոր մարդկանց զանգերին։ Ինչպե՞ս եք կարողանում դրա համար ժամանակ գտնել։
Ես այդպես եմ ապրում, ուրեմն՝ դա հնարավոր է։
Ի՞նչ է Ձեզ տալիս սոցիալական ցանցերում շփումը։
Ժամանակ չունեմ սոցիալական ցանցերում շփվելու համար, միայն Twitter-ում էջ եմ վարում։ Դա բազմաթիվ հարցերի վերաբերյալ շատ արագ կարծիք հայտնելու հնարավորություն է։ Բայց ավելի հաճախ ինձ դիմում են խնդրանքներով։
Դուք անվճար բուժօգնության կողմնակից եք։ Անկայուն սոցիալական եւ տնտեսական պայմաններում այդ նպատակին հասնելու ինչպիսի՞ ուղիներ կան։
Գիտեմ, որ Հայաստանում այդ հարցն ընդհանրապես շատ սուր է, բազմաթիվ հիվանդանոցներ մասնավոր են դարձել։ Մեզ մոտ էլ նման միտում կա, բայց կարծում եմ՝ դա բացասական միտում է։ Ժողովուրդն ունակ չէ վճարել առողջապահության համար, եւ դա լավ բանի չի բերի։ Պարզ ասում եմ, որ ես առողջապահության խորհրդային համակարգի կողմնակից եմ։ Երբեմն լինում են անելանելի իրավիճակներ, բայց պետությունը պետք է միջոց գտնի։ Առողջապահության հաշվին տնտեսել պետք է միայն ամենավերջին հերթին։
Աշխարհում բազմաթիվ մարդկանց համար օրինակ եք դարձել, իսկ ո՞վ է Ձեր գլխավոր ուսուցիչը, ո՞վ է ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր սկզբունքների ձեւավորման վրա։
Կարճ եմ պատասխանում՝ կյանքը։
Subtitle:
Մանկաբույժն ու իր թիմը. օգնելով երեխաներին երկրագնդի տարբեր անկյուններում
Author:
Զրուցեց՝ Գայանե Միրզոյանը
Header image: