2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրման փուլն ավարտված է
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակի առաջադրումների փուլն ավարտվեց 2020 թ. հոկտեմբերի 31-ին: Այս տարի հարյուրավոր հայտեր են ստացվել, որի արդյունքում 585 եզակի թեկնածու է առաջադրվել մրցանակին:
«2021 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացված հայտերի քանակը եւս մեկ անգամ վկայում է, որ, հաշվի առնելով վրա հասած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերները, մարդիկ շարունակում են ոգեշնչվել՝ առաջադրելու անհայտ հերոսների, որոնք կենսական նշանակության մարդասիրական աշխատանք են իրականացնում աշխարհով մեկ: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ իմ գործընկերների հետ մենք կշարունակենք բացահայտել նրանց, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն գործում», - ասաց Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին: «Սա հեշտ գործ չէ, բայց մեծ առավելություն է՝ հատկապես հաշվի առնելով անցած տարվա իրադարձությունները, երբ մեր ընտրած բացառիկ հերոսների մեջ շատ էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարողները, որոնք շարունակում են ծայրահեղ քայլերի գնալ, որպեսզի օգնեն փրկել մյուսներին»:
2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը տրվեց 2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կազմակերպված հատուկ առցանց քննարկմանը, որը նվիրված էր մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին՝ մեծարելով մերօրյա հերոսներին: Մեկնարկից ի վեր 2021 թ. «Ավրորա» մրցանակի համար ընդհանուր 637 հայտ է ստացվել 73 երկրից եւ տարածքից՝ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չեխիայի Հանրապետությունը, Ուգանդան, Նիգերիան, Քենիան, Հայաստանը, Հնդկաստանը, Վրաստանը, Միացյալ Թագավորությունը եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:
Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին: Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է եզրափակել 2021 թ. գարնանը, նպատակ ունի իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, կօգնի «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ մերօրյա հերոսներին շարունակելու իրենց ջանքերը եւ փրկելու վտանգվածներին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանն անձնապես 1 մլն ԱՄՆ դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ի լրումն դրա, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հետ հիմնադրվել է 1 մլն դոլարի հատուկ ֆոնդ՝ պատերազմից տուժած երեխաների կրթությանն ու բարեկեցությանն ուղղված ձեռնարկումների համար: «Ավրորայի» եւ UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ այս հատուկ նախագծին՝ նվիրատվություն կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ #AraratChallenge շարժման կայքերի միջոցով կամ նվիրատվություն կատարելով ուղիղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2021 թ. ապրիլի 24-ին, որին նույն տարի ավելի ուշ կհետեւի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հայտարարումը: