«Ավրորա» համայնք` նոր նախագիծ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» համայնք նոր ծրագրի մասին, որը մշակվել է «Ավրորայի» մարդասիրական ու գործընկերային համայնքի եւ դրա ազդեցության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Ավրորա» համայնքը կմիավորի եւ կաջակցի անձնազոհ անհատներին ամբողջ աշխարհից, որոնք թեժ կետերում զբաղված են կենսական նշանակության գործունեությամբ:
Մինչեւ ծրագրի մեկնարկն ստեղծվել է մանրամասն հարցաշար «Ավրորա» համայնքի պոտենցիալ անդամների համար, որպեսզի հստակ լիներ, որ նրանք լիովին համապատասխանում են նախագծի պահանջներին: «Ավրորան» մտադիր է ակտիվորեն աջակցել համայնքի անդամներին՝ կապ ստեղծելով նրանց միջեւ՝ ըստ գործունեության ոլորտի, խրախուսելով գիտելիքի փոխանակումը, ինչպես նաեւ առաջ մղելով նրանց գործունեությունն իր իսկ հարթակներով:
Այս նոր նախագիծը կակտիվացնի նաեւ նախաձեռնության կապերը համաշխարհային մարդասերների հետ՝ ներգրավելու փորձագետների, բանախոսների եւ հետաքրքրված մարդկանց, որոնք ակտիվորեն մասնակցում են նախաձեռնության բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ Aurora Dialogues քննարկումներին եւ Արցախի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, ինչպես նաեւ համաշխարհային ավելի ընդարձակ ծրագրի, որի միջոցով տարածաշրջան են հրավիրվում մարդասիրության ոլորտի առաջատարները:
«Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է անձնվեր մարդասերների այս հիանալի ցանցը, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով շոշափելի փոփոխություն է բերում: Մարդ, որի աշխատանքը մեծապես շահել է «Ավրորայի» աջակցությունից, ես ավելի քան որգեւորված եմ այս նոր՝ «Ավրորա» համայնք նախագծով, որը կմիավորի եւ կքաջալերի նույն նպատակին ծառայող մարդկանց՝ օգնելով նրանց առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը»,- ասաց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի ղեկավար եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, որը վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման: Մեկնարկելով Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օրը՝ «Ավրորա» համայնք նախագծի հիմնական նպատակն է խթան դառնալ փոփոխությունների համար եւ առցանց խմբերի, գործընկերների եւ փորձագետների կողմից իրականացվող դասընթացների, համապատասխան բովանդակության, Aurora Dialogues քննարկումներում եւ «Ավրորայի» այլ նախաձեռնություններում ներգրավելու միջոցով զորակցել նրանց, ինչպես նաեւ առաջ մղել նրանց մարդասիրական աշխատանքն «Ավրորայի» մեդիա հարթակներով:
««Ավրորա» համայնք ծրագրի շնորհիվ ինձ նման ակտիվիստները հնարավորություն կունենան համաշխարհային մակարդակով շփվելու փորձագետների եւ մերօրյա հերոսների՝ համախոհների լայն շրջանակի հետ, սովորելու, կիսվելու եւ փոխանակվելու գիտելիքով ու տեղեկատվությամբ: Ես անհամբեր սպասում եմ, որ այն ավելի կայուն կերպով կամրապնդի եւ կխթանի իմ աշխատանքը՝ զորացնելու կանանց եւ երիտասարդներին»,- նկատեց Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ասոցիացիայի (ABKT) գործադիր տնօրեն եւ «Ավրորա» համայնքի անդամ Շադ Բեգումը:
«Ավրորա» համայնք նախագիծը հնարավորություն կտա հինգ տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շուրջ համախմբված մարդասերներին ավելի ակտիվ համագործակցել, համատեղ լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնց նրանք առնչվում են առօրյայում՝ գենդերային հավասարությունից եւ մարդու իրավունքների ոտնահարումից մինչեւ որակյալ կրթություն, երեխաների պաշտպանություն, խաղաղություն եւ արդարություն: