ՄԱՆԱՆԱ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ. «ՆԵՐԵԼՆ ՈՒԺԻ ՆՇԱՆ Է»

Armenian

Ինձ թվում է՝ հանուն ապագա սերունդների, հանուն երկրի անհրաժեշտ է պայմանավորվելու տարբերակ գտնել հարեւանների հետ. Թուրքիայի հետ, առավել եւս, որ տնտեսական հարաբերությունները փաստացիորեն արդեն երկար տարիներ գոյություն ունեն, անհրաժեշտ է սկսել շփումն Ադրբեջանի հետ։ Պետք է ավելի շատ վստահել միմյանց եւ զիջումների գնալ։ Այսօրվա Հայաստանում «վստահություն» բառը ժողովրդականություն չի վայելում, այն թուլության նշան է համարվում։ Իսկ ես կարծում եմ, որ վստահությունն ու ներելն ուժի նշան են։ 

Հայրենիքը սիրելու համար պարտադիր չէ մնացած բոլորին ատել։ 

Կարեւոր է հաղթահարել ատելությունը։ Այսօրվա Թուրքիայի քաղաքացիները մեղավոր չեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար։ Իհարկե, հիանալի կլիներ, եթե թուրքերը ներողություն խնդրելու ուժ գտնեին իրենց մեջ։ Մի պահ թվում էր, որ դա հնարավոր է։ Սակայն, ցավոք, այն իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում Թուրքիայում, հուշում են, որ մոտ ժամանակներս ոչինչ տեղի չի ունենա եւ ներողություն չեն հայցի։ Դա սարսափելի է։

Ես չեմ ճանաչում այնպիսի երեւանցիների, որ ապրիլի 24-ին չգնան Ծիծեռնակաբերդ եւ անմար կրակի մոտ ծաղիկ չդնեն։ Դա հայրենիքի հանդեպ սիրո ցնցող օրինակ է։ Հիշատակի եւ սգո օր, որ ազգին թույլ է տալիս իրեն որպես մեկ միասնական ամբողջություն ընկալել, մի ժողովուրդ, որ վերապրել է, պահպանվել եւ շարունակում է զարգանալ։

Ափսոսում եմ, որ տատիկիս կյանքի օրոք նրան բավականաչափ մանրամասն հարցուփորձ չեմ արել Հայոց ցեղասպանության մասին, իսկ նա առանձնապես շատ բան չէր պատմում։ Միայն հիշում եմ պատմությունն այն մասին, թե բարեկամները նրան ինչպես են 12 տարեկանում գորգի մեջ փաթաթած տեղափոխել Կարսից։ Գորգը դրել էին սայլի վրա՝ վախենում էին, որ կարող են երեխային անարգել։ Այդպես տատս հայտնվել է Թբիլիսիում, որտեղ մեծացել է նաեւ հայրս։

1950 թվականների սկզբին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ Ի տարբերություն իմ ընկերների, որոնք փնտրել եւ գտել են այն վայրերը, որտեղ ապրել են նրանց բարեկամները, ես չգիտեմ, թե կոնկրետ որտեղ է թաքնվել տատիկս։ Եղել եմ Արեւմտյան  Հայաստանում (այժմ՝ Արեւելյան Անատոլիա), որտեղ ժամանակին հայեր են ապրել, իսկ ներկայումս՝ քրդեր, Կարսում, սակայն ոչ մի հասցե չեմ իմացել եւ չէի հասկանում, թե ինչ փնտրեմ։ Մեկ այլ քաղաքում՝ Վանում, իմ ընկերուհի Նունեն անգամ գտավ այն թաղամասը, որտեղ մեծացել է իր մեծ տատիկը, սակայն հորս կողմի իմ արմատները ես գրեթե չգիտեմ. շատ ցավալի է։ Իսկ մայրիկիս կողմից գրեթե բոլորին ճանաչում եմ, բայց նրանք Երեւանից են ու Օշականից։ 

Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում, 1974թ-ին մեկնել եմ Հայաստանից եւ այդ ժամանակից ի վեր գրեթե ամեն տարի եղել եմ այնտեղ, երբ ծնողներս դեռ կենդանի էին։ Վերջերս հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նորից վերադարձա Երեւան. կարծում էի, որ մի քանի ամիս զբաղված կլինեմ «Ինտերնյուս Հայաստան» նախագծով, բայց այն երեք տարի տեւեց։ Հայաստանն իմ հայրենիքն է, որտեղ ինձ հիանալի եմ զգում։ Բայց չէի կարողանա այնտեղ երկար ապրել. ինձ պակասում են մասշտաբը, ընկերները, որոշակի կոսմոպոլիտիզմը եւ աշխարհին ավելի ընդգրկուն հայացքով նայելը։ Ես սիրում եմ երկիրս, հպարտանում, բայց միաժամանակ քննադատորեն եմ մոտենում։

Ես միանգամայն խորհրդային երեխա էի՝ չնայած ազատ ընտանիքում եմ մեծացել։ Ծնողներս բաժանվել են, երբ ես առաջին դասարանում էի սովորում։  Իմ կյանքում հայտնված խորթ հոր եւ մոր շնորհիվ այնպիսի զգացողություն էր առաջացել, որ մեր ընտանիքը մեծացել է. տատիկներն ու պապիկները շատացել էին։

Ծնողներս ազատամիտ մարդիկ էին։

Երբ համադասարանցիներիցս դեռ ոչ մեկը չէր լսել Սոլժենիցին ազգանունը, խորթ հայրս թաքուն ինձ տվել էր «Քաղցկեղի մասնաշենք» գիրքը, «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» ռադիո էր միացնում, որ լսեմ, որպեսզի կարողանամ համեմատել եվրոպական եւ ամերիկյան մոտեցումները։ Իսկ հայրս Երեւանի թատրոնի տնօրեն էր, կազմակերպում էր մոսկովյան թատրոնների շրջագայությունները Երեւանում. այնպես որ մանկությունս հետաքրքիր եւ երջանիկ է դասավորվել։

Երբ եկա Մոսկվա (ամուսինս ռուս է, ծանոթացել ենք Սեւ ծովի ափին՝ Աբխազիայում, եւ տաս օրից ամուսնացել), շատ էի ուզում մոսկվացի դառնալ եւ միանալ մոսկովյան կյանքին։ Սփյուռքի եւ հայերի հետ հատուկ կապ չունեի, բայց մեր բնակարանում մշտապես գիշերում էին ընկերների ծանոթների ծանոթները Երեւանից։ Երբ անծանոթ շրջապատում ասում եմ, որ հայ եմ՝ Մոսկվայից, անպայման գտնվում է մեկը, ով հայ ընկեր ունի, այնուհետեւ պարզվում է, որ ընդհանուր ծանոթների միջոցով բոլորն իրար ճանաչում են: Չնայած մենք 13 միլիոն ենք, ինչպես ասում են, բայց մենք փոքր ազգ ենք։

Մյուս կողմից՝ որտեղ էլ որ լինեմ, ամենուր հայերի եմ հանդիպում։ Փարիզում, որտեղ ապրել եմ մի քանի տարի, լինում էր, որ պատահական տաքսի էի նստում, իսկ վարորդը հայ էր։ Մի օր գործուղման էի գնացել Կալկաթա։ Ինձ հասարակ հյուրանոցում էին տեղավորել, առավոտյան նկատեցի, որ դիմացը գտնվող շենքի վրա հայերեն տառեր են։ Պարզվեց, որ հայկական դպրոց է Կալկաթայում։ Գնացի այնտեղ, ծանոթացա ուսուցչուհու հետ: Երեւանցի երիտասարդ աղջիկը պատմեց, որ Կալկաթայում հայկական սփյուռք կա, եւ նրանք դպրոց են հիմնել, երեխաներին լեզու են սովորեցնում։ Ցնցո ՜ղ է։

Հայերը նոր պայմաններում հարմարվելու զարմանալի ունակություն ունեն։

Իսկ երբ, օրինակ, իմանում ես, որ տոմոգրաֆիկ սարքն ստեղծել է ազգությամբ հայ Ռեյմոնդ Դամադյանը, հպարտությունդ չափ ու սահման չունի։ Փոքր ազգերին ներելի է մի փոքր պարծենկոտությունը։

Չեմ կարող ասել, որ ես հարյուր տոկոսանոց հայ եմ՝ վերջապես կյանքիս երկու երրորդն ապրել եմ Մոսկվայում։ Բայց հայրենիքիս հետ կապը չեմ կորցրել։ Տղաս, որ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ռուս, ամեն ամառ մեկնում էր տատիկի մոտ՝ Հայաստան, եւ հայերենով քիչ թե շատ խոսում է։ Ընտանիքս սիրում է հայկական ճաշատեսակներ, եւ մենք պատրաստում ենք դրանք, նշում հայկական տոները։ Հպարտանում եմ, երբ ինչ-որ մարդ եմ բերում Հայաստան։ Կարող եմ անընդմեջ պատմել հայկական ուտելիքի, երաժշտության, մշակույթի մասին, ցույց տալ սիրված սարերը։ Ինչպիսի ՜ հնագույն պատմություն, ճարտարապետություն ունենք, որքա ՜ն շատ բան է պահպանվել։ Երբ հերթական ընկերներիս տանում եմ Գեղարդ, երեւանցի ընկերներս ասում են, որ ես ավելի հաճախ եմ այնտեղ լինում, քան նրանք՝ Հայաստանում ապրողները։ Ես դրանից հաճույք եմ ստանում։

Երեւանում ես երջանիկ էի, արտակարգ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք. Հայաստանում մենք զարգացնում էինք նոր մեդիաներ, զբաղվում էինք տարեց մարդկանց համակարգչային կրթությամբ եւ վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, լրագրողների էինք սովորեցնում եւ բլոգերների համար տարբեր ծրագրեր էինք անում։ Երեւանում ապրելը հեշտ է՝ ամեն ինչ շատ մոտ է, համեղ ու մատչելի։ Այնտեղ շատ ավելի հարմարավետ է, քան Մոսկվայում՝ ընկերուհուդ հետ հանդիպելու ու սրճելու համար պետք չէ երկուսուկես ժամ առաջ տանից դուրս գալ։ Մյուս կողմից դա մոտ հորիզոն է։ Ցավոք սրտի, Հայաստանը շատ է կենտրոնացած իր վրա։ Այն մի ազգով երկիր է, որին իրենից բացի քիչ բան է հետաքրքրում։ 

Ինչ-որ իմաստով հենց այդ համախմբվածությունն է պահպանել փոքր Հայաստանն իրեն բաժին հասած բոլոր դժբախտություններից հետո։ Սակայն այսօր, երբ աշխարհն այդչափ փոխվել է, մեծացել է տեղեկատվական տարածությունը, առաջացել են նոր տեխնոլոգիաներ, ճամփորդելու, շատ ավելի բաց կյանքով ապրելու հնարավորություն, աշխարհի հանդեպ հայացքը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի ներս՝ անցյալը, որ ողբերգական է եղել, այլ դեպի ապագան, որը կառուցել է պետք։

Հայաստանն այսօր շատ հակասական է։

Օրինակ՝ վերջերս Երեւանում բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի համարժեքը Ռուսաստանում դեռեւս չկա։ Այնտեղ 10-15 տարեկան երեխաներն անվճար սովորում են նոր տեխնոլոգիաներ, դիզայն, համակարգչի հետ աշխատանք (ճիշտ որոնումից սկսած մինչեւ անիմացիա, աուդիո եւ վիդեո ձայնագրում, մոնտաժ)։ Այս նախագիծը հայեր են ստեղծել՝ Ամերիկայում ապրող մի զույգ։ Սեփական փողերով կառուցել են գերժամանակակից շենք, որի վերեւի հարկերը վարձով են տրվում։ Վարձակալությունից ստացված եկամտով պահում են դպրոցը։ Դա հիանալի է։ Այժմ մենք նստած զրուցում ենք, ու այս ձայնագրիչի կամ հեռախոսի մեջ կա մի պլատա, որը գուցե հայ ծրագրավորողներն են ստեղծել՝ նրանք հայտնի են ամբողջ աշխարհում։ Պատմականորեն այդպես է ստացվել՝ Երեւանում էին արտադրում առաջին խորհրդային համակարգիչները։

Իսկ ժամանակակից կենտրոնների հարեւանությամբ Երեւանում գտնվում են կեղտոտ մուտքերով եւ վերելակներով շենքեր, ամենուր աղբ է։ Աղքատների թիվը շատ մեծ է։ Բացի դրանից, այնտեղ բարդ կլիմայական պայմաններ են եւ հողագործությունը եւս բարդ է։ Այս առիթով մի հին առակ կա. երբ Աստված հողեր էր բաժանում, վրացիներն ու հայերն ինչ-որ տեղ քեֆ էին անում եւ ուշացան, վերջինը եկան։ Աստված վրացիներին տվեց վերջին հողակտորը, որ իր համար էր թողել, իսկ հայերի համար ոչինչ չմնաց։ Բայց ապրելու ինչ-որ վայր էր հարկավոր, եւ Աստված նրանց բաժին հանեց այն հողակտորը, ուր երկրագունդը մաքրելիս լցրել էր քարերը։ Հայաստանը հաճախ քարերի երկիր են անվանում։ Անգամ հիանալի ծիրան եւ լոլիկ աճեցնելու դեպքում, դժվար է դրանք երկրից արտահանել եւ վաճառել արտաքին շուկաներում։ Տնտեսությունը սերտ կապված է քաղաքականության հետ։ Զարգացման համար անհրաժեշտ է պայմանավորվել, խոսել։

Հայերից շատ բան արժե սովորել։ Օրինակ՝ ավանդական ընտանեկան հարաբերություններ, որտեղ երեխաներին ազատություն է տրվում։ Ծեր մարդկանց հետ զարմանալի վարվելաձեւ, որը պակասում է ռուս մարդուն։ Հյուրասիրություն եւ հյուրի նկատմամբ ուշադրություն, տոները նշելու ունակություն՝ անկեղծ, հաճույքով եւ ուրախությամբ։ Գրքերի հանդեպ վեհ սեր, լեզվի հանդեպ լուրջ վերաբերմունք՝ այս ամենն ազգին թույլ է տվել գոյատեւել թշնամիների շրջապատում։ Այժմ հայոց լեզուն զարգանում է, այն ազատվել է խորհրդային բառապաշարից եւ փոխառություններից. մանկությանս օրերին պոմիդորը միշտ պոմիդոր էր, իսկ այժմ դրան հայերեն բառով են անվանում՝ լոլիկ, եւ այդպես բոլոր ասպարեզներում։ Բազմաթիվ բառեր պետք է նորից սովորել։ 

Մանանա Ասլամազյան. Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր, «Կրթված Մեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար: 

Weight: 
-38
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Համերաշխության եւ նորարարության մասին