Անդրեա Մարտինը «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» ներկայացման մեջ Լյուսիի կերպարում |
Վերադարձ արմատներին
Անդրեայի հոր, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամների համար Հայաստանը հեռավոր մի կետ էր, որից հարկավոր էր խուսափել, սարսափելի անցյալ՝ առանց ապագայի։ Երեխա ժամանակ Անդրեան շատ քիչ բան գիտեր Հայաստանի մասին։ Ջոզեֆ Փապպ թատրոնում մեկ դերասանուհու ներկայացմանը նախապատրաստվելու ընթացքում էր, որ Մարտինը ձեռնամուխ եղավ ուսումնասիրելու Հայաստանն ու հայոց պատմությունը։ Երբ 1991-ի վերջին նա հայտարարեց, որ պատրաստվում է այցելել նոր-նոր ձեւավորվող Հայաստանի Հանրապետություն, նրա հայրը բացականչեց. «Աստվա՜ծ իմ, Անդրե՛ա։ Ինչո՞ւ ես ուզում այնտեղ գնալ»։ Նրա մտքում Հայաստանը դեռ խորհրդանշում էր 1915 թվականին իր ընտանիքի կրած դժվարությունները։
Ինչպես եւ իրենց սիրելիներին ցեղասպանության ընթացքում կորցրած մյուս բոլոր ընտանիքները, Մարտինների ընտանիքն էլ փորձում էր մոռանալ անցյալն ու առաջ շարժվել. թեմա, որ Ամերիկայում հայկական դաստիարակության առանձնահատկությունները քննարկելիս առաջ էին մղում Փիթեր Բալաքյանը, Էրիկ Պոգոսյանն ու այլք։ Առայսօր Անդրեան շատ քիչ բան գիտի այն իրադարձությունների մասին, որոնց միջով անցել է իր ընտանիքը ցեղասպանության տարիներին։ «Ես միշտ գիտակցում էի, որ իմ ընտանիքը, հայկական շատ այլ ընտանիքների պես, կազմված է ցեղասպանությունը վերապրած մարդկանցից»,- ասում է նա։
Անդրեան 1991 թվականի իր ճամփորդությանն է վերագրում իր մեջ իր անցյալի ու ազգային ծագման նկատմամբ հպարտության եւ սեփականության զգացումների արմատավորումը (այդ ժամանակ Հայաստանում դեռ թարմ էին մահաբեր երկրաշարժի հետեւանքները, եւ մեկնարկել էր պատերազմական վիճակը կապված Լեռնային Ղարաբաղի հետ)։ Թեպետ շուրջբոլորը սփռված աղքատությունից ու կարիքից ճնշված՝ նա միաժամանակ նաեւ շատ զգացված էր իր նկատմամբ հայերի ցուցաբերած մարդկային բարությունից ու հյուրընկալությունից։
Այսօր Մարտինն իր ժամանակը բաշխում է Նյու Յորքի եւ Տորոնտոյի ու Լոս Անջելեսի միջեւ, որտեղ բնակվում են իր երկու որդիները։ Վերջերս նա դարձավ տատիկ, երբ ծնվեց առաջին թոռնուհին՝ Քլոե Հելենա Դոլմանը։ Ու լինի դա 60 տարեկանում ճոճաձողով թռչել սովորելը «Պիպինում», թե քաղցկեղից իր լավագույն ընկերոջ ողբերգական մահն ապրելը, նա համոզված է, որ ընկերները, ընտանիքն ու խելառ արկածների իր ձգտումն են օգնում աննկուն առաջ գնալ։ Այժմ նա Բրոդվեյի «Roundabout» թատերական ընկերությունում խաղում է Մայքլ Ֆրեյնի «Դադարեցրե՛ք աղմուկը» (Noises Off!) հիթային կատակերգությունում, ինչպես նաեւ նկարահանվում է «Իմ մեծ չաղ հունական հարսանիքը» ֆիլմի հաջորդ մասում, որն էկրան կբարձրանա 2016 թվականի մարտին։