Սառա Քորնինգ
Ինչպես փորագրված է նրա տապանաքարին՝ Սառա Քորնինգն «ապրեց ուրիշներին ծառայելու համար»։
Քորնինգը ծնվել է 1872թ. հարավ-արեւելյան Կանադայում, բուժքրոջ դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալրել ԱՄՆ Կարմիր Խաչի շարքերը։ Հայոց ցեղասպանությանն ու դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից։ Ինչպես հետագայում նշել է Քորնինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարեկցանքը թելադրված էր գործնական մոտեցմամբ»։
1921 թվականին Քորնինգը ժամանում է Թուրքիա՝ գլխավորելու Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Հաջորդ տարի քեմալական բանակը գրավում է Զմյուռնիա նավահանգիստը՝ խուճապի մատնելով հույն բնակչությանն ու այնտեղ ապաստանած հայ գաղթականներին։ Քորնինգն անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին (Near East Relief) եւ Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքն ուղեւորվող ամերիկյան ռազմանավերից մեկը։
Ամերիկյան ռազմանավերով Քորնինգն այս երեխաների հետ ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց եւ նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։ Մեզ հասել է մի լուսանկար, որտեղ Հունաստանի բլուրներից մեկի լանջին երեխաները խումբ են կազմել արտասանելու Առ Կորնթացիս Բ, 1:8, որում ասվում է. «Քանզի ոչ կամիմ տգէտ լինել ձեզ եղբարք՝ վասն նեղութեան մերոյ եղելոյ յԱսիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչեւ անյոյս լինելոյ մեզ եւ ի կենաց» (Քանզի չեմ ցանկանում, որ դուք, եղբայրներ, անտեղյակ լինեք Ասիայում մեր կրած նեղություններից. տառապեցինք մեր կարողությունից առավել, մինչեւ կորցրինք ապրելու հույսն անգամ)։
1923 թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ՝ պարգեւատրելու պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Հաջորդ տարի Սառան վերադառնում է Թուրքիա եւ մինչեւ թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ վերադառնում է Կանադայի իր հայրական տունը, որտեղ էլ ապրում է մինչեւ 97 տարեկանը՝ մահանալով 1969թ.։
Սառա Քորնինգի ամենատարածված լուսանկարներից մեկը պատկերում է մաքրակենցաղ բուժքրոջ հագուստով եւ ձեւավոր գլխադիրով մի գեղեցիկ կնոջ՝ թեթեւ ժպիտը դեմքին։ Հանդարտ եւ կարեկցող հայացքի խորքում կարելի է նշմարել նրա երկաթյա կամքի փայլը։
*Նկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Կանադայի Յարմութի կոմսության թանգարանի
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: