Փիթեր Բալաքյան

Armenian
Intro: 
Բանաստեղծ, հուշագրող եւ գիտնական Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի եւ մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սեւ շունը» (Black Dog of Fate) բեսթսելլերն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի եւ համարվում է ամերիկահայերի երիտասարդ սերնդին սեփական արմատների վերաբացահայտմանն ուղղորդող լավագույն գործերից մեկը։
Weight: 
-133
Related content: 
Story elements: 
Text: 
Բանաստեղծ, հուշագրող եւ գիտնական Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի եւ մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սեւ շունը» (Black Dog of Fate) բեսթսելլերն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի եւ համարվում է ամերիկահայերի երիտասարդ սերնդին սեփական արմատների վերաբացահայտմանն ուղղորդող լավագույն գործերից մեկը։
Text: 

Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի՝ ընդգրկվելով New York Times թերթի բեսթսելերների ցանկում։ Տեր Գրիգորիս Եպիսկոպոս Պալաքյանի «Հայ Գողգողթան» գրքի նրա թարգմանությունը (երջանկահիշատակ Արիս Սեւակի հետ) համեմատվում է Հոլոքոստի վերաբերյալ Էլի Վիզելի եւ Պրիմո Լեւիի հուշագրությունների հետ։

Փիթեր Բալաքյանն ունի ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում փիլիսոփայության դոկտորի կոչում (Բրաունի համալսարան) եւ 1980թ. ի վեր դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, որտեղ այժմ անգլերենի ֆակուլտետում հումանիտար գիտությունների պրոֆեսոր է եւ ստեղծագործական գրավոր խոսքի կենտրոնի տնօրենը։ Եղել է Քոլգեյթի համալսարանի Էթիկայի եւ աշխարհի հասարակությունների կենտրոնի առաջին տնօրենը։

Հալեպ՝ հայերի փրկության հանգրվան 

Բալաքյանի մորական տատը՝ Նաֆինա Շեքերլեմեջյանը (հետագայում՝ Արուսյան), դիարբեքիրցի ունեւոր ընտանիքից էր եւ 1915-ի հայկական տեղահանությունների ժամանակ հաջողել էր փրկվել մահից։ Նաֆինայի ողջ ընտանիքը, ամուսնուց ու փոքրիկ երեխաներից բացի, սպանվել է 1915-ի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Ողջ մնացած համերկրացի հայերի հետ Նաֆինային եւս ստիպում են հարյուրավոր կիլոմետրեր քայլել հարավարեւելյան Անատոլիայի չոր տարածքներով։ Կիզիչ արեւն էր դեպի Սիրիայի արեւելքի Դեր Զորի անապատ նրանց հարկադրված երթի ուղեկիցը։ Նաֆինայի ամուսինը մահանում է ճանապարհին։

Անգամ նրանք, ովքեր ճանապարհին կարողացան խուսափել սպանվելուց, առեւանգվելուց եւ բռնաբարությունից, տեղ հասնելուց հետո էլ գոյատեւման ոչ մի երաշխիք չունեին։

Դեր Զորում սովից ու հիվանդությունից մահացավ կամ պարզապես սպանվեց 400 հազար մարդ։

Սակայն նույն այդ Սիրիայում էր, որ մի շարք հայ նվիրյալ հոգեւորականների եւ ամերիկյան ու եվրոպական մի քանի դիվանագետի եւ միսիոների կողմից բացված որբանոցների շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացան գոյատեւել։ Հալեպը միշտ եղել էր սփյուռքի կարեւոր կենտրոններից մեկը, եւ այնտեղ բազմաթիվ հայեր էին ապրում։ Երբ 25 տարեկան Նաֆինան դուստրերի՝ Գլեդիսի եւ Էլիսի հետ հասավ Հալեպ, Սիրիայի ամենամեծ քաղաքն արդեն լի էր 100 հազար հայ գաղթականներով, որոնց մեծ մասը մահանում էր սովից, տիֆից կամ մալարիայից։

Image: 
Text: 

              Նաֆինա Շեքերլեմեջյան-Չիլինգարյանը դուստրերի՝ Գլեդիսի եւ Էլիսի հետ

 

Հալեպ ժամանելուց շատ չանցած՝ Նաֆինան եւս հիվանդացավ տիֆով ու տեղի հիվանդանոցներից մեկում հայտնվեց մահվան շեմին։ Նրա դուստրերն անօգնական հետեւում էին, սակայն Նաֆինան, թվում էր, ապրելու գերբնական կամք ուներ։ Ապաքինվելով եւ աշխատելով որպես դերձակ՝ նա շարունակեց խնամել ու մեծացնել դուստրերին։ Որոշ ժամանակ անց նա միացավ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցուն կից հայկական դպրոցի աղջիկներին։ «Այս հայ հոգեւորականները,– ասում է Բալաքյանը,– մեծ հերոսություն կատարեցին՝ ողջ մնացած երեխաների համար որբանոցներ բացելով։ Ինչ-որ իմաստով նրանք, կարելի է ասել, վճռորոշ դեր կատարեցին հայերի մի ամբողջ սերունդ փրկելու գործում»։

 

Նաֆինան Մերձավոր Արեւելքում այլեւս ընտանիք չուներ, իսկ Սիրիայում կյանքի պայմանները գնալով վատթարանում էին։ Որ կողմը պտտվում էր՝ սոսկ մահ էր ու կործանում. ընտանիքներ ու գերդաստաններ էին կոտորվել, հազարամյա գյուղեր սրբվել էին երկրի երեսից։ Տիֆն ու մալարիան հնձում էին մնացած հայ կանանց ու երեխաներին։ Ինչպե՞ս կարող էր իր ընտանիքը դուրս գալ Հալեպից։

Նաֆինան իմացավ, որ Ջեսսի Ջեքսոնը՝ ամերիկյան հյուպատոսը, որը հայտնի էր իր մարդկային եւ բարոյական բարձր նկարագրով, օգնում է հայերին։ Մի քանի անգամ նա հեռագրեր էր ուղարկել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին՝ նրան իրազեկելով զանգվածային սպանությունների եւ այլ ոճրագործությունների մասին։ Նա Միացյալ Նահանգներին հորդորում էր միջամտել եւ ֆինանսական կամ այլ օգնություն տրամադրել ողջ մնացածներին. «Ես փորձում եմ ողջ պահել շրջակա քաղաքներում ապաստանածներին, բայց դա սարսափելի դժվար գործ է, քանի որ օգնության միջոցները բաշխող շատ մարդկանց (թուրք ժանդարմները) ծեծելով սպանել են, շատերին՝ կախաղան հանել կամ գնդակահարել»,– Ջեսսի Ջեքսոնի խոսքերն է մեջբերում Բալաքյանն իր «Ճակատագրի սեւ շունը» գրքում։

Ուղղակիորեն կամ անուղղակի՝ Ջեքսոնը պատասխանատու էր անհամար հայ կյանքերի փրկության համար։ Նաֆինան նրան դիմեց խնդրանքով։

1916թ. սեպտեմբերի 11-ի նամակում Ջեքսոնը գրում է Բոստոն՝ Նաֆինայի տեգրոջը՝ Ֆրենկ Բասմաջյանին.

«Հարգելի պարոն,

Ձեր քույրը՝ Նաֆինա Շեքերլեմեջյանը, Հալեպում է եւ կարիքի մեջ լինելով՝ դիմել է ինձ, որ Ձեզ գրեմ եւ խնդրեմ իրեն մի քիչ փող ուղարկել, ինչը կարելի է անել Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանատան եւ դրա հյուպատոսարանի միջոցով՝ հեռագրով։

Հարգանքով՝
Ջ. Բ. Ջեքսոն, հյուպատոս»

Ջեքսոնի միջամտության շնորհիվ Նաֆինան հնարավորություն ստացավ կապ հաստատելու իր հանգուցյալ ամուսնու հարազատների՝ Բասմաջյանների հետ, որոնք բնակվում էին Միացյալ Նահանգներում։ Շուտով Նյու Ջերսիում ապրող նրա եղբորից (հորական կողմից)՝ Թովմաս Շեքերլեմեջյանից փող ստացվեց, ինչը Նաֆինային թույլ տվեց գոյատեւել վատագույն պայմաններում։ Թեպետ 1920թ. գարնանից անձնագիր ձեռք բերելը դժվարացել էր, նա սկսեց ծրագրել Ամերիկա իր մեկնումը։ Թովմասին ուղարկված նամակում Նաֆինան գրել է. «Խնդիրս շատ բարդ է, քանի որ մինչեւ ուշ գիշեր ստիպված եմ դեսուդեն գնալ անձնագիր ստանալու համար։ Ուր գնում եմ՝ միայն փող են ուզում։ Առաջ շատ հեշտ էր անձնագիր ստանալը, բայց հիմա ես ամենամեծ բարդությունների եմ բախվում ու դեռ չգիտեմ՝ կկարողանա՞մ վեր կենալ գնալ։ Սահմանների փակվելուց հետո ամեն տեղ վախ է։ Միայն Բեյրութի ճանապարհն է դեռեւս բաց, եւ անգամ դա կասկածելի է»։

 

Image: 
Image: 
Text: 

ԱՄՆ հյուպատոս Ջեսսի Ջեքսոնի օգնությամբ իր եւ երեխաների համար Նաֆինայի ձեռք բերած անձնագրի լուսանկարները։ Փաստաթղթի դարձերեսին գրված է. «Կրողը պարտավոր է ԱՄՆ մեկնել 1920թ. ապրիլի 30-ից հուլիսի 31-ը։ Ամերիկյան հյուպատոսություն, Հալեպ, Սիրիա, ապրիլի 26, 1920թ.»։ Փաստաթղթին Ջեսսի Ջեքսոնի ստորագրությունն է։

Ծանր աշխատանքի եւ երկաթյա կամքի շնորհիվ Նաֆինան ժամանում է Ամերիկա, որտեղ, վերջապես, բարօրության է հասնում եւ ստեղծում հայկական սփյուռքի ամենաականավոր ընտանիքներից մեկը։ 

«Ինձ համար տատիս պարգեւն անգնահատելի է։ Նախ, հակառակ ամենի՝ նա մեզ հասցրեց այստեղ։ Հետո, ինձ համար՝ որպես գրողի, նրա փոխանցածը առանցքային է եղել իմ կյանքում,- ասում է Բալաքյանը,- նա ինձ փոխանցել է իր հետցնցումային մտքի ու փորձառության ողջ գունապնակը, ժողովրդական հեքիաթների, երազների ու ծածկագրված խորհրդանիշների միջոցով փոխանցել է վերապրումի իր փորձառությունը: Եվ նրա անվերապահ սերը եղել է իմ կյանքի հենքը։ Բայց առանց օգնության եւ ինչ-որ առումով՝ հաջողության, նա այդ ամենին հասած չէր լինի»։

ԱՄՆ հյուպատոս Ջեսսի Ջեքսոնի մարդասիրությունը բացառիկ նշանակություն է ունեցել տատիս փրկության հարցում։ «Նրա միջնորդությամբ է հնարավոր դարձել տատիս ուղին դեպի Արեւմուտք՝ Ամերիկա։ Սա ցույց է տալիս, որ կողմնակի անձինք կարող են էապես նպաստել դրական փոփոխությանը, որ կյանքեր են փրկում իրենց բարոյական բնազդներով առաջնորդվող անհատները»,– ասում է Բալաքյանը։

Հիմա՝ 100 տարի անց, երբ ռումբերն անձրեւի պես թափվում են Հալեպի վրա՝ կործանելով Սիրիայի երբեմնի 150 հազարանոց ծաղկուն հայ համայնքը, ինչպես եւ մնացյալ Սիրիան, կարեւոր է հիշել, որ 1915-1923թթ. Հալեպը մեկ այլ արհավիրքի թատերաբեմ է եղել։ Եվ թերեւս հենց հիմա տեղին է հիշել բոլոր այն խիզախ մարդկանց, որոնք օգնեցին հայության մի ամբողջ սերնդի վերապրել ցեղասպանությունն ու պահպանել Արեւմտյան Հայաստանի մի բեկորը՝ իր 2.500 տարեկան մշակույթով։ Բարոյականության այս ոգին էր, որ 1915թ. փրկեց Նաֆինա Շեքերլեմեջյանին։ Այդ նույն ոգու կարիքն է զգացվում այսօր՝ առավել, քան երբեւէ։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Հաջողակ գրողը՝ իր տատիկի անգնահատելի պարգեւի մասին
Story number: 
191
Header image: