Հարավային Ամերիկայով մեր սրընթաց ուղեւորությունն Անդերի վրայով տանում է Չիլի։ Հարավային Ամերիկայի հարավ-արեւմտյան հատվածը, որը տեղաբնիկների լեզվով կոչվել է Չիլի, 19-րդ դարի վերջերից սկսած տուն է դարձել բազմաթիվ ներգաղթյալների համար, եւ բացառություն չեն եղել հայերը։
Օսմանյան կայսրությունում 1915-ից մինչեւ 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայեր բարձրացան նավեր, որոնք պիտի նրանց հասցնեին Ամերիկա՝ «խաղաղության երկիր»։ Սակայն շատերը չգիտեին, թե իրականում որ երկրում են խարիսխ գցելու։ Նրանք հայտնվեցին Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում եւ Չիլիում։ Ենթադրվում է, որ առաջին հայերը բնակություն են հաստատել Յայ-Յայ (Llay-Llay) փոքրիկ քաղաքում, քանի որ այն գտնվում էր Վալպարաիսո նավահանգստի մոտ։ Ինչպես յուրաքանչյուր մայրաքաղաք, Սանտյագոն եւս աստիճանաբար զարգանում էր, եւ շատերն էլ հաստատվեցին այնտեղ։
Հայերը եկան մնալու, եւ հայկական հռչակավոր ոգելից խմիչքն աննկատ չմնաց այս կողմերում։ Ե՛ւ բանաստեղծ Պաբլո Ներուդան, ե՛ւ նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեն հայկական կոնյակի մեծ սիրահար էին։
Նոր տուն
Ցեղասպանությունից փրկված եւ, ինչպես Պաբլո Ներուդան է նկարագրում իր երկիրը՝ «ծովի, գինու ու ձյան երկար ծաղկաթերթի» վրա բնակություն հաստատած առաջին հայ ընտանիքներից մեկը 1923թ. եկած Բալոյանների ընտանիքն էր։ Տարիների ընթացքում հայերի թիվն աստիճանաբար աճեց։ 1940-ական թվականներին Չիլիի կառավարությունը խրախուսում էր ներգաղթը՝ ավելի ու ավելի շատ հայերի գրավելով դեպի երկիր։
Այդ տարիներին Անդրանիկ Բալոյանը հաջողակ գործարար էր, որն, այնուամենայնիվ, խորապես սիրում էր իր հայրենիքը։ «Հայրս գնաց հայ փնտրելու Ազգային մարզադաշտում, որտեղ կառավարությունը տեղավորել էր էմիգրանտներին, եւ նրանց բերեց տուն։ Սրահում ամենուր ներքնակներ էին փռված։ Նա նրանց ապաստան ու աշխատանք տվեց ֆաբրիկայում»,– հիշում է Նաչոն՝ Անդրանիկի որդին։ Հայկական պաշտոնական կազմակերպություն դեռեւս չկար, եւ Անդրանիկը հայերին միասնական պահելու համար իր գործարանի սրահներից մեկում Սուրբ սեղան կառուցեց։ Այսպես ձեւավորվեց Չիլիի հայ համայնքը։ «Մեր համայնքը երիտասարդներն են կազմակերպել»,– ասում է Նաչոն։ Իսկ ստեղծվեց նաեւ «Հայ տունը», որն ի սկզբանե նախատեսված էր որպես հայերի հանդիպման վայր։
Հայ համայնքի կարեւորագույն հիմնադիրներից էր նաեւ Լորիս Բերգամալին՝ հայ ներգաղթյալ, որը Չիլի է եկել 1935թ.։ «Հայ տունն» սկսեց երգչախումբ եւ հայկական դասարան պահել ու թատերական ներկայացումներ տալ։ Ի վերջո, այն վերածվեց հանրային ակումբի, որի ժառանգությունը կենսունակ է մինչ օրս։ Համայնքի ղեկավար կազմի անդամներ Էմիլիա Ալմարզա Նազարն ու Ֆեդերիկո Ֆոլկ Կույումջյանն ասում են, որ ներկայում «Հայ տունը» տարաբնույթ գործունեություն է իրականացնում, այդ թվում՝ մատուցում է հայկական պատարագ, նշում հայկական տոները, անցկացնում հայերենի դասեր, սպորտային եւ մշակութային պարապմունքներ, հայկական խոհարարական դասընթացներ, ունի երգչախումբ, որը հայկական երաժշտություն է կատարում ժողովրդական եւ դասական նվագարանների նվագակցությամբ, եւ այլն։