Գոռ Նահապետյան. «Հոգով ես Հայաստանում եմ»

Armenian

Հոգով ես Հայաստանում եմ ապրում, սրտով՝ Ռուսաստանում։ Հայրենիքս կարոտելու ժամանակ չունեմ. այնտեղ հաճախ եմ լինում, մասնակցում եմ երկրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախագծերի։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն ինչ անել երկիրն ավելի լավը դարձնելու համար։

Հայերի առաձնահատկություններից մեկը ցանկացած իրավիճակին հարմարվելն է։ Պատմությունը մեզ դա է սովորեցրել։ Մենք կարողանում ենք գոյատեւել դժվարին պայմաններում, միշտ պատրաստ ենք բաստուրման փաթաթել լավաշի մեջ եւ երկար ճամփա ընկնել։

Ես ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը «կիրառական մաթեմատիկա»  մասնագիտացմամբ, ապա՝ ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան։ Սովորելիս հաջողացրել եմ նաեւ վաստակել՝ շոու-բիզնեսում ինչ-որ ծրագրեր կային, դարձել եմ «Շարմ հոլդինգի» համահիմնադիրներից մեկը։ Այն օրերին կոոպերատիվ շարժումը դեռ նոր էր թափ առնում։

1992թ. ես՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբի երիտասարդ անդամս, մասնակցեցի «Սեր առաջին հայացքից» հեռուստածրագրին։ Նախապես ծրագրել էի Մոսկվայում երկու օր մնալ, բայց անցկացրի ամբողջ կյանքս։ Հայտնվելով Ռուսաստանի մայրաքաղաքում՝ զանգահարեցի Ռուբեն Վարդանյանին եւ խնդրեցի ինձ օժանդակել։ Այդպես հայտնվեցի Փիթեր Դերբիի՝ «Դիալոգ բանկի» ղեկավարի մոտ հարցազրույցի եւ ընդունվեցի աշխատանքի։

Երեվանը հոգի եվ ավանդույթներ ունեցող քաղաք է։

Իսկ Մոսկվան՝ ոչ. այն մեգապոլիս է։ Կենտրոնի եւ ծայրամասերի բնակիչները միանգամայն տարբեր ենթամշակույթների են պատկանում։ Մայրաքաղաքը եռացող կաթսայի նման է: Այն մեծ հույսերի եւ հնարավորությունների քաղաք է։ Մոսկվայում յուրաքանչյուրի հավակնությունները կարող են իրականություն դառնալ։

«Երեւան փրոդաքշն» ընկերության հենքի վրա մենք նախագծեր ենք իրականացնում՝ ուղղված Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը։ Մենք խմբային ֆինանսավորում (crowdfunding) ենք իրականացրել այն ժամանակ, երբ այն դեռ քչերին էր հայտնի։ Օրինակ՝ մի անգամ ընկերական շրջանակում կոչ արեցինք ու գումար հավաքեցինք Սասունցի Դավթի արձանի եւ քաղաքով մեկ ցրված ցայտաղբյուրների վերանորոգման համար։ Ապա նախագիծ սկսեցինք Երեւանի քաղաքապետարանի հետ, որը երիտասարդ նկարիչներին քաղաքի կամարները նկարազարդելու եւ քաղաքն ավելի մաքուր եւ ուրախ դարձնելու հնարավորություն ընձեռեց։ Մանչեսթեր Յունայթեդի նախկին ղեկավարի մասին գիրք հրատարակեցինք եւ բաժանեցինք երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստներին՝ ոգեւորելու նրանց Ալեքս Ֆերգյուսոնի առաջնորդող փորձով։ Մեր հովանավորությամբ անցկացվեց «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնը, եւ ավելի քան 20 համերգ տրվեց աշխարհահռչակ երաժիշտների՝ Վալերի Գեորգիեւի, Պլասիդո Դոմինգոյի, Ջորջ Բենսոնի, Լարա Ֆաբիանի եւ այլոց մասնակցությամբ։

Նախագծերից մեկը, որով հիմա զբաղվում ենք «Փողոցային մարզումներ» (Street workout) կոչվող սպորտաձեւն է։ Փորձում ենք առաջ մղել այն, ուզում ենք, որ առողջ սերունդ մեծանա, որը սպորտով է զբաղվում, այլ ոչ թե բակում նստած արեւածաղիկ «չրթում»։ Վերջերս մեր երիտասարդները փողոցային մարզումների՝ Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությանը գրավեցին հինգերորդ տեղը։

Մեկ այլ հետաքրքիր նախագիծ է «Հայկական նավիգատորը», որը նախաձեռնել ենք մեր ընկերների հետ միասին։ Ստեղծված հավելվածը ներբեռնելով եւ ձեր գտնվելու վայրն ընտրելով՝ կարող եք տեսնել, թե այդտեղ հայկական ինչ կառույցներ կան (հուշարձաններ, եկեղեցիներ, ռեստորաններ եւ անգամ խանութներ), եւ ավելին՝ ինչպես են դրանք ի հայտ եկել։ Մեր ցանկում արդեն հիսունից ավելի երկիր կա։

Ուժերիս կենտրոնն այնտեղ է, որտեղ ծնողներս են։

Եվ կարեւոր չէ, թե այդ պահին նրանք որտեղ են՝ երեւանյան բնակարանում, թե ամառանոցում։ Ես դա կոչում եմ «հողից լիցքավորում». գալիս ես Հայաստան, էներգիա ստանում եւ հեռանում ստեղծագործելու։

Հայաստանն ինչ-որ տեղ ինկուբատորի է նման։ Մենք ծնվում ենք այդ հողում, այնտեղ մեզանում որոշակի արժեքներ են սերմանվում։ Ապա հեռանում ենք, օտարության մեջ հաջողությունների հասնում եւ վերադառնում հայրենիքի զարգացմանը մեր ներդրումն ունենալու համար։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, ի վերջո, վերադառնում է հայրենիք՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե գործով կամ ուղերձով։

Հայերը հումորի հրաշալի զգացում ունեն, որը դժվար պահերին շատ է օգնում։ Ես շատ կցանկանայի, որ այդ հատկությունը մեզանում ավելի ու ավելի զարգանար։ Ինքն իր վրա ծիծաղելու ունակ ազգն անպարտելի է։

Երբ որեւէ հայ ինձ զանգահարում եւ օգնություն է խնդրում, ես նրան «ձուկը» չեմ տալիս, այլ փորձում եմ ձուկ որսալու կարթ գտնել՝ դուռ բացել, կապերով օգնել։ Ըստ էության, մենք՝ հայերս, ինչ-որ իմաստով «շրջանավարտների միավորում» ենք։ Օրինակ՝ Հարվարդի շրջանավարտների մոտ մի կարգ կա. անծանոթ քաղաք ընկնելով՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է հույս դնել կուրսեցիների օգնության վրա։ Ես ուզում եմ հպարտորեն կրել այդ «նշանը», որ գիտեմ հայերի միավորման հիմնն ու լեզուն։ Ես ուզում օգնել հայերին, հզորացնել նրանց։ Մենք հաղթող ազգ ենք։

Ինձ ու ընկերներիս  շատ է մտահոգում, որ ցեղասպանությունը դարձել է հայությանը միավորող միակ ձգողական ուժը։ Մենք շատ կուզենայինք գտնել մեկ այլ կետ, որը կհամախմբեր մեզ ու կտաներ հաղթանակների։ Ցեղասպանության հարյուրամյակը որոշակի շրջափուլի ավարտ է, ինչից հետո պատմական հիշողությունը գնալով թուլանալու է։ Հետագա սերունդներն այնքան սուր չեն զգալու դրա սարսափը, որքան նրանք, ովքեր այդ պատմությունները լսել են արհավիրքը վերապրած ազգականների շուրթերից։

«Մուսա լեռան 40 օրը» վեպի թողած տպավորությունն ու արցունքները հիշում եմ մինչ օրս։ Ուզում էի գնել այն ու տալ ընտանիքիս անդամներին՝ ընթերցելու, բայց վաճառքում չգտա։ Ուստի, մի քանի տարի առաջ ընկերներով որոշեցինք ձեռք բերել «Մուսա լեռան 40 օրը» վեպի եւ օտարազգի հեղինակների կողմից ցեղասպանության մասին գրված մի քանի այլ գրքերի վերահրատարակման իրավունքները։

Ցեղասպանությունն ինձ համար պարտություն է։ Թուլության այդ կետը հայերիս հանգիստ չի տալիս եւ մենք շարունակ ձգտում ենք ապացուցել, որ ավելի ուժեղ ենք, արժանի ու կա մեր կարիքը։ Մշտապես մրցակցության մեջ ենք:  Ստեղծել ենք միջազգային բազմաթիվ բրենդեր։ Եվ մարդկանց մի պարզ բան ենք ուզում հասկացնել. հայ ժողովրդին ոչնչացնելով՝ թուրքերը փորձում էին ոչնչացնել «Սուսերով պարն» ու Արշիլ Գորկուն։

Ուզում եմ հայ լինելը դառնա շահեկան։

Ես ուզում եմ հպարտանալ հայությամբ, ուզում եմ, որ շահագրգռված լինեն մեզ հետ գործ ունենալ, գործարքներ կնքել, ընտանիք կազմել։ Ուզում եմ, որ մենք չամաչենք մեր ազգանուններից ու դադարենք դրանք հարմարեցնել օտարալեզու միջավայրին։

Մորական տատիս բոլորը Վանո-մամա էին կոչում։ Հանգստյան օրերին մեր ամբողջ ընտանիքը հավաքվում էր նրա տանը՝ երկար սեղանի շուրջ։ Վանո-մաման նստում էր սեղանի գլխին ու մեզ հեքիաթներ պատմում, պատմում էր նաեւ, թե մեկ տարեկան մեր պապի հետ ինչպես է փախչել Բայազետից։ Մինչ օրս պահում եմ այն ոսկյա կախազարդը, որը նրա հետ անցել է ցեղասպանության սարսափով։

Աղջիկս, երբ յոթ տարեկան էր, հարցրեց՝ ի՞նչ է հայրենիքը։

Մտածեցի ու պատասխանեցի՝ այն երկիրը, որի համար պատրաստ ես կյանքդ զոհաբերել։ Հայաստանի համար ես պատրաստ եմ։ Ռուսաստանի համար՝ ոչ, չնայած կյանքիս կեսն այստեղ եմ անցկացրել։ Միեւնույն ժամանակ սխալ եմ համարում հայրենասիրական ցուցամոլությունը։ Բառերով հայրենասեր չես դառնա, գործն է միայն, որ արժեք ունի։

Ես ուզում եմ ապացուցել, որ մենք՝ հայերս, եւս կարող ենք դրական փոփոխություններ բերել աշխարհին։ Հենց այս զգացողությունն է, որ ես փորձում եմ փոխանցել երեխաներիս։ Ես ուզում եմ, որ նրանք ավելի բաց լինեն։ Հիշողությունը պետք է պահպանել, որ նույնը չկրկնվի։ Բայց ցեղասպանության հիշողությամբ ապրելը, թշնամու հանդեպ ատելություն սերմանելը թույլի վիճակ է։ Իսկ մենք պետք է հաղթող սերունդ դաստիարակենք։

Գոռ Նահապետյան. ֆինանսիստ, ձեռներեց, հետաքրքրված է սոցիալական ձեռներեցությամբ եւ այլընտրանքային կրթությամբ: «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի անդամ է: Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել «Դիալոգ բանկում», «Սբերբանկում», «Տրոյկա Դիալոգ» եւ «Ռոսգոսստրախ» ընկերություններում: Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հիմնադիր անդամներից է:

Weight: 
-28
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Հաջողակ ֆինանսիստը՝ հաղթողների, բաստուրմայի ու հումորի մասին