Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր

Armenian

2015թ. սեպտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Բանաձեւը, որը ներկայացվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվեց կոնսենսուսով եւ արժանացավ ավելի քան 80 անդամ պետությունների աջակցությանը։ 

«Միլիոնավոր մարդկային կյանքեր են զոհ գնացել ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանություն հանցագործության հետեւանքով: Մարդկությունն այն իրագործելու կարողություն, ցավոք, ունեցել է»,- նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը բանաձեւի ընդունման իր ելույթում:

Արգենտինահայ Վերա Անուշ Նազարյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդականներից է եւ մշտական ներկայացուցչության կազմում նա առանցքային դեր է ունեցել բանաձեւի ընդունման հարցում։ «Այն պահին, երբ տեսա իմ դեսպանին ՄԱԿ-ի 83 անդամ պետությունների կողմից համահեղինակած բանաձեւը ներկայացնելիս, ինձ վրա իջնող խաղաղություն զգացի։ Համակվել էի նվաճման զգացումով, մեր նահատակների՝ գոյություն չունեցող գերեզմանների վրա խորհրդանշական քար դրած լինելու զգացումով», - ասաց նա։  

Դեկտեմբերի 9-ը պատահաբար չէ ընտրված. 1948թ. այդ օրը ՄԱԿ-ն ընդունել էր «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիան։ ՄԱԿ-ի ձեւակերպմամբ ցեղասպանությունը «հանցագործություն է, որն իրագործվում է ազգային, էթնիկական կամ կրոնական խմբի ներկայացուցիչ անդամների դեմ բացառապես այն պատճառով, որ նրանք այդ խմբի անդամ են հանդիսանում։ Ցեղասպանությունը նաեւ ենթադրում է որոշակի խմբի ոչնչացման մտադրությունը»։

Նոր բանաձեւը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը դիտարկել այդ միջազգային օրը, որպեսզի բարձրացվի 1948թ. ընդունված կոնվենցիայի մասին, նաեւ ցեղասպանության դեմ պայքարելու ու կանխարգելման հարցում վերջինիս դերի վերաբերյալ իրազեկության մակարդակը, ինչպես նաեւ ոգեկոչել ու հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Իշխանությունը եւ քաղաքական շահերը մարդկային էության ամենամութ կողմի հետ են երկխոսում, մենք ամեն օր դրա ականատեսն ենք։ Որոշակի ազգեր դեռեւս նշանակետում են, իսկ ցեղասպանությունները դեռեւս շարունակվում են իրագործվել։ Կարծում եմ՝ բոլորս պատասխանատվություն ենք կրում մարդկային ողբերգությունների համար, եթե այդ իրադարձությունների պարզապես պասիվ դիտորդներ ենք հանդիսանում։ Այս բանաձեւը կբարձրացնի մեր ժողովուրդներից շատերի կողմից կրած ողբերգությունների մասին իրազեկման մակարդակը եւ հնարավորություններ կստեղծի ցեղասպանությունը կանխարգելելու», - հավատում է Վերա Անուշ Նազարյանը։

2014 եւ 2015թթ. ընթացքում միջազգային հանրությունը նշել է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարեւոր տարելիցեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Օսվենցիմի (Աուշվիցի) ազատագրման 70-րդ տարելիցը, Քամբոջիայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաեւ Ռուանդայում, Սրեբրենիցայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում տեղի ունեցած ցեղասպանությունների 20-րդ տարելիցերը։

Լուսանկարում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը 
Weight: 
-123
Tags: 
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Հայաստանի մշտական ներկայացուցչության հաջողությունը ՄԱԿ-ում
Author: 
Eugenia Akopian