Լուսինե Ալեքսանյան

Armenian
Intro: 
Մեր ընտանիքի համար մեծագույն արժեք են եղել հայոց լեզուն, հայ մշակույթը եւ հայրենիք ունենալու հնարավորությունը՝ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մեծ նվաճում եմ համարում այն, որ մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները համարում են, որ իրենք պետք է ապրեն Հայաստանում եւ պետք է ամեն կերպ սատարեն մեր երկրի կայացմանը:
Weight: 
0
Related content: 
Story elements: 
Text: 
Մեր տատիկը՝ Եղիսաբեթը, Գառնիկյանների ընտանիքի ավագ դուստրն է, ծնվել է Արեւմտյան Հայաստանի Հերկերտ գյուղում: Մինչեւ 1915 թվականի դեպքերն ամուսնացած է եղել Ցրոնք գյուղի Սլոյի տան որդիներից մեկի հետ, ով պատերազմի ժամանակ ծառայել է օսմանյան բանակում եւ զոհվել: Իրենց գյուղի համար եղերական օրերին Եղիսաբեթը հայրական տանն էր:
 

Նա ականատես է եղել իրենց գյուղացիների ու հարազատների ջարդին, տեսել է՝ ինչպես են փոքր քրոջը նետում այրվող մարագը:

Image: 
Text: 

Եղիսաբեթ Գառնիկյանը
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Եղիսաբեթը հրաշքով փրկվել է, միանալով գաղթականների՝ փորձել հասնել Արեւելյան Հայաստան: Ճանապարհին նրանց հանդիպել է Անդրանիկ զորավարը եւ փախստականների այլ խմբերի հետ իրենց ապահով հասցրել Հայաստան: Տատիկը պատմում էր, որ Անդրանիկը ճանապարհին բոլոր տղամարդկանց զգուշացրել է, որ չհամարձակվեն խեթ աչքով նայել եւ ո՛չ մի կնոջ ու աղջկա, այլապես իր հետ գործ կունենան: Իսկ երբ նրանց հասցրել է ապահով վայրեր ու պետք է թողներ մարդկանց ու նորից ետ գնար նոր խմբեր փրկելու, Անդրանիկը խորհուրդ է տվել ընտանիքներ կազմել, քանի որ համատեղ ավելի հեշտ կլինի հիմնվելու վայր գտնել ու տնավորվել: Այսպես Եղիսաբեթն ու գաղթականներից ցրոնքցի Վահան (Վանո) Սարգսյանն ընտրում են միմյանց ու դեգերումներից հետո հիմնվում Թալինի Սուսեր գյուղում:

Image: 
Text: 

Վահան Սարգսյանը և Եղիսաբեթ Գառնիկյանը
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Եղիս տատն ու Վահան պապը վեց զավակ են ունենում՝ հինգ որդի եւ մեկ դուստր. Արամը, Լեւոնը, Վարդգեսը, Արուսյակը, Աշոտը եւ Ռուբենը, ովքեր այսօր մեծ ու հայտնի գերդաստան են Թալինի շրջանում: Սակայն այս ընտանիքը պետք է դեռ 1937թ, բռնարարքներն էլ տեսներ. Վահան պապը դաշնակցականի խարանով գնդակահարվում է 37թվականին:

Տարիներ անց՝ 1965 թվականին, երբ արդեն ամուսնացած էին Եղիս տատի բոլոր զավակները, լուր է հասնում, որ կարող են ֆրանսիական «Յումանիտե» թերթում հայտարարություն տպել իրենց հարազատներին փնտրելու մասին: Եղիսաբեթ տատի մեծ հարսը՝ Շողիկը, փնտրելիս է լինում իր հորեղբոր ընտանիքը եւ որոշում է իրենց տվյալներն ուղարկել թերթին, նամակում գրում է նաեւ Եղիսաբեթ տատի Վարդգես եղբոր մասին, ով 1915 թ.-ին սովորում էր Մշո Սուրբ Կարապետ վանքում եւ ումից ոչ մի լուր չունեին: Նամակը տպվում է «Յումանիտեում», եւ այն տեսնում է Եղիսաբեթի քույր Ազնիվի դուստր Մարգարիտը, ով ուներ նաեւ Վարդգես անունով եղբայր: Բոլոր տվյալները համադրելով՝ հասկանում են, որ գտնվել է Ազնիվի քույրը եւ նամակ են գրում Սովետական Հայաստան՝ Եղիսաբեթ տատիկին:

 

Image: 
Text: 

Ազնիվ Գառնիկյանը՝ ամուսնու՝ Հայկի և դստեր՝ Մարգարիտի հետ
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Անսպասելի նամակն ստանալով՝ բոլորն ուրախանում են, բայց Եղիսաբեթը չի կարողանում հավատալ, անընդհատ թերահավատորեն ասում է, որ սխալվել են, հաստատ իր քույրը չէ: Պատասխան նամակում այդպես էլ գրում են, որ Եղիսաբեթը տեսել է, թե ինչպես են իր փոքրիկ քրոջը նետել կրակների մեջ ու չի հավատում, որ Ազնիվը ողջ է: Այնուհետեւ ստանում են երկրորդ նամակը:

Ազնիվը պատմում է, որ ինքը դուրս է թռել այրվող մարագից ու իրեն հետապնդող թուրքի ձեռքն ուժեղ կծել է ու փախել: Իսկ Եղիսաբեթին, որպես հավաստում, պատմում է մի դրվագ իրենց մանկությունից. «Հիշո՞ւմ ես, մեր հայրական տան բակում մի մեծ քար կար մեջն անցքով՝ «բլքար» էինք ասում, ես փոքր էի ու կարողանում էի անցնել դրա միջով, իսկ դու՝ չէիր կարողանում»:

Այս տողերը կարդալուց հետո Եղիսաբեթն այլեւս չի կասկածում՝ գտել էր իր թանկագին քրոջը:

Image: 
Text: 

Քույրեր Եղիսաբեթ և Ազնիվ Գառնիկյանները
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Ազնիվը փոքր էր ցեղասպանության տարիներին՝ 5-6 տարեկան, ամենայն հավանականության, շատերի օգնությամբ հասել է Թուրքիայի մյուս ծայր, նավով գնացել  Իտալիա, հետո էլ՝ Ֆրանսիա: Ընտանիք է կազմել ու ապրել Լիոն քաղաքում: Ֆրանսիական «Յումանիտե» թերթի օգնությամբ քույրերը գտնում են իրար, Ազնիվը գալիս է Հայաստան, հանդիպում քրոջն ու նրա ընտանիքին:

Image: 
Text: 

Ազնիվ Գառնիկյանը քրոջ՝ Եղիսաբեթի ընտանիքի հետ
Երեւան, Հանրապետության Հրապարակ
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Եղիսաբեթ տատիկը մի հուզիչ դրվագ էր պատմում, որ «փախեփախի» ժամանակ հարեւան գյուղերից մեկում, որի բոլոր բնակիչներին կոտորել էին, հաջորդ առավոտյան թուրքերը տեսել են, որ գյուղի բոլոր երդիկներից ծուխ է դուրս գալիս՝ կարծես գյուղը կենդանի է: Սարսափել  են, խառնվել են իրար, ջոկատ են ուղարկել, որ տեսնեն` ինչ է կատարվում: Գնում-տեսնում են` ոչ ոք չկա. այսպես մի քանի օր, սկսում են մտածել, որ ինչ-որ գերբնական ուժ է գործում: Սակայն հետո պարզում են, որ գյուղում հրաշքով փրկված է լինում մի «խելառ կին», ով ամեն առավոտ գյուղի բոլոր թոնիրներում կրակ է վառել իր գյուղը, իր պատկերացմամբ, «կենդանի» պահելու համար:

Եղիսաբեթ տատիկին փրկել է Անդրանիկի ջոկատը, Ազնիվ մորաքրոջն էլ՝ վստահաբար շատերն են օգնել, որ երեխան կարողացել է հասնել մինչև Ֆրանսիա: Մեր երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցանկացած փրկված հայի: 

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Սարգսյանների ընտանիքի հարսը՝ Վահան (Վանո) Սարգսյանի թոռան՝ Արտակ Սարգսյանի կին Լուսինե Ալեքսանյանը:

Subtitle: 
Եղիսաբեթը չէր հավատում, որ այրվող մարագը նետված քույրը կարող է ողջ լինել
Story number: 
48
Author: 
Ընթերցողի պատմություն․ Լուսինե Ալեքսանյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Header image: