Սվետլանա Ասլիկյան
Ընթերցողի պատմություն. Սվետլանա Ասլիկյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Մորական տատս՝ Թավրիզ Հակոբի Ղազարյան-Ստեփանյանը ծնվել է 1888թ. Ալաշկերտում (այժմ՝ Էլեսկերտ, հյուսիս-արեւելյան Թուրքիա): 1915-1920թթ. թուրքերը դաժանաբար սպանել են նրա 9 զավակներին եւ ամուսնուն՝ Եգորին, որն Ալաշկերտում մեծահարուստ է եղել: Թավրիզին փրկել է իր ընտանիքի քուրդ ծառան, որը նրան 15 օր պահել է իր տանը մինչեւ Թավրիզի հայրը եկել է նրա հետեւից:
Թավրիզի հայրը՝ Հակոբը, Կամսարականների տոհմից է եղել, ռուսական զորքին հաց է մատակարարել: Ռուս զինվորականը հայտնել է, որ մեծ կոտորած է լինելու, եւ նա իր 4 որդիներին, աղջկան՝ Իսկուհուն եւ կնոջը՝ Բայազետին փախցրել է Թբիլիսի: Հետո Հակոբը վերադարձել է Ալաշկերտ իր՝ արդեն առանձին ընտանիք ունեցող աղջկան՝ Թավրիզին փրկելու: Հայր ու աղջիկ ոտքով հասնում են գնացքին: Ճանապարհին Հակոբը հիվանդանում է եւ գնացքում խոլերայից մահանում. նրան գնացքից դուրս են գցել:
Մորական պապս՝ Արշակ Խաչատուրի Ղազարյանը, ծնվել է 1870թ. Կարինում (այժմ՝ Էրզրում, Թուրքիա): 25 տարեկանում հեռացել է Կարինից՝ թողնելով հարազատներին ու տունը եւ բնակություն հաստատել Կարսում, որտեղ էլ կառուցել է մեծ տուն՝ 12 սենյականոց: 1918-1920թ թուրքերն սպանում են նրա կնոջը՝ Սրբուհուն, ու տղային՝ Գրիգորին: Նա Կարսի տան բանալիները տալիս է իր փայտամշակման արհեստանոցում աշխատող թուրքին՝ ասելով, որ անպայման կվերադառնա: Արշակն իր մյուս տղային՝ Վարդանին, փախցնում է Գյումրի: Փախչելով կարողանում են փրկվել նաեւ Արշակի դուստր Արաքսին՝ ամուսնու Ալեքսի եւ որդիների՝ Վիկտորի եւ Վոլոդիայի հետ:
Տատս եւ պապս Գյումրիում են հանդիպում եւ ամուսնանում: Մայրս՝ Սեդա Արշակի Ղազարյանը, ծնվել է 1923թ.: Նա, ի հիշատակ իր սպանված քույր-եղբայրների, ունեցել է 7 երեխա: Մայրս մահացել է 91 տարեկանում Երեւանում:
Մեծ պապիկիս փրկել է թուրքերից ռուս զինվորը, տատիկիս՝ քուրդ ծառան. շնորհակալ եմ նրանց:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Սվետլանա Ասլիկյանը: