Լարիսա Աֆանդյան

Armenian
Intro: 
«Գիտակցում եմ, որ աշխարհի եզակի ազգերից մեկի ներկայացուցիչն եմ, որ մենք տեսել ենք Եղեռնի, բայց կարողացել ենք ուժ գտնել եւ գոյատեւել. hպարտ եմ իմ ազգի տոկունությամբ եւ վերածննդի ուժով: Ցեղասպանությունից փրկվել են պապիկս, տատիկս եւ պապիկիս հորաքույրը: Պապիկս փախել է գնդակահարությունից, տատիկս եւ պապիկիս հորաքույրը գաղթել են Վրաստան»,- գրում է Լարիսա Աֆանդյանը:
Weight: 
-60
Related content: 
Story elements: 
Text: 
Ընթերցողի պատմություն. Լարիսա Աֆանդյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
 
Ես գիտակցում եմ, որ աշխարհի եզակի ազգերից մեկի ներկայացուցիչն եմ. մենք տեսել ենք Եղեռն, բայց կարողացել ենք ուժ գտնել եւ գոյատեւել` հպարտ եմ իմ ազգի տոկունությամբ եւ վերածննդի ուժով: Ցեղասպանությունից փրկվել են պապիկս, տատիկս եւ պապիկիս հորաքույրը: Պապիկս փախել է գնդակահարությունից, տատիկս եւ պապիկիս հորաքույրը գաղթել են Վրաստան:
 
Պապիկս` Պողոս Մարգարյանը, ծնվել է 1895թ. Արեւմտյան Հայաստանում` Մուշ գավառի Փիոնք գյուղում: 1914-15թթ.թուրքական իշխանությունները պարբերաբար Մուշ գավառի Փիոնք գյուղից եւ մյուս բնակավայրերից երիտասարդ հայ տղամարդկանց զորահավաք էին անում` խոշտանգելու նպատակով: Պապիկիս մեծ եղբայրը` 1890թ. ծնված Մարգար Մարգարյանը, խուսափելով հետեւանքներից, հարազատների մի մասի հետ 1914թ. հեռանում է Մուշ քաղաքից դեպի Կոնստանդնուպոլիս: Խզվում է կապը նրա հետ եւ նրա հետագա ճակատագրի վերաբերյալ որեւէ տեղեկություն մինչեւ օրս հայտնի չէ:
 
1914թ. աշնանը պապիկս ամուսնանում է տատիկիս`1900թ. ծնված Սայրո Ավետիսի հետ: 
Image: 
Text: 

Լարիսա Աֆանդյանի պապիկը եւ տատիկը՝ Պողոս Մարգարյանը եւ Սայրո Ավետիսը

1914թ. թուրքական իշխանությունները շարունակում են երիտասարդ հայ տղամարդկանց զորահավաքը: Թուրքերը նրանց հեռացնում էին իրենց բնակավայրերից եւ խոշտանգելով սպանում` թողնելով մարմինները մոտակա ձորակներում: Երբ թուրքերը հեռանում էին, հարազատները գիշերով փնտրում էին իրենց մտերիմներին եւ դիերը հանձնում հողին, որպեսզի գիշատիչները եւ ագռավները չհոշոտեն նրանց: 1914թ . աշնանը թուրքերը կրկին սկսել էին զորահավաք: Այս անգամ տարան նաեւ իմ պապիկիս: Պապիկս պատմում էր, որ իրենց տարան դեպի մոտակա ձոր, զինաթափեցին եւ գրեթե բոլորին գնդակահարեցին: Երբ մութն ընկավ՝ թուրքերի հեռանալուց հետո, պապիկս եւ մեկ ուրիշ երիտասարդ, որոնք թաքնվել էին ձորակում, դիմեցին փախուստի: Ճանապարհն անապատային էր, ցերեկները թաքնվում էին, իսկ գիշերները՝ քայլում: Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանք հասնում են Վրաստանի սահման, ապաստան գտնում Թիֆլիս քաղաքում (այժմ՝ Թբիլիսի), որտեղ մարդիկ իրենց ապահով էին զգում եւ կարող էին զբաղվել իրենց արհեստով: Պապիկիս հարազատները եւ տատիկս սպանվածների մեջ փնտրում էին պապիկիս դին, բայց չգտնելով նրան, մտածում են, թե տարել են էլ ավելի հեռու եւ այնտեղ են սպանել: 

Մնալ հարազատ բնակավայրում այլեւս հնարավոր չէր.թուրքերը չէին խնայում նույնիսկ տարեց մարդկանց եւ երեխաներին: Տատիկս ընդամենը մի քանի ամիս էր ամուսնացած, երբ պապիկիս թուրքերը տարել են: Նա ստիպված իր ամուսնու` ողջ մնացած հարազատներից Նուբար հորաքրոջ հետ, լքում է իրենց տունը` բռնելով գաղթի ճամփան: Նա իր հետ է վերցնում միայն այն զարդերը, որոնք պապիկս նվիրել էր ամուսնության օրը (վզնոց եւ կրծքազարդեր): 
Image: 
Text: 
Սայրո տատիկի Մուշից բերված զարդերը
 
Փրկությունը հյուսիսում էր` դեպի Վրաստան: Գաղթականների խմբին ուղեկցում էին թուրք ոստիկանները, որոնք զենքերով հարվածում էին կանանց ոտքերին, այդ թվում՝ պապիս հորաքրոջ, որպեսզի  նրանք չկարողանան քայլել: Նուբար հորաքույրն արյունոտված ոտքերով կարողանում է շարունակել ճանապարհը: Մուտք գործելով Վրաստան՝ գաղթականները սկզբնական շրջանում պատսպարվում են Թիֆլիսի հայկական եկեղեցու բակում:
 
Այդ ժամանակ պապիկս արդեն աշխատում էր շինարարությունում: Ամեն անգամ նոր գաղթականներ գալուց հետո հարազատներին փնտրելու կամ որեւէ լուր ստանալու նպատակով անհույս, բայց, այնուամենայնիվ, գնում էր հայկական եկեղեցու բակ: Այս անգամ բախտը, կարծես, ժպտաց եւ եկեղեցու բակում հանդիպեց իր կնոջը`տատիկիս, եւ իր հորաքրոջը, որն արդեն անդամալույծ էր: Հորաքույրն ամբողջ կյանքն ապրեց պապիկիս ընտանիքի հետ՝ առանց քայլելու հնարավորության: Տատիկս եւ պապիկս վերամիավորվեցին Թիֆլիս քաղաքում 1915թ նոյեմբերի 11-ին: Ուղիղ 20 տարի անց նույն օրը` 1935թ. նոյեմբերի 11-ին զագսավորվել են Թիֆլիսում (Ամուսնության վկայական  թիվ 138): 
Image: 
Text: 

Սայրո տատիկի Մուշից բերված գոտին

Տատիկս այդ օրը կրել է Մուշից իր հետ բերած զարդերը: Նրանք ունեցել են երեք որդիներ. հայրս` Մարգարը, ծնված 1928թ., որի անունը պապիկս դրել է՝ ի հիշատակ իր եղբայր Մարգարի, եւ Լեւոնն ու Սարգիսը, որոնք զոհվել են 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: 1935 թվականից պապիկս աշխատել է Թիֆլիսի Ծխախոտի թիվ 2 գործարանում, կառուցել է սեփական տուն, որտեղ մինչեւ օրս ապրում են իր թոռները: Պապիկս մահացել է 79 տարեկանում, տատիկս` 76: Նրանց եւ հորաքույր Նուբարի աճյունները հանգրվանում են Թիֆլիսի կենտրոնական գերեզմանատանը:

Ես ճանաչվել եմ ցեղասպանության զոհերի ժառանգորդ նաեւ իրավական մակարդակում. պապիկիս եղբայր Մարգարի (Marcarian Marcar Costantinople 104618 Union Vie) իրավահաջորդ լինելու մասին 2007թ. հայտ եմ ներկայացրել AXA Settlement Claim հիմնադրամ: Համապատասխան փաստաթղթերի առկայությամբ՝ ստացել եմ Լոս Անջելեսի կենտրոնական շրջանի դատարանի կողմից 2012թ. հունիսի 14-ին հաստատված վճիռ, որով ճանաչվել եմ ցեղասպանության զոհերի ժառանգորդ: 
 

*Լուսանկարները տրամադրել է Լարիսա Աֆանդյանը:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Լարիսա Աֆանդյանը:

Subtitle: 
«Նա իր հետ է վերցնում միայն այն զարդերը, որոնք պապիկս նվիրել էր ամուսնության օրը»
Story number: 
119
Header image: